Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/423

Այս էջը հաստատված է

Մեք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։

Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած հայը, ոչ միայն ճնշված օտարներից և բարբարոսներից այլև յուր հարուստներից, յուր հոգևորներից և, կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից, ահա այն հայը ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը։

Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքը է մեր կյանքի բուն խորհուրդը և նպատակը։ Եվ այս նպատակին հասանելու համար չէ պիտո ընկրկինք ոչ բանտի և ոչ աքսորի առաջև, ոչ միայն բանիվ և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և սրրել մեր արյունով։

Ահավասիկ մեր դավանությունը, որի մեջ տեսանամ ենք ազգի փրկությունը։

Քրքրելով մեր անբախտացած ազգի թշվառությունների տարեգիրքը, ինչ ենք տեսանում։

Ո՛րտեղ մի գայթակղություն, որի պատճառը չէր եկեղեցական, որտեղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական, որտեղ խռովություն, որի խմորը չէր եկեղեցական։

Այո՛, Ժամանակը լցված է, ուստի և հրապարակի առաջև ասում ենք, տերութենական լրտես՝ եկեղեցական, ազգը մատնող և դավաճանող եկեղեցական, փառքի և պատվանշանի համար, թողունք նյութական կողոպուտը․․․ կաթողիկոս թունավորող՝ եկեղեցական, եկեղեցի կողոպտող եկեղեցական, չարաչար արբեցության համար պատուհասվելուց փախչելով, յուր եկեղեցուն դրժող և դեպի պապականություն դիմող՝ եկեղեցական, կաթողիկոս չընտրվելու համար հավատն ուրացող՝ եկեղեցական, հրապարակյալ ճակաճանության մասին դատաստանից խիթալով վեղարը գետնին զարկող, կրոնավարական կարգը ուրացող և մինչև յուր անասնական կյանքի վերջը բոզի հետ կենակից՝ եկեղեցական, դպրոցների գումարը անհետացնող՝ եկեղեցական, ի վերջո ամեն բան, եկեղեցական. վասն զի ձանձրալի է մի ըստ միոջե թվեր։

Իրավունք չունե՞ր արդյոք Հյուսիսափայլ հայոց եկեղեցու ոտքից մինչև գլուխ ռեֆորմը պահանջելու։