Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/430

Այս էջը հաստատված է

Մինչև այժմ վերացականությամբ ապրեցանք, որ, ուրիշ խոսքերով, ասել է մեռանք, մի՞թե պետք չէր մի փոքր կյանքի վերա ևս մտածել ...

Տարիները վազում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են, որպես մի վայրկյան։ Վախենում ենք և իրավունք ունինք վախենալու, թե մի՛ գուցե, մինչև հայը կշտանա յուր մահանման քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքև...

Շատ ազգեր պատահեցան անբախտության, բայց այդ չեղավ նոցա համար հավիտենական մեռելություն։

Աքսորվեցան, կախվեցան, գլխատվեցան և այրվեցան, բայց նոցա հոգին կենդանի մնաց, յուրյանը ամայացած հայրենիքի փլատակների մեջ։

Հայրենիքի օդը, սարերը և անտառները, խոր գիշերի լռության մեջ,– դարերով շշնջեցին այդ նահատակների վերջին րոպեում արած բողոքների արձագանքը։

Եղո՜ւկ ձեզ, Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր և Հայաստանի նվիրակա՛ն անտառներ։ Այրարատից մինչև Տորոս, ստիպված եք դուք հնչեցնել միայն, հեկեկանքը և հռնդյունքը Հայաստանի որբ զավակների, հարստահարողների և եկեղեցականների գավազանի տակից։

Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարողների կյանքը, մինչև մի ժամանակ, իսկ երբ մինչև բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետև նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները։

Նոքա ապրեցան և քրտնեցան ընդհանուրի օգտի համար, լավ հասկացած լինելով, թե սո՜ւտ է մասնավորի քաջարախտությունը, առանց ընդհանուրի երջանկության։

Նոքա չկաշառվեցան օտարներից... Նոքա չնենգեցին յուրյանց ազգին, նոքա չվաճառեցին յուրյանը գրիչը... Նոքա արհամարհեցին օտարի տված պատիվը և աշխատեցան գժպհի պատվանշանների տեղ կրել յուրյանը ազգության անունը, այլև վերքերի սպիք, որոնց արժանացել էին մարտիրոսաբար, ազգի ազատության անունով։

Ի՜նչ մնաց մեզ մեր անցած օրերից, ի՛նչ վիճակի մեջ ենք ներկայումս, ի՛նչ ճանապարհ է մեր գնացածը և ո՜ւր է դորա ելքը։

Սոքա են ահա խնդիրքը, որ ամենայն բանական հայ պարտակա՜ն է լուսափայլ կացուցանել ազգի ընդհանրության առաջև։

Լռություն... Պատվելի Այվազովսքին մեր մինչև այժմ գրածների համար ևս պատրաստվում է հերետիկոս անունով մեզ վերստին մկրտելու։

Բայց որովհետև, մեք երկյուղ չունինք անունից, ուստի և ընդունում