Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/452

Այս էջը հաստատված է

– Հայրենիքի բարիքը և ծանրությունը հավասարաչա՞փ պատկանում են մեզ։

— Այո՛։

— Ուրեմն, ի՛նչպես հավասարություն է այս. դու ունիս այսչափ հող, իսկ ես ոչինչ, քո բաժին միայնակ վայելում ես հայրենիքի բարին, իսկ ես քո հավասար կրում եմ միայն ծանրությունը։ Բաժի՛ն տուր ինձ քո հողից, մեք մի հայրենիքի որդիք ենք, եղբայր ենք։ Ինչպես քեզ հարկավոր է ապրուստ, նույնպես և ինձ, ինչպես դու կրում ես հայրենիքի բեռը, նույնպես կրում եմ ես։ Բաժի՛ն տուր ինձ քո հողից, այն ժամանակ ես չեմ աշխատելու բռնի. ես կզգամ ինձ ազատ, մեր իրավունքները կհավասարվին, և ճշգրիտ եղբայրությունը երևան կելնե։

— Հողը իմ սեփականությունս է... Խոսքը բերանը մնաց։ Այն կողմից կտրիճի մինը, երկաթի տրամաբանությամբ, հարվածը իջեցուց նորա գլխին։

— Սեփականությունը գողությո՛ւն է,— ասաց նա այրական ծանրությամբ և կանգնեցավ։

Սեփականությունը այն բանի, որ, առանց մեր աշխատության, բնությունը դնում է մեր առջև, գողություն է, ավազակությւն և հափշտակություն, եթե մինը առնու հարյուրավոր, հազարավոր, իսկ մյուսը ամենևին ոչինչ։ Այլ խնդիր է աշխատությամբ ձեռք բերված այն բանը, որ բնությունը չէ պահում յուր գոգում, որ բնությունը չէ պատրաստում, անմիջապես, որ մարդը արվեստական ճանապարհով է պատրաստել և ի վերջո որի արժեքը պայմանական է, մի խոսքով դրամը, որ մարդը վաստակել է։ Բայց հողը նա չէ վաստակել, հողը նա չէ շինել, հողը բնությանն է։

— Պարոն, չափդ ճանչցիր, ես գող չեմ, ես հողը չեմ հափշտակել, ես ձրի չեմ առել, դրամով է գնել իմ հայրս, իմ պապս։

— Ինձ ի՛նչ փույթ։ Բռնակալությունը, որ նույնն է թե ավազակություն, վաճառել է քեզ հասարակաց ազգի սեփականությունը։ Ոչ նա իրավունք ուներ վաճառելու և ոչ դու իրավունք ունեիր գնելու, նա՛ գող է և դու գողակից, որովհետև երկրագունդը անհատի սեփականություն չէ, նորա վերա ապրում են և պիտի ապրին բոլոր նորա որդիքը անխտիր։

— Բայց, եթե ես իմ հողը կիսեմ քո հետ, ես կքանդվիմ, ես մինչ ցարդ ապրում եմ նորանով. ի՛նչ կլինի հետո իմ ժառանգների և իմ սերունդի վիճակը, երբ իմ հողի քանակությունը փոքրացրել էի։

— Դու մտածում ես քո ապրուստի համար, աչքիդ առջև ունիս քո ժառանգների և քո սերունդի ապագան, իսկ ես, որ ոչինչ ունիմ, ինձ ապրուստ պետք չէ՞. իմ ժառանգները և իմ սերունդը, որ ինձանից հետո