Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/47

Այս էջը հաստատված է

— Ինչպես չէ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։

— Տեսանո՛ւմ ես,— ասաց Շահումյանցը,— դու ես, որ ձևը ընդունում ես գոյության տեղ. կղմինդրը թրծած էր հողից, այնպես չէ՞։

— Այո՛,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։

— Շատ լավ,— ասաց Շահումյանցը,— հողը կղմինդր դառնալով, մի՞թե միևնույն հողը չէր, միայն ուրիշ կերպարանքով, ինչպես դու ասում ես։

— Ամենևին այդպես,— ասաց Թյությունճի-Օղլուն։

— Ուրեմն,— բացականչեց Շահումյանցը,— եթե կղմինդրը փոխել էր մյուս անդամ յուր ձևը և ստացել էր յուր աոաջին կերպարանքը, մի՞թե կարելի է ասել, թե նա չքացավ, ես տամ քեզ ի՞նչ բան կամիս և դու չքացար» եթե կտրես։

— Ապա մի փայտ տո՞ւր ինձ, ես կայրեմ և կչքացնեմ նորան,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։

— Մի՞թե մոխիրը, որ կստանայիր փայտից, քո աչքումը ոչինչ էր. ոչինչ չէ՛ տեսանվում և չէ՞ շոշափվում, բայց մոխիրը ընդհակառակն և տեսանվում է, և շոշափվում է...

— Ես ընդդեմ չեմ դորան. բայց փայտը կորուսանում է յուր փայտությունը,— կտրեց խոսքը Թյությունճի-Օղլուն,— մոխիրը այլ է, փայտը այլ. դու ինձ կղմինդրի օրինակովը փոքր մնաց, որ պիտի հավանեցնեիր, բայց երկրորդ օրինակդ հարմար չէ և ես շատ ուրախ եմ, որ շփոթվեցար։

— Ի՞նչ զանազանություն կա առաջին և վերջին օրինակների մեջ,— հարցրեց Շահումյանցը։

— Այն,— պատասխանեց Թյությոլնճի-Օղլուն,— որ առաջին օրինակդ, այսինքն կղմինդրը, հողից շինված լինելով, դաոնում էր դարձյալ դեպի հող, և այդ փոքր հավանելի էր, իսկ փայտը դաոնում է մոխիր, մի՞թե փայտը մոխրից է շինած։

— Փայտը միայն մոխրից չէ շինած,— ասաց Շահումյանցը, որ քաջ տեղյակ էր քիմիայի,— այլ նորա մեջ կան զանազան բաներ, զոր օրինակ, փայտանյութ, կուպր, ջուր, օսլա, սոսինձ և աղեր, և այս բոլորի բաղկացուցիչ տարրական մասունքը երեք են — ջրածին, թթվածին, ածխածին, և այսպես փայտը ենթարկվելով այրողության, այսինքն քիմիական վերլուծության, բաժանվում է յուր բաղկացուցիչ նյութերից և տարերքից, նորանցից ջրածինը, միանալով օդի մեջ գտնված թթվածնի հետ, ջուր է դառնում, և ջերմության միջնորդութենով, որ ստանում էր կրակից, շոգի դարձած ցրվում է օդի մեջ. ածխածինը միանալով օդի թթվածնի հետ, շինում է երկու տեսակ բաղկացություն, մինը ածխաթթու