Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/482

Այս էջը հաստատված է

Նորա գործունեությունն է, որ այսօր պատգամ է տալիս բոլոր երկրագունդին: Շվեդիայի սառնամանյաց մեջ, նա, արվեստով և բյուր հոգաբարձությամբ հառաջ է բերում այն, ինչ որ առանց աշխատության բնությունը ինքը կարող է մեզ տալ Ասիայում, եթե միայն լինի մեր մեջ ստանալու ձգտողությունը։ Եվրոպական հողը, անդադար ներգործելով, կարոտ է այժմ արվեստական հնարների, բուսաբեր և արգավանդ լինելու համար, մինչդեռ ասիական հողը մնացել է մինչև այժմ յուր կուսական վիճակի մեջ անձեռնամերձ, անարատ։ Ո՛ւր թողանք այն բերքերը, որ ոչ արվեստը և ոչ գիտությունը կարող են հառաջ բերել Եվրոպիո մեջ, և որ այնպես առատորեն պարգեվել է բնությունը Ասիային։

Անգլիո երկրագետքը և տնտեսականքը, հաշվի տակ դնելով յուրյանց հողի մեջ եղած բոլոր ածուխի հանքերը, նոցանից դուրս եկած ածուխը, և Անգլիո տարեկան ածուխի պետքը և գտանելով, որ հարյուր երեսուն տարուց հետո Անգլիան չպիտի ածուխ գտնե յուր հողի մեջ, ահա այս երկու տարի է, որ «Երեմիայի ողբ» են կարդում յուրյանց գլխին, իսկ Ասիան մոռանում է միշտ երեկը. այսօրը է նորա աստվածը, որ պաշտում է, վաղը ի՛նչ կամի թող լինի, ո՛վի բան ու գործը կտրվել է, որ վաղվա համար մտածե։ Մեք կարծում ենք թե, ավելի շուտով, այս բնավորությանց մեջ է Եվրոպիո և Ասիո տարբերությունքը։ Այո՛, գործունեությունը, շարժողության հետևանք է, և առանց շարժողության չկա գործունեություն։ Ուր չկա գործունեություն, ասել է չկա շարժողություն, իսկ ուր շարժողություն չկա, այնտեղ կյանք չկա, այնտեղ թագավորում է մահը: Այսպիսի դիպվածում անունը հանցանք չունի: Եվրոպայի մի ոտնաչափ հողը ևս հաշված է, իսկ Ասիո մեջ կարծեմ գտնվին տեղեր, ուր տասն տարին մի անգամ, և այն դիպվածով, հազիվ ոտք է կոխում մի մարդ։

Եվրոպան ուշ ծնեցավ, բայց շատ արագ ծերանում է։ Միքանի դարու մեջ նա անցավ պատմության շատ կերպարանքներ՝ phase, փոփոխեց և փոփոխում է դեռևս կառավարությանց ձևերը, բայց ցարդ չհասավ յուր նպատակին, որովհետև միշտ աշխատեցավ ճանապարհը լայնացնել, ուղղել, հարթել, մոռանալով, որ յուր նեղությունը ճանապարհից չէ այնքան, որքան ոտքի կոշկից, որ սեղմում է և չէ թողնում ման գալու։ Այսպիսի դժբախտության մեջ ի՛նչ կօգնե ճանապարհի լայնությունը, քանի որ կոշիկը նեղ է։ Այո՛, Եվրոպան կանգնած է այսօր մի դժվար լուծանելի խնդրի առջև, այդ տնտեսական խնդիրն է, մարդը և հացը: Եվ այդ խնդիրը, կանուխ թե ուշ, թեև սոսկալի փոթորիկներով,պիտի լուծվի։ Ոչինչ բռնություն, ոչինչ պահպանողական համակարգություն, ոչինչ ընդդիմադրություն, որևիցե կողմից, չէ պիտո կարողանա փակել նորա առաջքը, թեև այսօր հալածակա՜ն և աքսորակա՜ն են այդ ապագայի մարգարեքը և առաքյալքը։