Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/486

Այս էջը հաստատված է

անձնական օգտին և յուր անձնական ապահովության համար, ինչպես շատ տեղ վնասում է նա մի ուրիշ անհատի անձին և օգտին, այնպես ևս մարդերի հավաքական անձնավորությունը,— ազգությունը, պահում է և պաշտպանում է յուր օգուտը և ոտքի տակ է կոխում ուրիշ յուր պես անձնավորության շահը։ Ազգը, այսինքն, կենդանի մարդերի մի ահագին բազմություն, համարվում է կենդանի, եթե կա և չէ մեռած նորա հավաքական անձնավորությունը — նորա ազգությունը. համարվում է դարձյալ մեռած, դատապարտված և իրավունքից զրկված, եթե չկա այլևս նորա ազգությունը։

Վերևում ասացինք, որ ազգի մահը անհատի մահի պես չէ՛. ասացինք, որ ազգը չէ մեռնում ֆիզիկապես. ի՛նչպես, ուրեմն, մեռնում է ազգությունը։ Մահը անհասկանալի է, եթե չգիտենք կյանքը, ուրեմն հառաջ կյանքը։

Ի՛նչ է կյանքը։

Կյանքը է անդադար շարժողություն, նյութերի անդադար փոխանակություն և անձնապահություն։ Արտաքին ուժերը ներգործում են էակի վերա (սովորական ոճով խոսելով) ավերողապես, էակը անդադար շարժում է, ընդունում է նյութեր, դուրս է տալիս նյութեր և քանի որ կարոդ է շարժիլ և այս գործողությունը կատարել, նա ունի յուր ներսում ուժ և զորություն, որ դեմ է գնում արտաքին ավերիչ ուժերի ազդեցության և քանի որ կարողանում է նոցա դեմ գնել, պահպանում է յուր անձը,— ապրում է։ Բայց երբ էակի ներքին և արտաքին ավերիչ ուժերի մեջ ընկնում է հավասարակշիռը, երբ էակը չէ կարող յուր ուժով դեմ դնել արտաքին ազդեցությանց, նա չէ կարող պահպանել յուր անձը և այն րոպեին մեռնում է։ Արտաքին ուժերը հաղթահարում են նորան և լուծում են նորա կազմվածքը։

Ազգությունը ապրում է, եթե նորա մեջ կա, արտաքին, ավերիչ ուժերի հավասարակշիռ զորություն․ թե ի՛նչ է այդ զորությունը, մեք հետո կխոսինք, այժմ այսչափ միայն հարկավոր է ասել, որ եթե չկա այդ զորությունը, արտաքին ուժերը հաղթահարելով ազգությունը, լուծում են նորա կազմվածքը։ Եվ ինչպես բնական էակները կորուսանելով յուրյանց ուժը, հաղթահարվելով արտաքին ուժերից մեռնում են, և ինչպես նոցա կազմվածքի մեջ մտած նյութերը, լուծվելով կազմվածքից, շարունակում են յուրյանց կյանքը, կազմելով մի այլ էակ, կամ իբրև նյութ, պիտոյանալով այլ կազմվածքի, այնպես ևս ազգությունը մեռնելուց հետո նորան բաղկացնող անհատները ընդունում են այլ բարոյական կերպարանք, կազմելով մի առանձին ազգություն, ա՛յլ պայմանների տակ․ կամ մտանում են ուրիշ ազգությանց կազմվածքի մեջ։