Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/491

Այս էջը հաստատված է

ունի շինականից գնելու, նույնպես և շինականը իրավունք չունի ուրիշի վաճառելու։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Անգլիան ամիսը երեք շոգենավ ափիոն բռնությամբ ներս է տանում Չինաստան, թունավորում է մարդկությունը և այդ թույնի փոխարեն ամիսը երեք շոգենավ արծաթ է ստանում. այս անբորայականություն է։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Իռլանդիան, յուր աշխարհագրական դրությամբ, յուր բնական սահմաններով, յուր կրոնքով, սովորությամբ և ավանդությամբ բոլորովին հեոի է Անգլիայից, քանքարավոր մարդերով ավելի ճո՛խ է, քան թե ինքը Անգլիան, բայց Անգլիան հակառակ նորա կամքին, պահում է նորան յուր ձեռքի մեջ, և Թեյմսը շատ ժամանակ չէ որ հրատարակեց, թե Իռլանդիո անկախության աշխատողքը իբրև տերության ընդդեմ ապստամբք, կարո՛ղ են դատապարտվիլ դեպի թիարան...

— Քաղաքակրթություն է տարածում։

— Պապը «իմ թագավորությունը այս աշխարհից չէ՛» ասողին երեսփոխան քարոզելով յուր անձը, հակառակ յուր վարդապետի հրամանին, բռնացել է այս աշխարհի վերաբերյալ հողի վերա, որ պատկանում է Իտալիային, և երբ խնդիրները սկսում են սաստիկ հուզվիլ, երբ առաջարկությունք առաջարկությանց քամակից հասնում են նորան, թողուլ այս աշխարհի թագավորությունը, նա չէ հոժարում և հիվանդանալով մահիճ է ընկնում...

— Քաղաքակրթություն է տարածում։

— Ավստրիան, յուր 8 միլիոն ձկնարյուն ավստրիացիներով բռնացել է Լոմբարդիո վերա և չէ կամենում Վենետիկը ձեռքից թողուլ։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Մորթել է Հունգարիան, խեղդել է Գալիցիան, Դալմատիան, Բոհեմիան և այլ գավառներ ու ազգեր։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Պրուսիան, Լեհաստանի մահվան առաջին պատճառը, հափշտակել է նորա Պոզնայնի դքսությունը ե խեղդում է..․

— Քաղաքակրթություն է տարածում։

— Ռուսական բանտերը լցվեցան լեհացիներով․ կարծեմ շուտով Սիբիրի մեջ ավելի շատ պիտի լինի լեհացի, քան թե Լեհաստան. Վարշավի հրապարակների վերա արյունը մինչև ծունկն է հասնում, զինվորները անզեն մարդոց վերա հարձակվելով սպանում են առանց խնայելու հասակի և սեռի, Ռուսիո գերմանտթաթար կառավարությունը իբրև մի