Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/518

Այս էջը հաստատված է

տեսակ բաներից։ Եվ զարմանում ենք. ի՛նչ հարկ կա Սոսի սիրող, երգող, ուրախ և աշխատավոր բնավորությունը, որ ամեն տեղ երևում է, այդ մի դիպվածում բռնաբարելով կեղծ հատկությունը դնել նորա վրա։

«Սոս և Վարդիթերի» մեջ կան տեղեր, ուր ֆատալիզմը (ճակատագրականություն) ազատ հանդես է ստանում: Սոսին և Վարդիթերին, որ չպիտի հասնեին իրենց ցանկության, միևնույն վիճակախոսքն են դուրս գալիս, որ գուշակում է նոցա գլխի գալիքը։ Իհարկե կարելի է ասել, որ պատահմունք է այս. կհամաձայնեինք, եթե հեղինակը այդ վիճակները հանելով առաջուց չտեսներ Սոսի և Վարդիթերի գլխին պատրաստվող փոթորիկը։ Եվ այս դեռ բոլորը չէ, «... Համա, խե՛ղճ տղա, զուր ես քեզ տրորում, ինչ կարծես կարծի, էդ մի կարծիլ. աստված դրան քեզ համար չի ստեղծել... ինչ գրվել ա էն պտի ըլնիլ. ճակատի գրվածը ջնջվիլ չի. հարյուր տարեն մեռած մարդի գլուխն էլ հողի տակիցը դուրս ա գալի, ամեն բանը խարաբ էլած ա ըլնում, համա, էն գիրը մնում ա. արա՛ ինչ կուզես, լա՛վ, հետո կտեսնենք» (եր. 25)։ Հետո— «...Համա, դարդակ ամբար, դարդակ ջվալ, էնքան գնա արի, ոտներիդ տակին էլ կաշի չմնա, էնքան ճամփեքը չափի հոգիդ դուրս գա» (եր. 66)։—«... Ըսենց խորհուրդ արին իրենց միջին, համա, աստված իր բանը գիտի...» (եր. 204)։

Այս խոսքերը վիպասանության մեջ ներգործող մարդոց բերանը չէ դրված, որ ներելի էր, որովհետև ժողովրդի մեջ եթե կա այս վարդապետությունը, հեղինակը մեղավոր կամ պատասխանատու չէ. նա իր վիզը առել է ժողովրդի մեջ եղածը նկարագրել, բայց ցավն այս է, որ հեղինակը ինքը իր կողմից ասում է։ Հեղինակը, իբրև բանաստեղծ իրավունք չունի տարաժամ և այն իր բերնից խոսելով մերկացնել ապագայի վարագույրը։ Իբրև գրագետ, իբրև հեղինակ առավել ևս իրավունք չունի այսպիսի խոսքերի հանդես տալով դարավոր և խավար ժամանակներից սերմանված և տգիտության հողի վրա բուսած փուշերին ջուր ցողել։ Մենք հավատում ենք, որ ոչ միայն աշտարակցիք, այլ և ուրիշ շատ հազարավորը կարդալով պ. Պռոշյանցի խոսքերը ոչ միայն չեն երկբայիլ այդ վարդապետության վրա, այլ սովորական, արարատյան ոճով կասեն, թե այդ «Ավետարանի կողքին է գրած»։

Ինչպես հասկանանք Տիրանի տված թըլիսմը, նորա բովանդակությունը և գործի վերջը հա՛ր ու նման այդ բովանդակության։ Ասես թե մի իշխան պատվեր է տվել իր ծառային և ծառան, առանց տիրոջ մի խոսքը ևս մոռնալու, կատարում է պատվերը։ Մենք դիտենք, որ մեր ազգը ինչպես նաև ամեն ազգ, եթե հանենք նոցա միջից լուսավորյալ բաժինը, հավատում է կախարդության, խնդիրը այդ չէ, և մենք դորա