Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/524

Այս էջը հաստատված է

պատճառ դառնային ուղեղի և ջլերի ուղիղ պաշտոնատարության խանգարվելու։

Թե Սոսն ասես, շատ կեղծ վիճակում է։ Ցրտում, գլխաբաց, ոտքը բոբիկ ման է գալիս երեք գազ ձնի միջում և այն ցուրտ ձմեռ ու Արագածի զառիվայրում։ Ձորը մտնում է, ջրում լողանում, աղվեսների և գայլերի հետ կռիվ տաքիս, և այս օրերով։ Եվ չնայելով, որ նա մահ է փնտրում քան թե կյանք, այնուամենայնիվ չէ մոռանում իր կյանքի պահպանության հոգսը, «խոտի քոքերը ձնի տակից հանելիս ու ծամելիս» տեսնում են նորան ապարանցիք։ Մի շաբաթ է, որ նորա քամակից ման են գալիս աշտարակցի տղաքը․ տեսնում են, բայց սիրտ չեն անում մոտենալ։ Վերջապես, երկու շաբաթ անցնելուց հետո Գարեգինն է նորան տեսնում և Սոսը գալիս է նորա մոտ։ Գարեգինը խրատում է, համոզում է տուն դառնալ և Սոսը դառնում է։ Բայց այս երկու շաբաթում, այն ցրտի և ձնի մեջ սառը ջրում լողանալով, սառույցի վրա թեք ընկնելով, սոված և ծարավ, բայց և այնպես նորա երեսի գույնը բնավ չէ թռչում, նորա առողջությունը չէ սասանում․ իսկ երբ տանը նստած լսում է Վարդիթերի մահը, խո՛ր հոգոց է քաշում, մեջքի վրա հետ գնում, գլուխը Գարեգնի ձեռքի վրա գնելով խնդրում է, որ աշխատի երկուսին (իրեն և Վարդիթերին) իրար կշտի թաղել տա, իր մորը մխիթարե, եղբարցը մնաս բարով ասե, ինքն էլ ուրախ կենա (!), հետո, աչքերը վերև բարձրացնում աղոթք անում ու հոգին ավանդում։ Իրար մոտ թաղելու խնդիրը անում է նաև Վարդիթերը, երբ դեռ Սոսը մեռած չէ։ Արգո հեղինակը այստեղ մի վայրկյան ընծայում է Վարդիթերին Փանվելի աղջկա շնորհքը։

Մենք չենք ուզում այս բոլոր անբնական և շատ թույլ նկարագրված անցքերը քննության դանակի տակ ձգել, այդ շատ երկար կլինի, առանց նորան էլ երկարում է մեր հատվածը։ Գուցե ավելորդ էլ լիներ այս աչքի հայտնի թուլության վրա շատ խոսել, մանավանդ որ ինքը արգո հեղինակը կամ մեր ընթերցողքը, եթե ուշադրությամբ կարդան այս անցքերի նկարագրությունը, որ մենք հարազատությամբ, որպես քաղված, հանեցինք բնագրից (եր. 218 — 222), իրենք էլ կտեսնեն մեր տեսած անբնականությունը և հակասությունը։ Այսչափ միայն ասում ենք, որ վիպասանության շինվածքին մեծ հարված է տվել կատաստրոֆի այս անբնականությունը։

Եվ որպես թե հերիք չէր ինչ եղել էր. այն պատվական տապանագրից հետո.—

«Ահա սիրո պտուղներ,
Մի ագահ մարդի զոհեր.