Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/528

Այս էջը հաստատված է


քան թե մի հին մոլորություն, որովհետև շատ դժվար է հերքել սուտ վարդապետությունը. պատճառ, նա հիմնված է այն հասկացողության վրա, թե «սուտը ճշմարիտ է»։ Միջնադարյան բոլոր համակարգությունքը հիմնված են այդ նոտր գրերով տպած վարդապետության վրա։

Մենք փորձերով, և շատ տարբեր տեղերում, ստուգած ենք, որ մեր հասարակ ժողովուրդը շատ անգամ ավելի ազատ է միջնադարյան լուծից, քան թե մեր պատվելի գրագետքը։ Միջին դարերից հետո մինչև այսօր մի քանի նոր դարեր էլ անցան, եթե դարերը զուր լեն անցնում, ապա ուրեմն այս նոր դարերը բնականաբար, քիչ շատ թուլացուցին միջին դարերի մեր ժողովուրդի վրա արած ազդեցությունը, այո՛, շատ բան էլ իսպառ մոռացուցին։ Բայց մեր պարոնները անդադար այդ միջին դարերի կպրեկարասում լողալով ազգության և լուսավորության անունով, աշխատում են նորոգել և հաստատել ազգի վրա այդ խավար ուղղության տիրապետությունը։ Ի՞նչ է դորա խորհուրդը․ ի՞նչ հույս ունին դորանից։

Խորհուրդ չկա. հույսն էլ թեթևության արդյունք է։ Թող այդպիսի պարոնները լավ սորվին ընդհանուր պատմությունը և նորա հետ կապակից մեր ազգի պատմությունը, Մխիթարյանց տպած գրքերովը ո՞չ, այլ բուն աղբյուրներից և վերլուծական ոճով։ Թող քրքրեն ընդհանուր դպրության, նոր և լուսավոր ազգերի քաղաքակրթության պատմությունը, այդ քաղաքակրթության օրենքները և նոցա կերպարանագործության հարակից եղած հանգամանքները, այն ժամանակ իրենք էլ կտեսնեն միջնադարյան ուղղության ամլությունը և տարապայման չքավորությունը։ Բայց այս ուսումնասիրությունը կարող է միայն նոր կամ ապագա սերունդին աջողիլ. ինչ որ վերաբերվում է մեր իմաստուններին, նոքա ինչպես ներկայի լուսին, այնպես և ապագայի հետ մասն ու բաժին չունին, և նոցա հետ չէ մեր խոսքը։ Մենք և ոչ իսկ ուզում ենք վրդովել նոցա քունը, «ննջեցէք և հանգերուք»,— ասում ենք նոցա։

Միջնադարյան անշահ ուղղությունը իր ամլությամբ մաշում է կենդանի ազգի ուժը առանց ամենևին արդյունք տալու։ Նա նմանում է այն քարե ձվին, որ իբրև բունկալ մնում է հավի ձու ածած տեղում, բոլորովին պիտակաբար․ և եթե թուխս եկած խեղճ հավը, իր անխոհեմ տիրոջ որկրամոլությամբ, զրկված լինելով իր ածած բոլոր ձվերից, և բնական ազդեցությամբ նստի իր ձու ածած տեղում (այն քարե ձուն էլ չլինի կնստի) խելքդ ի՛նչ է կտրում, այն քարից ձագ դուրս կգա՞։ Չէ՞ որ զուր տեղը կվատնե ողորմելին իր ջերմությունը և շատ անգամ գործը կվերջանա հավի մահովը։ Հարկ չկա, կարծում ենք, ասել, որ այս բոլոր