Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/534

Այս էջը հաստատված է

Մարդը, ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես ենթակա է բնության ազդեցության. բնության սրտի զարկը ցոլանում է անմիջապես մարդու սրտում: Մարդը իր գաղափարքը առնում է բնությունից: Ինչ չափով ճանաչել և ուսել է նա բնությունը, համեմատ այդ չափին կլինի նորա գաղափարների և հասկացողությանց ազնվությունը։ Ահա մի օրենք, որ բնավ բացառություն չունի։ Սարդի ոստայնից բարակ մետաֆիզիկական համակարգությանց բովանդակ գաղափարքը կան բնության մեջ. իսկ ինչ որ չկա, այն ամենևին սո՛ւտ է: Բնությունը մի գիրք է, որ պիտո է կարդալ և ուղիղ հասկանալ. սխալ ըմբռնողությունքը մեծ վնասներ են տալիս։ Բնական երևույթքը իրենց վսեմափառ կերպարանքով շատ անգամ սարսափեցնում են մարդուն. սա միանգամայն ոչնչանում է, երբ աչքի առջև տեսնում է մի այնպիսի ուժ, մի այնպիսի զորություն, այնպիսի տեսարան, որի առջև տկարանում է ոչ լոկ մի մարդու, այլև բովանդակ մարդկության ուժը։ Բնական երևույթքը թեև ոչ այնպես սասանեցուցիչ, ինչպես մի վուլկանի կատաղի արտահոսության, կամ ինչպես մի թաթառ կամ փոթորիկ օվկիանի վրա, կամ Սահարի անապատում. թեև ոչ այնպես ապշեցուցիչ, ինչպես մի Ամազոն, Միսսիսիպի կամ Օրինոկո, կամ մի ամերիկյան կուսական անտառ. թեև ոչ այնպես կործանաբեր և մահառիթ, ինչպես մի կայծակ, մի սամում, մի հեղեղ կամ հարյուրամյա ծառերը արմատից և տան ծածքը պատերից խլող մրրիկ, ո՛չ, այլ այնպիսի խաղաղ երևույթք, որ չեն պատճառում մի երկյուղ, մի վնաս, մի մահ կամ մի կործանում, այլ մանավանդ զարմանք և հոգեզմայլություն և որոնք մարդու կարծելովը չունեին մի թշնամական բնավորություն, ինչպես մյուս վերևում հիշվածները,– եթե հասկանալի չլինին ժողովրդին և չբացատրվին նորան, կարող են, այո՛ չարաչար մոլորությանց պատճառ լինել։ Եվ այդ մոլորությունքը, երանի՜ թե, որպես մի տեսական գաղափար, մնային մարդու գլխում, ո՛չ. նոքա շատ անգամ մարմին են առնում Շիվայի, Դուրգայի և Վիշնուի անհեթեթ կերպարանքներով և այնուհետև խարազան են դաոնում մարդկության։


Որքան մոլորությունք, որ կան աշխարհի երեսին, այդ բոլորը սկզբնաբար ծագել են կամ բնությունը թյուր հասկանալուց, կամ իսպառ չհասկանալուց։ Եվ այդ մոլորությունքը ոչինչ ուրիշ բանով չեն փարատվիլ, մերժվիլ, եթե ոչ բնությունը ուղիղ հասկանալով։ Ահա այս է պատճառը, որ ամեն բանական մարդ պիտի աշխատի ոչ միայն ինքը ուսանել բնության օրենքները, այլև ուրիշին օգնել, եթե ինքը ավելի փորձառած էր, քան թե այդ ուրիշը, որ կամենում էր բանալ բնության գիրքը:


Ուզելով հասկանալ այն կրակը, կամ լույսը, որ երբեմն երևել է Արագածի վրա և կամենալով փոքր ի շատե տեղեկություն տալ ազգին