Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/545

Այս էջը հաստատված է

համարհելի և պժգալի երդմնագիր,[1] —բոլորովի՜ն արժանի նորա շարադրողներին,— և հրաժարվիլ իր սրտի վկայությունից և աչքի հայտնի ճշմարտությունից։ Բայց երբ դեռ բանը չէր հասել այդտեղ նա ունի գրած մի պատվական նամակ առ Madama Christina Granduchessa madre, որից դնում ենք հետևյալ քաղվածքը։ «Մենք մեր հայտնագործություններով չենք ուզում խառնափնդորել բնությունը և մտքերը․ չենք ուզում կործանել գիտությունքը, այլ ուզում ենք լուսավորել նորանց և ստույգ հիմք տալ նոցա։ Մեր հակառակորդքը սուտ և անաստվածական են

  1. 1637-ի հունիսի 20-ի հրովարտակով դատապարտվեցավ Գալիլեյը, Ուրբանոս ութերորդի (Հռովմի պապի) ժամանակ։ Ահա նորա հրաժարական երդմնագրի պատճենը։ «Ես Գալիլեո Գալիլեի, 70 տարեկան, հանգուցյալ Վինչենտո ԳաԼիլեո ֆլորենտացու որդի, անձամբ, անձին ներկա լինելով դատարանի առաջը և ծունկ չոքած ձեր առջևը, ո՛վ, համաշխարհական քրիստոնեական հասարակապետության սրրազնագույն կարդինալը, հերետիկոսական չարության ընդդեմ ընդհանրական ինկվիզիտորք. և աչքիս առաջը ունենալով սուրբ Ավետարանը, որին հպավորվում եմ իմ սեփական ձեռքերով, երդնում եմ, թե միշտ հավատացել եմ, այժմ հավատում եմ և, աստուծո օգնությամբ, միշտ պիտի հավատամ այն ամեն բանին, ինչ որ պահում է, քարոզում է և վարդապետում է սաբր, հովմակաթոլիկական, առաքելական եկեղեցին։ Բայց որովհետև սրբազան դատարանը ի դատակնքով հրամայեց ինձ բոլորովին թողուլ այն սուտ ուսումը, որ հաստատում էր թե Արեգակը անշարժ կացած է տիեզերքի կենտրոնում, իսկ Երկիրը չէ, գտնվում այդ կենտրոնում և շարժում է, և որովհետև ես պետք չէր, որ այդ վարդապետության հետեվեի, նորան պաշտպանեի, որևիցե կերպով ուսուցանեի, խոսքով թե գրով և նորանից հետո, երբ հայտնել էին ինձ, թե այդ վարդապետությանը ընդդեմ է Սուրբ գրքին, ես գրեցի և տպեցի մի գիրք, ուր խոսվում է հիշված դատապարտված վարդապետության մասին, ուր սորա պաշտպանության համար առաջ են բերված սաստկապես համոզիչ փաստեր և առանց վճռական վերջաբանության. այս պատճառով սաստիկ կասկածանքի տակ ձգեցի իմ անձը որպես հետևող այն հերետիկոսական վարդապետության,— թե անշարժ կանգնած է տիեզերքի կենտրոնում Արեգակը և ոչ Երկիրը, որ շարժում է: Այս պատճառով, ուզելով անհետացնել ձեր սրբազնությանը և ամեն կաթոլիկի մտքերից իմ ընդդեմ, այդպիսի սաստիկ, բայց արդարացի կասկածանքը, մաքուր սրտով, և ջերմեռանգ հավատով, ես հրաժարվում եմ, նզովում եմ և ատում եմ վերը հիշված աղանդները և մոլորությունքը, և առհասարակ ամեն ուրիշ մոլորություն, որ ընդդեմ է սուրբ հռովմակաթոլիկական եկեղեցուն. ես երդնում եմ, որ այսուհետև չպիտի ասեմ, չպիտի հաստատեմ ոչ բերանացի և ոչ գրավոր ոչ մի բան, որ կարող էր վերստին իմ ընդդեմ հանել այսպիսի կասկածանք, և թե իմանամ որևիցե հերետիկոսի կամ հերետիկոսության կասկած տվողի մասին, այն ժամանակ պիտի իմաց տամ և մատնեմ նորան ինկվիզիցիոնի սրբազան դատարանին, կամ ինկվիզիտորին այն տեղի, ուր ես գտնվիմ։ Բացի սորանից, ես երդնում եմ և խոստանում եմ, որ կատարելապես կլցնեմ կքաշեմ բոլոր ապաշխարանքը, որ դրված են այժմ իմ վրա, կամ որ այսուհետև կդրվին սրբազան ինկվիզիցիոնի ձեռքով. և եթե ես հակառակ վարվիմ իմ այժմ առած խոսքերից, որինև իցե, հավատացնելուս, խոստանալուս և երդումիս, որից աստված ազատ է, այն ժամանակ ենթարկվում եմ պատիժներին, մահապարտության և տանջանքին, որ այս ճեմարանում