Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/565

Այս էջը հաստատված է

մասին, թեև մենք պատրաստ ենք ընդունել որպես մի չար երգիծաբանություն, բայց խոստովանում ենք ցավելով, որ շատ մարդ ստուգապես այդ կարծիքի տեր է։ «Ա՛յ տղա, ի՞նչ ես խալխի ոտքը քաշում, Վայկո՛ւն,— ասում է Սոսը,— էդ ո՞ր գեղումը չի մասրաֆ ըլնիլ. մի մովրով (կառավարության աստիճանավոր) կամ եսավուլ, որ գալիս ա բա նրան հաց չի՞ պետքը, պատիվ չի՞ պետքը, հավի միս չի՞ պետքը, գառը, դինի, արաղ չի՞ պետքը, դու քու երեխին, որ մի կապա ես կարում, թե էքսի օրը խոսքիցդ դուս ա դալի, ասում ես, թե ա՜յ որդի, քեզ շոր կտրեցի, որ ինձ ականջ անես, դու ջլիս (իսպառ) քառականջ (խուլ) դառար։ Հիմի նա մեր վրա ինչքան ա միտք անում. մեր աղեն ա, որ տեսություն գնանք, բա մի կարաս գինի, մի հինգ լիտր արաղ չպիտի տանի՞նք. հավողի ժամանակ ա գալի, թազա հավող, լավ դեղձը, չի՞ հարկավոր տանի՞նք. էս հո մենակ մեզ համար չի՞․ սաղ աշխարհքի օրենքն ըտենց ա․ դու քու բարությունիցն ես տանում, աբարանցին էլ տանում ա նորա ձիանոնց տարեկան գարին, քուրդը՝ նրա գառն ու ոչխարը, թուրքը նրա եղն ու պանիրը, դաշտցին՝ յոնջեն, ցորենը. ամեն մարդ էլ իրան դեղի գտնվածից տանում ա նրան»։

– Սո՛ս ջան,– պատասխանում է Վայկունը,– էդ դրուստ ես ասում, համա ինչքան էլ որ ըլնի, էդքան շատ մասրաֆ խարջ չի ըլնիլ. սրա միջին մեր իշխաններն էլ են շահվում։

– Ես արմանում եմ քեզ վրա,– խոսքի մեջ է մտնում Սոսի մեծ եղբայրը Պարետը,– ա՜յ տղա, բաս իշխանները քու հոր մշա՞կն են, որ ամեն մովրով, վարդապետ, մենծ մարդ գալուս, տանում են իրանց տանը վեր բերում, իրանց երեխի բերնինը կտրում, նրանց ուտացնում․ հալբաթ որ մի շահմունք չունենա, ընչի՞ կանի, նա էլ քեզ պես մի մարդ։

Բայց Վայկունը էլ առաջ է տանում իր բողոքը,– ի՞նչ են խարշում, եղն էլ, հացն էլ, միսն էլ, ամեն բանն էլ գեղիցը գզիրը մինի տեղակ հնգապատիկ հավաքում ա ու բերում․ ո՞վ գիտի թե ընչանք կրում ա, որ մովրովը գնալուց հետո տասն օր ուտում են չի հատնում․ մի տունն ա նրանն ըլնում. ես էլ, որ ընենց տուն ունենայի, էն աղեքանց ոտը կպաչեի, իմ տանըս վեր կբերեի, խոսքս կշտին կտրուկ կըլներ, ո՛ւմ տունն ուզեի կքանդեի, ումն ուզեի կշինեի, ձիս որ դհովն ուզեի, դենը կքշեի, հիմի մովրովը գալուս, թեզով իշխանն ա գնում գլուխ տաշի, բարովում, աղավար խոսում, հետը նստում վեր կենում․ համա ես, որ տեսնում եմ էկավ, գլուխս առնում եմ կորչում, թե հիմի գզիրը կքցի ճիպոտի տակը (!) թե արի ձին բռնի՛, տա՛ր գոմումդ պահի, խոտ, դարի տո՛ւր, մովրովի համար ճուտ տար. իշխանների տանն ա վեր գալի, աղքատների տունն ա քանդվում, հո սուտ չի՞։ Հիմի ասենք թե դու ինձանից