Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/584

Այս էջը հաստատված է

Է, որ մարդը ախտանա այս ոգով․ հղանա հափշտակություն, ատելություն և սպանություն—բայց երբ կատարված էր վերջին գործողությունը, մահի է տալիս գործակատարին։ Հայտնի է, թե մարդը պիտի չատե, հափշտակություն չհղանա, ես-ին ոգին սանձե միմիայն արտաքին աշխարհից — հասնելու պատիժից վախենալով. ուրեմն ընկերության ապահովությունը էականապես հիմնված է երկյուղի վրա. ամեն մի անգամ իրար վրա իրավունք ունի նայելու որպես սպանողի, ատեցողի, հափշտակողի վրա և իրար երեսից պիտի պաշտպանվին միմիայն երկյուղի միջնորդությամբ։ Երկյուղն է, որ հույս է տալիս մարդուն ապրել ուրիշ մարդու հետ, ենթադրելով, որ այդ ուրիշը պատժից վախենալով չպիտի հանցանք գործել Հայտնի է, թե այս վարդապետությունը, եթե հատուցումի երկյուղը չլինի, ուրիշ բան չկա նորան բռնող։ Հիմի տեսնենք, թե երկյուղը բավակա՞ն է, կարո՞ղ է սանձ գնել մարդու կըրքերին, մեղմել նորա եսականությունը։ Մարդը հղացել է հանցանքը, նա թեև գիտե, որ հատուցում կա, բայց նույնպես զգուշությունք է առնում, որ այդ հատուցումը իրեն չհասնի, այո, շատ անգամ զուր են գնում նորա հոգաբարձությունքը և մատնվում է, բայց շատ անգամ էլ փախչում է հատուցման երեսից։ Բացի սորանից թշնամությամբ զրպարտված, սուտ վկաներով այդ զրպարտությունը հաստատված, արդյոք անմեղն էլ մահու պատիժ չէ՞ կրում, և այս հավասարության ոգուց բխած ըստ երևույթին արդարությանը հրապարակային և օրինական սպանություն չէ՞։

Քրիստոնեությունը սեր է քարոզում, այո՜, ըստ երևույթին հավասարության ոգին բռնաբարվում է, երբ հանցանքը ներվում է, բայց եթե այդ ներողությունը ընդհանուրի համար է, եթե սերը ամոքելով եսականությունը արդեն մարդու անձին մեջ սանձում է և բարեխառնում է նորա կիրքերը, որ նա չէ կարող այլևս ատել, հափշտակություն հղանալ և այդ խորհրդով սպանել, երբ արդարադատություն առիթ չունի այլևս զրպարտողների և սուտ վկաների թակարդի մեջ բռնվելով օրինական սպանությունք գործել, միթե այս ավելի հավատարիմ գրավական չէ՞ ընկերության բարեկեցության։ Եթե սիրով ոգևորված այդ ընկերության յուրաքանչյուր անգամը չէ նայում այլևս իր ընկերի վրա որպես թշնամու կամ կատաղի գազանի վրա, եթե փոխանակ երկյուղի, որ ամենի սրտի մեջ ամրացած դադար չէր տալիս նոցա, տիրապետե խաղաղությունը հիմնվելով փոխադարձ հավատի վրա, որի գրավականը և աղբյուրը էր սերը, միթե ընկերությունը ավելի երջանիկ չի լինիլ, վրեժխնդրության սկզբունքը Ներողության սկզբունքին զոհելով կամ հավասարությունը (պատժի և մահի մեջ) սիրո, զոհելով։

Միթե ներողության մեջ հավասարությունը հավասարություն չէ՞,