Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/69

Այս էջը հաստատված է

— ես միայն գիտեմ վերջապես, որ մարդը պատկեր է Աստուծո։

— Եվ այդ պատկեր լինելը դու ի՞նչ տեսակ ես հասկանում, մարդը նման է Աստուծո՞. այդ անկարելի է, և ապացույց չկա. եթե հոգու կողմից ես ասում, ես մասնավորապես ընդունում եմ, իսկ ընդհանրապես ո՛չ: Մի՞թե քո կարծիքներով ամենայն մարդ որ հոգի ունի, պատկեր է Աստուծո. մի՞թե մի չարագործ, մի ավազակ, մի մարդասպան կարող է համարձակվիլ ասել, թե Աստուծո պատկեր էր։

— Չարագործությունը և հանցանքները այլ բաներ են,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն.— նա նորանց փոխանակ պատիժ կստանա, բայց Աստուծո պատկեր լինելը ես միշտ ընդունում եմ։

— Սխալ է,— ասաց Շահումյանցը,— և դորա պատճառը այն է, որ դու չգիտես, թե ի՞նչ է մարդը, նորա արժանավորությունը և պակասությունը. եթե այս գիտենայիր, ապա դու ինքդ կասեիր, թե արժանավոր մարդը միայն պատկեր է Աստուծո, իսկ անարժանը ամենևին ոչ։ Այս միջոցին Մանուշակը, հասարակ սկուտեղի վերա դրած թեյի բաժակները, բերեց Շահումյանցին. սա պատվել կամենալով տանուտերը առաջարկեց, որ հառաջ Թյությունճի-Օղլուն առնու։

— Այդ ի՞նչ բան է,— կանչեց Թյոլթյոլնճի-Օղլուն,— ես տան մարդ եմ. խնդրե՛մ հրամայեցեք, ի՞նչ ասել է փոխանակ տան տերը հյուրին պատիվ տալու, հյո՞ւրը պիտո է պատվե տան տիրոջը։

— Չէ՞,– ասաց Շահումյանցը,— ես պատվում եմ քեզ. ո՛չ թե իբրև տան տեր, աղ իբրև ինձանից առավել հասակավոր, մեք հրաման ունինք Աստծուց ծերը պատվելու։

Թյությունճի-Օղլուն ուրախացավ և մի փոքր փչվեց ևս յուր միջում։ Բայց չկարծեմ, թե Շահումյանցը այս մտքով ասած լիներ, այլ առավել շուտ կարելի էր կարծել, որ եթե Թյությունճի-Օղլուն երրեմն կարծիքների անհամաձայնության վերա հեռանում էր սրտով Շահումյանցից, թեև ակամա, որպեսզի վերջինս այսպիսի քաղաքավարութենով ներկե նորա աչքերը։

— Մեք միշտ պարտական ենք հասակը պատվել, և այս բնական օրենք է, պատճառ, ծերը երիտասարդից կանուխ է, և ծերերն էին երիտասարդների գոյության պատճառը,— շարունակեց Շահումյանցը։

— Հատուկ շնորհակալ եմ, որ այդպես սեր ցույց ես տալիս ինձ,– պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— և մանավանդ շնորհակալ եմ, որ հյուրի նման չես վարվում իմ տանս, այլ իբրև քո տանը։

— Եթե թույլ կտաք,— ասաց Շահումյանցը,— ես պատիվ կհամարիմ,— խոսքը եղավ սորա պատասխանը։