Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/7

Այս էջը հաստատված է

Նա այն ժամանակ սուր ունի հատու,
Կըրակ է թափում այրող բերանից.
Մուսան նորանով խոսում է մեր հետ,
Սիրտ է զմայլում նորա երգերից։

Նա այն միջոցին ոչինչ այլ բան չէ,
Բայց եթե թարգման մուսայի խոսքին,
Նորա ասածը, որ նա լսում է,
Մեզի բաշխում է զինչ գոհար անգին։

Ոչինչ դատավոր, ոչինչ իրավունք
Չեն այնքան սուրբ, ճիշդ ջինջ, քան հայելի,
Որքան դատաստան բանաստեղծ հոգուն
Մի բան ասելում՝ թե չար, թե բարի։

Ողջ մին է նորան՝ եթե թագակիր,
Եթե սոսկական քաղաքացի լոկ.
Պատճառ՝ ուղիղը խոսելուց հետո
Պետք է սպասել դառնալու մերկ, բոկ։


ՎԱԶՈՂ ՋՐԻՆ

Իստակ ջուր վազուկ, արդյոք ի՞նչ կլիներ,
Որ քո ալիքներ տաներ իմ ցավեր,
Կամ ի՞նչ կլիներ, եթե իմ վիշտ ու լաց
Ինչպես ծուխ օդում ցրվեին հանկարծ։

Կամ ինչո՞ւ համար ուրախությունը
Թռչում է շուտով, մընում է ցավը.
Թո՛ղ քո ալիքներ ցնդեն իմ վշտեր,
Լվանան սիրտս թո՛ղ քո մասնիկներ։

Սիրտս խոցված է զանազան կողմից,
Արյուն ու շարավ կթափի երակից.
Լվա՛, մաքուր ջուր, սրբե՛ ինչպես հուր,
Թո՛ղ փայլի սիրտս, չըմնա մի մուր։