Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/79

Այս էջը հաստատված է

ինձ. այդ, ինչպես ասում եմ, պատահեց պահապանի պարսպին մոտ կանգնած լինելուց:

Մանուշակը այնպես լսում էր այս խոսքերը, այնպիսի ծարավով, ինչպես մի ագահ և արծաթապաշտ ծերունի, դողդոջուն ձեռքով կհավաքեր ոսկիքը, եթե գտաներ նորանց ճանապարհի վերա։ Մանուշակը այնպես էր ուրախացած այս սիրահայտ խոսքերի մասին, որ մոռացավ յուր մեղադրանքը, որ պատրաստվել էր առնել Շահումյանցին նամակի սառն հոգով դրվածի համար։

— Ափսոս, որ հանդարտ չէ հոգիդ,— խոսեց Շահումյանցը,— ես մի քանի բան ունեի քեզ ասելու, որ չեմ կարող այժմ, պատճառ, աղմկված է քո սիրտը և երկյուղ եմ կրում, թե միգուցե այդ խոսքերը առավել ևս վրդովեին քո հոգին։

Այդ խոսքերի վերա Մանուշակը դարձյալ շփոթվեցավ. նա երկյուղ էր կրում, թե լսելու էր Շահումյանցից մի քաղաքավարի բացասություն, բայց ժողովելով յուր վերջին ույժը, հոգու վերջին կարողությունը, ասաց.

— Ես հանգիստ եմ այժմ... Ասա, ի՛նչ որ ունեիր ասելի... Կտանեմ, թեև պատրաստած լինեիր ինձ մի խորտակիչ հարված, հանդարտ հոգով կլռեմ քո խոսքը՝ թեև լիներ այն իմ մահու դատակնիքը...

— Այդպիսի բաներ չեն իմ ասելիքը։ Ես կամեի վճռաբար լսել քեզանից քո հոժարությունը ինձ հետ ամուսնանալու, կամեի լսել քո խոստմունքը, քո կուսական երդումը։ Այո՞, կամեի ստույգ իմանալ, սիրո՞ւմ էիր դու ինձ, թե չկամենալով ամուսնանալ Աղվանյանցի հետ, երկու չարերի փոքրն էիր ընտրում ինձ գալով։

— Մի՞թե քո խիղճը չէ տանջում քեզ,– պատասխանեց Մանուշակը, — այդպիսի սիրտ խոցոտող հարցմունք առնելու ժամանակ, դու գիտե՞ս, որ իմ սիրտը դուրս է թռչում դեպի քեզ. գիտե՞ս, որ իմ հոգին ապրում է քո հոգու կյանքովը, և այս բոլորը ապացուցված է արտասուքի հազարավոր կաթիլներով։ Գիշերներով, ամբողջ գիշերներով, քունը փախել է աչքիցս, և այն կիսաքուն թմրության մեջ քո ուրվականն է եղել ինձ մխիթարողը։

— Դա մի՞ բարկանար իմ վերա, որ այդպես հարցմունք արեցի․ ես ունիմ մի հիմնավոր պատճառ․ այս է, թե ես նայում եմ ամուսնության վերա, ինչպես մի սուրբ և անխախտելի բանի վերա։ Ես տեսանում եմ այնտեղ մի խորհուրդ, որ սրբացած էր ամուսինների փոխադարձ սիրովը։ Դու, երիտասարդ աղջիկ, չկամելով ամուսնանալ Աղվանյանցի հետ, իմանալով իմ հարստությունը, անունը, գուցե թե ամուսնանում էիր իմ հետ այս պատճառներով, ես չկամիմ այդ. պատճառ, ամուսնությունը սուրբ է, և վա՞յ այն ամուսնությանը, եթե ամուսինքը չէին սիրում