Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/195

Այս էջը սրբագրված է

1904

1. ՅԱՅԳԱՅԻՆ

 Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր 
այգուն դեմ, երազի անո՛ւյշ ժաղիկներ, ձյունե փթթումներով, կը 
բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերի՛ն մեջ, ուր գետեզ-
րին մոտեն լսվող կոչնակին գանգյունը կը ծավալի սարե սար ու 
խորհրդավոր կերպով կ'օրրե զգացումները:
 Կարավանը կ'անցնի՛ լերան արահետներեն, ու բոժոժներու 
ձայնին միստիք մելամաղձությունը հեռուեն հեռու կը լսվի գիշե-
րին մեջ, որ լուռ է, գիշերին մեջ, որ մթին է և ահավոր:
 Եղնիկները,-անրջային ու պաշտելի՜ կենդանիներ,-թեթև, 
թեթև, գետափն ի վար կը սուրան, գետափն ի վար՝ որուն մեջ 
կըստվերանկարվին լուսնի լազվարթային սատափացումներեն, 
ինչ որ ունին խոլագիծ ու խուսափուկ ու անշոշափ՝ երազի մեջ 
վարշամակված իրենց ամպային ձևերը։ Ու իրենց մեղրիկ նայ-
վածքներուն լույսը կ'առկայծի գիշերին մեջ, որ լայն է, հեշտագին 
ու համապարփակ:
 Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ 
կը սոսավեն հոլանի միջոցին մեջ։ Պարզկա գիշերվան սյուքը 
կ'անցնի տերևախիտ թավուտքին ճիշդ սրտին ընդմեջեն, սարաուռ-
ներ պտտցնելով հոն։ Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու 
հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով 
լեցուն, ես կը մտածե՜մ․․․
 Հո՛վը, գինով աղջիկ մըն է կարծես հովը, ծփացիկ պարե-
գոտով հո՛վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՛տ հովը, որ 
ջուրերուն վրա խոլ ու տատանուտ շրջպար մը կը դառնա հուլորեն,
գիշերին մեջ, որ ցրտին է ու դողդոջուն:
 Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՛վ կին, 
գիշերին մեջ քու հոգիի՛դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշ-
տագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար․․․։
<1904>


                            - 195-