գետը, իմ սիրականս, իմ տարփուհիս, որ լուսինեն արծաթ թռաններ կը քաղե իր ծփանուտ քղանցքին համար: Բայց պահը անցավ, ու ես ձիս խթանելով կը հառաջանամ, վայրկյանին արձանիկ դադարեն վերջ, ուր հավիտենությունը կը մղվեր կը խտանար. հիմակ աշխույժով կը լսեմ դարձյալ իրերուն ձայնը, կյանքին աղաղակը, րոպեներուն ուժգին զարկը:
* * *
Դեռ չհասա. տափաստանը այնքա՜ն ընդարձակ է, այնքան ծայրածավալ, որ գավազանի չափ երևցող ճամբան, առաձիգ, քմահաճ, ոլորված տրեզի պես հետզհետե կը քակվի, կ’երկննա: Ճամբուն վրա ալոճիներու, ընկուզիներու պզտիկ կայաններ կան. շուրջս, այգիները, այգիները անվերջ այգինե՜րը. որթի տերևներ, ամե՜ն կողմ. գետնին վրա ու կապտորակ օդին մեջ ալ, որթի խնկագույն տերևներ. դիմացս, ետիս, գլխուս վրա, շուրջս, ամե՜ն դի, անրջային թիթեռնիկներու պես պարանցիկ կը դառնան. ի՜նչ երազի մեջ եմ: Ու այս տերևի բույլերուն մեջեն, հեռո՜ւն, հա՛տ մը, գեղեցիկ, հսկայական, լուսաշող, շե՛շտ կը նկարվի, իր դրասանգներուն շուրջը բիլ երիզ մը կը պտուտկի. ու իր երակիկները, մեղրամոմի պես տժգույն, իր դալար ծոցին մեջ կը խաղան. տեղ տեղ հրանյութ կայծեր, ոսկի աչքեր կը քթթին. կոթունը, փոշեգույն, պիրկ կը շեշտվի. ես այդ տերևին, ես այդ տեսիլքին կերթամ գրկաբաց. ու ինքն ալ, ժպտուն, խանդաղատ, ինծի կը սպասե, զի՜ս կը կանչե կարծես. ա՜հ, ի՜նչ երազի մեջ եմ: Կը քալեմ, կը քալե՜մ, կը քալեմ և ահա՜ մոտեցա. մոտեցա ու կը բարձրանամ, փոշեգույն կոթունն ի վեր, կաթոգին, սրտազեղ. և ահա՜ կոթունին ալ ծայրն եմ արդեն ու պիտի սուզվի դալարին մեջ:
-Բարև՛, տնա՛շեն: -Բարին արևի՜դ,—կ’ըսեմ, ու տեսիլքը հալեր փախեր է արդեն. մոմագույն երակները սակայն դեռ կը խաղան քիչ մըն ալ ու կ’այլափոխվին հանկարծ. գյուղիս փողոցներն են, սալարկված միափայլ փողոցները. ու կոթունն ալ զոր մագլցեցա, գյուղիս ճամբան էր, տերևաձև գյուղիս ճամբան:
Վա՜խ, տեսիլքը փախե՜ր է, բայց ա՜հ, իրականությունը հոն է. իմ մշկենի, ծաղիկ ու ծափ գյուղս հո՛ն է: Երազը գնաց, բայց խանդաղատանքը դեռ կը մնա...
-204-