10. ԱՅՍ ԻՐԻԿՈԻՆ…
(Արձակ բանաստեղծություն)
Այս իրիկուն, թուրինջ ջրաներկ իրիկուն մը, քաղաքեն դուրս, քառուղիին բերանը, սոսիին տակ նստեր էի. սոսին վաղնջուց ծառ մըն է, ճամբուն վրա, մրգաստաններուն ու դալարուտներուն մեջտեղը, համայնական օրհնենքի մը պես բարձրացած։ Գարուները՝ չարաճճի՜ աղջիկներ՝ նազանքով, գեղով, հեշտությունով լեփլեցուն՝ եկան անցան իր առջևեն. ամառները, արդավանդ ամառներն ալ, և հուռթի պտղաբեր աշունները՝ ամենն ալ տարիներով անցան իր քովեն, իր հոգիե՜ն ալ։ Օր մըն ալ, ամպգոլի տոթադին օր մը, բոցագիծ ելեկտրաթև հոսանուտ մը անցավ իր ծոցեն, մինչև հոգիին ալքը կայծա՛կն էր և բունը՝ քարայրի պես բերանաբաց՝ երբեմն անցորդներու օճախը կ՚ըլլաա, և հոն վառող կրակը կայծակին հիշատակն է կարծես, որ մերթ կ՝արթըննա հոն։
Սոսիին տակ, ուրեմն՝ նստեր էի այս իրիկուն։
Երկու տարեց կիներ անցան ցանկորմին քովի արահետեն. մեկը կը խոսեր գթոտ շեշտերով իր ձիուն վրա՝ որ արդեն հյուծավո՜ր՝ վաղահաս աշնան ցուրտին չէ դիմացեր՝ մեռե՜ր է. հեյվա՜խ, կ՚ըսեր մյուսը, հեյվա՜խ… քայլերը մեռան, ձայները փոշիացան, հեռացեր էին, ա՜լ չլսեցի…
Հանկարծ կեռասաստանին ծայրեն երեք տղամարդեր երևցան, ճառագայթող դեմքերով. մեկը կը պատմեր իր սիրային անցքերը. կնոջական արևոտ, վարդավետ անուն մըն ալ լսեցի… զիս տեսան, լռեցին անցան. քիչ մը անդին պատմությունը վերսկսած էր, ունկնդիրները կը քրքջային…
Քիչ մը վեր առի գլուխս. ճյուղատ սոսիին վրա պարս ելած մեղուներու պես, բուռ մը տերև կը խժային, բայց կանանչ, կա՛փկանանչ… մինչդեռ դիմացի կեռասիներուն տերևները կարծրեր