Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/230

Այս էջը սրբագրված է

կույսը ցանցած է արդեն․ և հանկարծ կ՚իյնա մտահոգ ու տենդոտ հարցապնդումի մը մեջ․


…Ըսե՛ ինձի, կարոտը հին սերերնուս
Կ՚անցնի՞ երբեմն ներսեդ, արագ ու թեթև,
Գինովցընող պաշտումներեդ կը զարթնո՞ւս
Անցյալին մեջ զարթումով մը կարճատև։

Տխրություններ ու հեծեծանքներ վերջապես, որոնցմե սակայն կը բղխի քաղցր հուզում մը՝ որ չի՜ ջլատեր, չի՜ խորտակեր․ ունենայինք գուցե մտածողներ՝ որ դատապարտեին այս տխրությունը՝ զոր չեմ գիտեր թե տխրություն կոչելո՞ւ ենք. տխրությո՞ւն է միթե հոգեկան վիճակի մը հարազատ նկարագրությունը, որ քերթողին համար երանության վայրկյան մը կ՚արժե և գիտակից ու ազնվական մտածողին համար ալ թանկագին հուզման պահեր կը հայթայթե։

Բանաստեղծը կը սիրե նաև ըսել սրտազեղումով իր մտատիպարին՝ որուն մարմնին ամբարտավանութենեն կը գինովնա զմայլուն․ —


…Շքեղ արձա՛ն, միշտ ըզմայլիչ գիձերով,
Ամբարտավան կո՛ւռք, մարմարե ծիծերով…

Եվ սակայն այդ համակերպութենեն և զմայլանքեն վերջ հանկարծ կու գա պահ մը՝ երբ հոգին տխուր գիտակցության դողով մը կ՚ուռենա, և քերթողը, որ իր ճակատագրին նմանություն մը գտած է բյուրեղե կլկլակին մեջ, կը հեծե.


Անկյունը՝ մարդ մը, աշխարհքին պահող քեն,
Վայելելով իր Նարկիլեն և ախորժ
Ըզգալով այս հեծկլտուքի նվագեն,
Եվ օգին մեջ ցընցող մուխեն թույլ ու գորշ։

Եվ իսկույն քե՛զ կը հիշեմ, երբ անխըռով
Կ՚ունկընդրես միշտ հառաչանքիս և կարծես
Հաճույք կըզգաս, այդ մարդուն պես, դիտելով
Մուխը սըրտիս կրակին՝ զոր դուն կ՚արծարծես։

Ասոնցմե զատ, իր ամենեն տխուր ոտանավորն է թերևս «Զատկի առթիվ»ը, որ իր մյուս կարճ չափով ոտանավորներուն պես հիանալի պարզության հետ ունի խորունկ տխրություն մը, որ սակայն, ինչպես միշտ, թույլ ու ընկճված հոգիի մը նկուն ողբը չէ․

— 230 —