Ո՞վ չէ սիրած իր «Ապրիմ-Մեռնիմ»ը, նույնիսկ անոնք որ դույզն համակրություն մը իսկ չէին տածած անխղճորեն փեթըռտած պահերնուն այդ լքուն ծաղիկը։ Քանինե՜ր գիտեմ ես, որ այնուհետև իրենց լամբակին միակ ծաղիկը ըրած են այդ խոնար` երիցուկը, որուն մահացումին մեջ կը փնտռե մարդ բռնադատած մարգարեությունը իր երկսրատև կյանքին. և ապրիմին հիմարական խանդավառությամբը լեցվելե վերջ՝ անղգած անգոսնումով մը ճամբաներու փոշիին կամ ցանկորմի փշուտքին մէջ կը նետե լերկ դեղին կոճակը «Ապրիմ-Մեռնիմ»ին…
«…Ամեն անգամ որ քաղեմ քեզի, ո՛վ պզտիկ դեղին ծաղիկ, կը հիշեցնես ինծի այն ահավոր մերձավորությունը զոր քու նունդ կը կազմե. Ապրիմ-Մեռնիմ. երբոր ամեն տեղ Կյանքը կը ջանա ըստ կարի խուսափիլ, հեռու կենալ Մահեն, քու վրադ միայն երկուքն ալ իրենց ճշմարիտ ու պատշաճ տեղը կը գտնեն: Այն քաղաքին պես որ իր գերեզմաննոցը իր ծոցին մեջ զետեղած է՝ փոխանակ հեռուն, շատ հեռուն, անտեսանելի անկյուն մը տանել դնելու, դուն ալ Ապրելուդ մեջ Մեռնիլդ պարփակած ես»:
Սակայն պետք է խոստովանիլ թե ինք, աշխատության դույզն հանձնառությամբ մը, թերևս մեզի պիտի կարենար տալ արձակ բանաստեղծության հիանալի էջերեն մեկը. ինչպես իր մյուս բնաստեղծությանց մեջ, նմանապես Հոս ալ զգալի է ոճի անխնամությունը. այս չփույթը, որ մեծ բան մը չի պակսեցներ իր խիստ տաղանդալից արտադրությանց արժանիքեն, պիտի կրնար ջնջվելով՝ անոնց վրա ավելցնել գեղագիտական վայելքի մը հըմայքն ալ, և ես կը հավատամ թե Զոհրապ շատ ճարտարորեն պիտի կրնար տալ իր ոճին արաբ-արվեստի խնամված գեղեցկություն մը: Շատ դյուրին է զգալ թե գրչի մեկ հարվածով արտադրած է իր գրությանց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը։ Չանդրադառնալու և մեկ նայվածքով անցնելու իր այս բնավորությունը ինքն ալ խոստովանած է արդեն ուրիշ պարագայի մը տակ, որ նկարագրի միևնույն մասնահատկության արդյունքն է: