Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/248

Այս էջը սրբագրված չէ

Ջուրն է ծիածան,
Ջանջիլ մը ջինջ,
Դիպակ մ՚անհուն,
Փոփոխ ու ջինջ,

          Հուսված՝ ցիրցան
          Ցոլքերով ջինջ.
          Ջո՜ւրն է ծիածան,
          Երիզ մ՚է ջինջ։

  Եվ լուսինկան,
  Նո՛ր, ոսկեջինջ,
Շրքանըշան
  Մ՚է կախված՝ ջինջ
  Ջուրին ծիածան։

    Ծածանուտ այս տաղիկը՝ մթին ջուրերու վրա հանկարծորեն
անդրադարձած լուսնային ճառագայթում մըն է, ջուրին խաղացքեն
հալած, նրբերանգված․ կամ մանտոլինի երաժշտության ժանեկահյուս
երգյակ մը։
    Եվ արդեն առավելապես նրբերանգությանց ու նրբաձայնությանց
քերթողն է ինք, և իր հոգին անդրադարձությունը լուսնային
ծիածանումի մը նրբակապույտ ու սաթի գույներուն․ կամ
ըզմայլագին խոնարհումի շարժուձև մը՝ լուսնային ջուրերու
երազային ծփումին վրա․—

Եվ կամ մերթ հոգիս՝
Լուսնի ջուրերուն
Մեջ՝ ինչպես նարկիս՝
Կը նայի, զմայլուն՝...

    Ի՜նչպես չթափանցվիլ այս զմայլանքեն, կարենալով դիմադրել
գրեթե կանացի այս ձեռքին փափուկ դյութանքին։
    Այս բանաստեղծությունը պիտի կրնար նմանցվիլ անհունորեն
թարմ, չքնաղ, գեղատեսիլ ծաղիկի մը՝ որուն բույրն ալ
կ՚երեվակայենք ու կզգանք հեռուեն և որ սակայն քիչ մը կը տխրեցնե
մեղ՝ վասնզի կը փորձե ու կը խաբե մեր հոտառությունը․ բայց
ո՞վ պիտի ժտեր պնդել թե բույրը միակ հմայքն է ծաղիկին։ Հետո,
այս բանաստեղծությունը նրբության բանաստեղծությունն է․
քանզի երգիչին սիրտը, իր սիրելությանց ափին մեջ (իր իսկ
գործածած նմանությամբ) մետաքսե թաշկինակ մըն է, փափուկ,
մեղմածալ, թեք, տեղատու, և կամ իր բարբառը ցանկալի երաժըշտության
մը հոգիին մեջ երկարաձգված արձագանգը, կամ նույն ինքն
երաժշտության ընկերացող անանուն, բայց զգալի շրշյունն է,
թելադրիչ, խաղաղածուփ․ և իր վրձինը գրեթե աներևակայելի
կերպով զանազանակ նրբերանգությանց ծորակ մըն է։ Իր գույները

— 248 -