րին հուռթի շտեմարաններին օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գտին ձգենք ու մուրացիկ՝ ուրիշին ետևեն վազենք․․․
Կրնա առարկվիլ թե ի՞նչ հարկ կար այս որակներով ա՜յսքան զբաղելու: Բայց այս պղծագործությունները նվիրագործություն սեպվելու հավակնությունը ունին. ու մեղապարտ ու ցասուցիչ ա՜յսքան լռություններե վերջ, պետք էր որ հանուն գրականության և հանուն ցեղին լեզվական արժանապատվության ձայն մը բարձրանար գոնե...
Իսկ Տիգրան Չյոկյուրյան պարզապես հուսահատեցուցիչ է: Անիկա ազդեցություններ նշմարել կ՚ուզե իմ մեջս Պարսամյանեն, Հարությունյանեն, Մալեզյանեն, Չրաքյանեն: Ի՞նչպես կըրնայի ազդված ըլլալ ես Պարսամյանի կնատ ու ճակաճան ու սամսարող բանաստեղծութենեն. ես՝ որ նույնինքն Չյոկյուրյանի բառերով «գավառացիի կատարյալ ավիշը ունիմ» ու բնության սերը. այս տեսակ ազդեցության մը տոկալե ավելի պիտի ուզեի յոթը անգամ գրիչս կոտրտել: «Պարսամյանին երջանիկ բառերովը օծած է բանաստեղծը իր գործը» կ՚ըսե Չյոկյուրյան. բայց երբե՞ն ի վեր բառերը սեպհականություններ են կամ մենաշնորհ: Շնորհակալության պզտիկ պարտք մը ունինք անոնց՝ որոնք գործածութենե ինկած գեղեցիկ բառեր կը վերակենդանացնեն. բայց Պարսամյան այդ շնորհակալիքին ալ իրավունք չունի, քանի որ Սիպիլեն փոխ առած է իր հաճախակի գործածած բառերը կարծելով որ անոնք, կնոջական անունի մը միացած՝ պիտի կարենային հրապուրել արժանիքի առնացի աստվածությունը՝ որ ավա՜ղ... Իսկ եթե վերնագիրներս Հարությունյանե փոխ առած եմ, ծիծաղելիե ավելի բան մըն է կարծեմ մանավանդ նույն ինքն Հարությունյանի աչքին: Ենթադրենք նույն իսկ որ անմտադիր կերպով Հարությունյանեն փոխ առած ըլլամ վերնագիրներես մեկ քանին (հավանորեն, չե՛մ գիտեր). ի՞նչ կշիռ ունի ասիկա: Բոլոր գրականությանց մեջ ալ չկա՞ն միթե նույն մակագրությամբ անհամար գրություններ ու գիրքեր ալ. ի՞նչ կը պակսեցնե այս նույնությունը ներքին իսկական արժանիքեն: Ի՜նչ ողբալի կերպով բառերու հետ խաղացողներ ենք: «Տապի Նոպաներ» վերնագրության ծիծաղելի նկատվիլը բազմապատիկ ծիծաղելի, հաճոյական և զբոսեցուցիչ թվեցավ ինծի: Ի՜նչ ավելի արտահայտիչ ու բնական ու բանաստեղ-