Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/278

Այս էջը հաստատված է

8. ԱՂԵՂ ՈԻ ԿԱՊԱՐՃ

Ենովք Արմենի դեմ.-Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք…

Եվ հարվածը, արդար ու անհրաժեշտ հարվածը, դպա՜վ իր թիրախին։

Վրեժ մը չէ ասիկա,- ո՜չ մեկ դրդապատճառ ուեիմ այդ բանին համար,- և որքա՜ն ծիծաղելի ասպետականություն մը պիտի ըլլար ատ՝ եթե ունենայի իսկ,- հապա՝ արդարության գործ մը։ Ոչ ոք կ’անգիտանա թե գրականության կապիկներու այսօրվան տիրող, խաժամուժ, այլանդակ, աղմկահարույց բազմության մեջ Ենովք Արմեն… աննշան դեմք մը չէ։ Ոչ ոք կ’անգիտանա այլ ևս իր ամեն մեկ շարժուձևին հոգեբանությունը, ոչ ոք այլ ևս կը տարակուսի իր ապիկարությանց, իր նենգությանց, իր շահախնդրությանց, իր գրական մեղքերուն վրա, բացի տակավին երկու գավառացիներե, պ․ պ․ Արտ․ Հարությունյանե և Հովհ. Գազանճյանե։

Իր գրական մեղքե՜րը… ի՞նչ հարկ սակայն մանրամասնել, միայն կարելի է երկու մասի բաժնել զանոնք․ նախ իր գռեհիկ բամբասանքները, զորս պ․ Գազանճյան (կը զարմանամ, արդարև թե ինչո՜ւ տակավին պ․ Գազանճյան կը համառի կրել գրագետի վերարկուն, որ ա՜յնքան չի վայելեր իրեն) իր տարեկան տեսության մեջ «կուռ քննադատականներ» անվանած էր, փոխանակ այս ածականը ինք իր վրա կրկնելու դատված նյութին ճշգրիտ որակումը ունենալու համար, հետո՝ իր գրական մաքսանենգությունները, որոնց վրա ոչ ոք անդրադարձած է, և որոնց ամենեն վերջիններեն ու վավերականներեն հատ մը մանավանդ մատնանշեց ինծի բարեկամ մը։ Բարեկամս, առանց որևէ դիտողության մը, ինծի ներկայացուց Le Journal թերթեն կտրոն մը, Illusi-on…» վերնագրով և Maurice Level ստորագրությամբ, որպեսզի կարդամ․ հետո, առանց բան մը ավելցնելու դարձյալ, «Մասիս»ի։