ԾԻԱԾԱՆ
1903-1906
Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։
5
Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսե՛ սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքորեն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգվույս սիրաջեր։
Կ՚ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
10
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կ՚ուզեմ որ մեռնի՜ն տիվ ու ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։
Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարժուձևիս մեջ,
15
Ու մինչ կ՚ողողեն զիս ցոլքերդ անշեջ,
Ալքերս ալ մոռնան տակավ այս նատիր։
Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՜ զիս,
Ընդունե՜, միստիք ո՜վ անդորրություն,
Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
20
Եվ համբույրն անանց՝ ղոր կուտա հոգիս։
Սենյակս է լեցուն հուշքերովն աղի
Երեկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի։