Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/303

Այս էջը հաստատված է

3․ ՊԻՄԻ

(Կապիկի մը պատմությունը)


Օրանկութանը ոչխարներու գոմին կապված վանդակին մեջ սկսավ ոգորիլ․ գիշերը հեղձուցիչ տաք էր․ ու մինչ Հանս Պռայթմանին հետ մեր անկողինները նավին հառաջակողմը տանելու համար իր առջևեն կ’անցնեինք, ոտքի ելավ կապիկը ու սկսավ ակռաները կրճտել։ Մալայան Արշիպեղագոսին կղզիներեն մեկուն մեջ բռնած էին զինքը և Անգլիա կը տանեին մեկ շիլինով ցուցադրության հանելու համար։ Չորս օր ամբողջ մաքառած ու կաղկանձած էր հոն և անդադար իր վանդակին երկաթ ձողերը կը ծեծեր ու քիչ մնացեր էր որ մեռցներ նավաստի մը՝ որ անզգույշ՝ անոր խոշոր մազոտ ճիրանին տակ ինկեր էր։

«Քեզի համար շատ շա՛տ լավ պիտի ըլլար, բարեկամս, եթե քիչ մը ծովախտե բռնված ըլլայիր», ըսավ Հանս Պռայթման, վանդակին քովը կենալով․ «Քու Տիեզերքիդ մեջ խի՛ստ շատ Ես ունիս»։

Օրանկութանին բազուկը անփութորեն դուրս սահեցավ ձողերուն մեջտեղեն․ ոչ ոք պիտի հավատար թե կապիկը օձի մը պես հանկարծուստ գերմանացիին կուրծքին պիտի խոյանար։ Գիշերազգեստին բարակ մետաքսը պատռտեցավ․ Հանս անտարբեր ետ եկավ, նավակի մը ճիշդ քովեն կախված պանանայի խուրձեն ճյուղ մը փրցնելու համար։

«Խի՜ստ շատ Ես…», ըսավ Պռայթման պտուղը կեղևելով ու կենդանիին տալով, մինչ ան մետաքսը կը փեթռտեր։

Մեր խշտյակները տարինք նավին հառաջակողմը, քնացող նավաստիներուն քով, հովին բերանը։ Ծովը ծխալից յուղի պես էր, բացի նավին հառաջամասեն, ուր կը հրավառեր ան, ու դարձյալ կը շրջշրջեր կ’երթար խավարին մեջ, տժգույն բոցի բիծերով։

— 303 —