զմուռսով կը ծեփեիր անոնց մարմինները: Անոնց առջին կը ծընրադրեիր
ու կուռքերուդ գահերը արևին տակ կը բարձրանային:
Արևին ամոթ՝ և լուսնին շամբշանք ցուցուցիր:
Մարդը պատասխանեց.— Ըրի՛ այդ ամենը:
Երրորդ անգամ մըն ալ Աստված բացավ Մարդուն Կյանքին Գիրքը:
Եվ Աստված ըսավ Մարդուն.—Կյանքդ չարիք եղավ: Բարիին չարիք ըրիր ու վնաս հասցուցիր քեղի բարիք ընողներուն: Վիրավորեցիր ձեռքերը՝ որ քեզ սնուցին և անգոսնեցիր ստինքները՝ որ քեզի կաթ տվին: Քեզի ջուրով եկողը ծարավ ետ դարձավ և արշալույսեն առաջ մատնեցիր քեզ իրենց վրաններուն մեջ պահող տարագիրները: Որոգայթի մեջ ձգեցիր թշնամիդ՝ որ քեզ խնայեց, ու դրամով ծախեցիր քայլակից բարեկամդ ու քեզի Սեր բերողներուն փոխարեն Զեղխություն տվիր:
Մարդը պատասխանեց.—Ըրի՛ այդ ամենը:
Աստված գոցեց Մարդուն Կյանքին Գիրքը և ըսավ.—Վստահա՛բար, քեզ Դժոխք պիտի խրկեմ. Դժոխք խրկել կ՚ուզեմ քեզ:
Մարդը պոռաց.—Չե՜ս կրնար:
Աստված ըսավ Մարդուն.—Ինչո՞ւ համար և ի՞նչ պատճառով չեմ կրնար եղեր քեզ Դժոխք խրկել:
—Որովհետև Դժոխքի մեջ անցուցի կյանքս, պատասխանեց Մարդը:
Ու լռությունը տիրեց Դատաստանատան մեջ:
Վայրկյան մը հետո Աստված խոսեցավ ու ըսավ Մարդուն.— Քանի որ քեզ Դժոխք չեմ կրնար խրկել, ապահովաբար քեզ Երկինք պիտի խրկեմ. Երկի՛նք խրկել կ՚ուզեմ քեզ:
Մարդը պոռաց.—Չե՜ս կրնար:
Եվ ըսավ Աստված մարդուն.—Ինչո՞ւ համար և ի՞նչ պատճառով չեմ կրնար քեզ Երկինք խրկել:
—Քանզի երբեք և ոչ ուրեք կարող եղած եմ Երկինքը երևակայելու, պատասխան տվավ Մարդը:
Ու լռությունը տիրեց Դատաստանատան մեջ:
ՕՍՔԱՐ ՈԻԱՑԼՏ