Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/52

Այս էջը սրբագրված է
19. ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԵԾՈԻԹՑՈԻՆՆԵՐ

Երիկուններն ես կը խոկամ,
Ամայության երգը կ՚անցնի
Պատուհանիս երբ առջևեն,
Անկապ ձայներ զիս կը թովեն,
5 Հոգվույս մեջեն մերթ Աշունի
կ՚անցնի հանկարծ ուրուն տարտամ:

Գիշերն համբուն ես կ՚երազեմ
Ցավը կյանքի Աշուններուն,
Ու շամբուշ հովն՝ որ կը տանի
10 Դեպ ի տամուկ խորշեր նըսեմ՝
Զորս տերևի տեսիլն աղփուն
Որ օդին մեջ կը տատանի:

Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ
Պարուտակը մըշուշներում,
15 Զոր գիշերվան անտես ձեռքեր
Թույլ միջոցին մեջ են ձըգեր,
Վըհատության պես մոլորուն՝
Զոր քաշած է սերն հոգվույն դեմ։

Բայց թափառի՛լ կ՚ուզեմ ընդմիշտ,
20 Մառաղուղին ու հովուն դեմ,
Ու դաշտերուն մեջ ամայի,
Ուր աչքն ահով միշտ կը նայի,
Դիտել՝ տժգույն ու դալկադեմ
Բարձունքներուն տամուկն ու վիշտ։