Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/75

Այս էջը սրբագրված է
34. ՈԻՌԻՆԵՐՈԻ ՇՈԻՔԻՆ ՏԱԿ…

Ա

Ուռենինե՜ր, լացե՜ր, լացե՜ր անդադրում,
Արտասուքնիդ շիթ շիթ հոգիս կ՚արծաթե.
Ես կը փարիմ մենիկ պահին այս տրտում
Ուր ձեր հեղուկ նրվագն հուշիկ կը կաթե։

Ծաղիկներուն գոտին դեղին, լայնարձակ5
Արոտներու զյումրյութ իրանն երբ գրկե,
Ու միջօրի արևն ալ՝ խուրձ ու տրցակ
Շողերն իր՝ բիլ ժապավենով մը պրկե։

Կուգան կույսերն իմ անուրջիս, հերարձակ,
Մանիշակե բըլուրներեն ու դաշտեն,10
Ես կ՚ունկնդրեմ հապըշտապ ու համարձակ
Քայլերուն՝ որ լուռն ուժգնորեն կը շեշտեն։

Ու կը պարե՜ն, իրենց նազանքն հարսենի
Ու նայվածքնին քողքած կագի մըշոլշով,
Իրենց վարսքին հետ կը խաղա սյուք մը զով15
Եվ այտերնին կակաջի պես կը շիկնի։

Իրենց մարմինն՝ ակնվանի թափանցիկ,
Իրենց հոգին՝ համբույր համակ ու շուշան,
Իրենց սիրտը՝ հուր շրջմոլիկ ու բաղձիկ,
Իրենց ծիծաղն՝ արշալույս մը ջինջ գարնան։20