Ցայգն է պայծառ անհունորեն
Ցոլցըլանքովն իր խոլապար.
Օդանույշներ՝ որ մեղմաբար
Քնքշանքով զիս կը պարուրեն։
Բուստ համբույրով՝ որուն կարմիր5
Կարոտովն իմ հոգիս կու լար։
Ինչպես փանդիռ մը մեղմալալր՝
Պոնդերու տակ մեղկ ու ցանցիս։
Պարզկա ցայգուն անուրջին մեջ
Լըվալ կ՚ուզեմ հիմակ հոգիս,10
Եվ հըրահրել՝ երբեմնի շեջ
Աշտանակներն իմ երազիս։
Մրտածումըս կ՚անցնի նորեն
Շավիղներեն իր լուսավետ,
Հեշտություններ հոգվույս հավետ15
Բերելով իր ճամբաներեն։
Գինո՜վ եմ ես ծաղկանց բույրեն,
Տարաշխարհիկ ու գըրավիչ,
Ու ձայներեն ալ՝ որ քիչ քիչ
Իմ երագներըս կ՚օրորեն։20
Եվ անծանոթ աշխարհներուն՝
Անեզրին մեջ խորհրդազեղ՝
Կ՚անդրադառնա մեջն իմ հոգուն
Երկներևույթը գունագեղ։