Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/84

Այս էջը սրբագրված է

38. ԿԱՊՈՒՅՏ ՀԱԾՈԻՄՆԵՐ

Կը դառնան ժիր կախիլներն իմ ապըրշումե անրջանքիս, Ոլորելով դեղին, ճերմակ մահն երբեմնի շերասներուն. Խըռովանքիս մեջ կըսպասեմ, ո՞ւր, արդյոք ո՜ւր պիտի հագնի Կույս ու ծաղիկ երազներուս դեղձան շառափը մարմըրուն։

Դառն հրճվանքով ես կը դիտեմ խելխոլ շրջպարն այդ

դարձդարձիկ,

Գիրկն անդորրիս կիսամըրափ և անձկանքիս մեջ ամրափակ, Տենչ մը դալար բաղեղի պես կը պլլըվի հոգվույս բաղձիկ՝ Ձոր տենդագին կը գալարեր հուր սերերուն ուժգին պապակ։

Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե' հեշտին համբույրն անույշ

լելակներուն,

Ու թևաբախ սուրա հոն՝ ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլի Քեզ կըսպասեն՝ խնկապատար ցայգուն ցողովը թաթավուն, Իրենց անհուպ միայնության մեջ՝ սրգավոր ու հեշտալի։

Շրջանն ըրե մարմանդներուն ու ծաղկածին հովիտներուն, Անցիր տըմույն ըստվերներու մեջ աղոթող անտառներեն, Գոտի հյուսե շուրջն ալևոր քարշեպներուն ու գալարուն Գետին վյըրաճ որ կը վազե հըռնդալեն ու հևալեն։

Անցիր փաղփուն հյուսիսայգին բորբ ալքերու չամանդաղին, Մինչև երդեմն արտոսրազօծ կանացի բոց հոգիներուն, Ըսե կրակոտ նայվածքներուն թե մանո՜ւկն եմ իրենց խադին Ու տար անոնց դողն ըստվերոտ պաղատանքիս իմ մոլորուն։

Այս իրիկուն, լուռ, անշըշուկ, օրհասին հետ բզզյուններուն, Ու խաղաղիկ հորձանքին մեջ թռչուններու ցայգանդորրին, Այս իրիկուն, թե՜լն անուրջիս, դընա, անցի՜ր, հուշիկ հեուն՝ Լուսածըրար երկինքներու ճամբաներեն լայն ու լըռին։