Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/94

Այս էջը սրբագրված է

7. ՋՐՏՈԻՔ

Շավարշ Միսաքյանյին

Հոյհո՜յ, գետը կը թրջե ցայգուն քամակն արծաթված, Իր հորձքին մեջ ծեծելով անդուլ խարակն ու խութեր․ Հոյհո՜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետվեր Գաղջ տարփանքովն իր ջուրին՝ ուր արևը կ'ապրի դեռ։

5 Հակուրջի մը առկախած գյուղա կն անդին կ՝օրորեն Անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ըստվերներ․ Վանքին բակը՝ կաղոթեն հսկա ծառեր տարորեն՝ Որոնց տամուկ շուքին մեջ Աստվածամարն է կայներ։

10 Ու գյուղակին դեմ նստած, երիտասարդ ու պչրոտ, Պարտեզները՝ վերեն վար վազող ջուրին կըսպասեն․ Ա՜լ հափրացած խոլ գետին անարգավանդ դարպասեն, Ու լռությունը խածնող լուտանքներեն արհավրոտ։

15 Գիշերային ջրտուքի ժամն է․ լույսին մեջ կայնած, Մըշակն անքուն կըսպասե՜, ոտքը բոպիկ, բահն ուսին․ Պարտեզներուն վրա կ'իջնե թեթև քողք մը միգամած, Ու ծղրիդներ՝ լուսնակով արբշիռ՝ անվերջ կը խոսին։

20 Ու կ'երկարի լուսարծաթ ժապավենն այդ բարբառին, Ինչպես փախչող ասուպի կոթունները կաթնավետ․ Ավազին վրա ջուրերու կ'իյնա շառաչը վետվետ, Խարույկները՝ ոսկեբաշ՝ ուրեք ուրեք կը վառին։

Հոյհո՜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերեն Եվ երգի քուղ մը կու գա պլլըված էը գոտիին․ Սյուք մը կ'անցնի, տերևներ ծա՜փ կը զարնեն ցնծագին․ Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն։