Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/10

Այս էջը սրբագրված է

պես»։ Թևավոր խոսք էր դարձել նրա «թղթե շերեփի» փոխաբերությունը. վերադառնալով վեհաժողովից, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ անտեղի, իզուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը։ Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա դառնացած, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր:

Դժբախտաբար համաշխարհային հանրության աչքին հայ ժողովրդի պայքարի իրավացիությունը արժեք չուներ, և վիթխարի իրական կորուստների դիմաց նրա հաղթանակները լոկ բարոյական են եղել մեծ մասամբ, ինչպես որ հակառակն էր թշնամիներինը։ Անտեղի չի լինի, թերևս, հիշեցնել պանթուրքիզժի հայրերից մեկի՝ Զիյա Կեոքլափի խոստովանությունը.

«Մենք հաջողեցանք գրավել բազմաթիվ հողեր,
Բայց հոգեպես մենք պարտվեցանք ամենուր»:
              («Յառաջ» շաբաթաթերթ, 1967, 28 մալիս, № 33)

Անցյալի անդուր արձին ծանոթանալիս հեշտությամբ համոզվում ես, որ աշխարհի քաղաքական բեմահարթակի վրա քիչ, շատ քիչ բան է փոխվել հօգուտ մարդկայնության։ Եվ եթե այսօրվա դիրքերից շատ բան հասկանալի է դառնում անցյալի մեջ, ապա առավել արդյունավետ են պատմության դասերը։

«Երկաթե շերեփի» փոխաբերությունը դարասկզբի ազատագրական պայքարի գործիչները մեկնաբանում էին միանշանակ. «Պետք է կռվել— ահա այդ խոսքերի իմաստը»,— պնդում էր, օրինակ, -Ք. Միքայելյանը (տե՛ս Քրիստափոր Միքայելյան, Հեղափոխականի մտքերը, Երևան, 1990, էջ 66)։ Բայց ժամանակակից քաղաքական պայքարը ցույց է տալիս, որ երկաթե շերեփը ևս ամենազորեղ, ամենաազդու կամ մանավանդ միակ միջոցը չէ։ Պարզվում է՝ ոչ պակաս նվաճումների կարելի է հասնել, եթե շերեփը ազնիվ մետաղից է։

Երբ հռչակվեց օսմանյան սահմանադրությունը (1876), հայ մտավորականության մեջ ինչ-որ հույսեր արթնացան։ Իր մտորումներն ու նկատառումները արտահայտեց նաև Խրիմյան Հայ—