Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/12

Այս էջը սրբագրված է

աստիճանաբար փոխվում է ոգևորության.

— Տեսնեմ, Վեհափառ, է այդ թանկագին հնությունը։

— Իմ ազգս է,— կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը,— Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ. իմ թշվառ ազգը։ Անտեսած այս թանկագին հնությունը հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք։

Դիպուկ է Խրիմյանի նկատողությունը, գեղարվեստական և պատմական արժեքներն այդչափ բարձր գնահատող մարդկությունը անտարբեր է դրանք ստեղծող ժողովրդի նկատմամբ։ Հայրիկին վրդովում էր այն գիտակցությունը, որ ոչ միայն ըստ արժանվույն չի գնահատվում հայոց մշակութային ծառայությունը մարդկային քաղաքակրթությանը, այլև ամեն քայլափոխի անտեսվում են նրա իրավունքները՝ ըմբռնելով հանդերձ, որ նրա հակառակորդը քաղաքակրթությանը լոկ վնաս պատճառած, մարդկության առաջընթացը կաշկանդող բարբարոս է։

Եթե Խրիմյանի գործունեության առաջին շրջանը կապված էր գլխավորապես Թուրքիայի ավազակապետության հետ, ապա նրա կյանքի վերջին տարիներր խռովեցին ցարական կառավարության հակամարդկային գործողությունները: Ինչպես բազմիցս նկատել են քաղաքագետներն ու պատմաբանները, «Ռուսաստանը մրցում է Տաճկաստանի հետ պետական կյանքի բոլոր ասպարեզներում... Եվ վատաբախտ հային վիճակված է ապրել, օր-արև տեսնելու իրավունք հայցելն այդ երկու մահաբեր բըռնապետությունների սահմաններում «սատանային ու խոր ծովին միջև» (այս վերջին արտահայտության փոխարեն հաճախ ասում են նաև մուրճի ու զնդանի կամ սկիլայի ու խարիրդայի միջև): Անդրկովկասում փակվեցին ազգային բոլոր դպրոցները. 1900 թ. Հունիսի 12-ի օրենքով, որը Հայրիկը Լինչին հասցեագրած նամակում որակեց իբրև «տարօրինակ օրենսդրություն».— բռնագրավվում էր եկեղեցու գույքը։ Եվ Ամենայն Հայոց կաթողիկոսը հերոսական, աննահանջ պայքար ծավալեց այդ որոշման դեմ: Նա հատուկ կոնդակով հոգևորականությանը հորդորեց չենթարկվել հրամանին։ Նիկոլայ Երկրորդին հղած նամակում Հայրիկը բողոքում էր, որ հայ եկեղեցու համար կենսական նշանակություն ունեցող այդ օրենքն ընդունվել է առանց իր գիտության։ Նույն նամակում անդրադառնալով Հայաստանում ծայր առած ժողովրդական բողոքի արտահայտություններին՝ ասում