Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/16

Այս էջը սրբագրված է

մական հոդվածներ («Ժամանակ և խորհուրդ յուր», «Թագաւորաց ժողով», «Ծրագիր բարենորոգմանց» և այլն), բանաստեղծություններ, որ ամփոփված են «Վերջալոյսի ձայներ» ժողովածուի մեջ, «Ողբացող Խորենացին» քերթվածը ևն, սակայն նրա մուտքը դրական ասպարեզ նշանավորվեց առավելապես «Պապիկ և Թոռնիկ» երկով (1894), որը պարունակում է կենդանի ու վառ պատկերներ Վասպուրականի գյուղական իրականությունից. կենցաղի ու ավանդույթների նկարագրություններ, բնության տեսարաններ, ժողովրդական խոսք ու զրույցներ, փիլիսոփայական իմաստություններ ժամանակի, կյանքի ու աշխարհի մասին։ Չնայած արտացոլում էր 60 — 70-ականների իրականությունը և բովանդակում այդ ժամանակաշրջանի միտումները, «Պապիկ և Թոռնիկը», սակայն, արձագանքում է նաև դարավերջի հրատապ խնդիրներին։ Ավելին. իբրև գրական երևույթ, նրա երևան գալը համընկնում էր «գավառական գրականության» զարգացման նոր փուլին, որ նշանավորում էր անցումը դեպի գեղարվեստական գրականություն։

Հեղինակի հավաստմամբ «Պապիկ և Թոռնիկի» նյութը քաղել է «Վասպուրական երկրի շինական ժողովուրդի ծավիկներեն»։ Նախամուտքը հիշեցնում է Խ. Աբովյանի «Վերքի» առաջաբանը։ Հայրիկը դժգոհում է քաղաքի «իմաստասեր մատենագիրներից», որոնք գրքեր չեն գրում գեղջուկների կյանքից, նրանց համար։ «Պապիկի միակ նպատակն ի՞նչ էր, որ այս փոքրիկ գիրքը շարադրեց քեզ համար, որպեսզի դու կարդաս իմանաս ու ճանչնաս քո նշանակություն, ճանչնաս ու զգաս միանգամայն քո խեղճ կյանք ու վիճակ»։ Նա ցավով է նշում, որ նույնիսկ գյուղական երիտասարդությունը կրթություն ստանալով՝ շատ դեպքերում կիսատ-պռատ, մոռանում է իր ծննդավայրը, շինականի հոգսերը և ապաստանում քաղաքներում։ Գրողը հորդորում է շինական ժողովրդին, որ նա սիրի հայրենատուր հողն ու դաշտը և երբեք չբաժանվի նրանից։ Եվ Պապիկը Թոռանը պսակում է «հողին ու մաճին, գութանին և հողագործության հետ», նա պետք է ուխտե անքակտելի պահելու այդ պսակը. «Ահա կը դնեմ քո գլուխ ցորենաբույսի ցողուններեն հյուսված այս գեղեցիկ պսակ, թող վկա լինին մեր մշակներ, հոտաղներ և մեր լծկան գոմշուկներ և եզներ»։ Ամեն ինչ կա—