Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/22

Այս էջը սրբագրված է

ԱՌ

ՇԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ՀԱՅՈՑ

ՊԱՊԻԿ ԵԻ ԹՈՌՆԻԿ քեզ համար գրեցի եւ քո անուան նուիրում եմ, իմ սիրելի դաշտաբնակ մշակ ժողովուրդ, Հայոց Հայրիկ, որ այժմ ծերացած մի պապիկ դարձած է, նա սիրեց եւ փոքրութիւն չհամարեց, որ ինքն պահ մի իբրեւ մի շինական պապիկ ձեւանայ, որպէս թէ Վասպուրականի Առճակ գիւղի մէջ ծնած է, Վարագայ վանքում մաճկալ եղած է, շատ անգամ ի Պօլիս գնացել եկեր է եւ առանց դպրոցի նա միայն մտիկ անելով եւ գրքեր կարդալով քիչ մի բան սովրած է եւ իւր սովրած կաւանդէ իւր սիրական թոռնիկին:

Պապիկի միակ նպատակն ի՜նչ է որ այս փոքրիկ գիրքը շարադրեց քեզ համար, որպէս զի դու կարդաս իմանաս ու ճանչնաս քո նշանակութիւն, ճանչնաս ու զգաս միանգամայն քո խեղճ կեանք ու վիճակ:

Երջանիկ ես եւ թշուառ կապրիս, բազմահարուստ գանձի տէր ես եւ գրպանդ մի փող չկայ, երկրիս մեծ կալուածատէրն ես, բայց միշտ հացի կարոտ ու պարտապան՝ երկրի ընդհանուր քաղաքացի ժոդովուրդին ամէն կենսական բարիքներ դու կը մատակարարես, թագաւորէն սկսեալ մինչեւ յետին քաղաքացւոց սեղանին հաց կուտաս, իւդ կուտաս, միս կուտաս, հագուստներու նիւթ կը մշակես, բուրդ կուտաս, բամբակ կուտաս, քթան կուտաս, շերամ կուտաս եւ այլ շատ բաներ, զորոնք ես այստեղ չեմ ուզեր թուել: Բայց ի՜նչ է պատճառ, գիտե՜ս արդեօք, որ դա քո թուած այնչափ բարիքներէն միշտ զրկուած կը մնաս, դու կարդա՝ «ՊԱՊԻԿ ԹՈՌՆԻԿ», քաջ կիմանաս թէ դորա միակ պատճառ տգիտութիւնն է, գռեհկութիւն, կարդալ, գրել, հաշուել, տնտեսել չգիտնալն է: Իսկ քո տգիտութեան եւ այդ վիճակի մէջ այդպէս մնալուն պատճառն ի՜նչ է, այն էլ խօսիմ ու բացատրեմ քեզ, դու մտիկ արա, որ գիտենաս եւ խելամուտ լինիս:

Ինձ այնպէս կը թուի թէ դու եղեր ես մի մոռացեալ երկիր, ինչպէս ասում է Սաղմոս, դու լայնածաւալ դաշտերու եւ լեոներու վրայ բնակում ես, ի՜նչ զարմանալի բան է, որ քաղքցիք զձեզ չեն տեսնար, քո դիրք շատ խոնարհած գետնահաւասար եղեր է, անխոնջ մրջիւնի նման կաշխատիս: Քաղքցին բարձրավիզ է, չի տեսներ զքեզ եւ շատ անգամ, ո՜հ, կոխկռտելով կ՛անցնի քո վրայէն եւ դու կը ճմլիս նորա ոտքի տակ:

Քաղաքացիք իմաստասէր մատենագիր դարձան, բայց չեն զիջանիր քեզ համար գրքեր գրել, թէ եւ խմբագիրք եւ գիւղատնտեսներ քեզ համար շատ յօդուածներ նուիրում են, դու մի գանգատիր, նոյն իսկ գիւղականի մի զաւակ, որ մի բարերարի շնորհիւ կերթայ Եւրոպայ, կաւարտէ իւր ուսումն եւ համալսարանէն կը վերադառնայ, ասացէք դուք շիտակ դէպ ուր կ՛եր թայ, դէպ ի քաղա՜ք առանց իւր հայրենի շինական տան ու ծնողաց առաջին ողջոյն եւ այցելութիւն տալու, եթէ ասես, պարոն ինչու մոռանում ես քո գեղ, որ քո ծննդավայր եւ խանձարուրն է: