Այս էջը հաստատված է

և գլուխը, օրինակ ինչպէս մրսած մարդը ճլմկոտում է մի կողմից դէպի միւս։

3) Հիւանդին տալիս են նստած դրութիւն և մի մարդ յետևից կռան տակերից գրկում է նորան և հետևաբար առաջ և յետ տանելով՝ կուրծքը և գլուխը, մի և նոյն ժամանակը փոքր ինչ բարձրացնում է բոլոր մարմինը կռտնտակներից։

Ահա այս երեք դիւրին միջոցներով կարելի է տալ շնչառութիւն խեղդուածին․ իսկ եթէ նա կարողանում է շունչ առնուլ, բայց խանգարուած է, դորա համար նոյնպէս հեշտ միջոց կայ, այն է աշխատել, որ հիւանդը սիրտը վէրածէ ինչպէս մեզանում ասում են, իսկ այդ ամէնքը գիտեն, մատը բողազին տալ, կամ փէտուրով քիմքը խուտուտ ածել։

Երբոր շնչառութիւնը վերանորոգուեց, այն ժամանակը հանգիստ դրութիւն անկողնի մէջ, թէյ տալ և մարմինը մերսել զանազան սպիրտներով և արաղներով։

12) Ցրտի տարածներին խորհուրդ է տալի սառուցով և ձնով պատել մարմինը։ Այդ ամենեևին հարկաւոր չէ։ Այլ գլխաւոր նպատակը, այն է, որ աստիճան առ աստիճան հիւանդին տանեն տաք օդի մէջ։ Այդ պատճառաւ ցրտի տարածին գտնելուն պէս՝ ուղղակի չը պէտք է տարած տաք սենեակը։ Շորերը հանելուն պէս պէտք է մարմինը զգուշութեամբ ձնով մերսել և նայել ինչպէս հիւանդը սկսեում է ուշքի գալ, նորան կամաց կամաց տանել առաւել տաք օթախի մէջ։ Յետոյ մի շալի կտորով մերսել մարմինը և ապա տալ թէյ և մի փոքր արաղ, իհարկէ եթէ ռօմ կայ, առաւել լաւ մի փոքր ռօմ։ Ուրեմն յուսամ, որ հասկանալի եղաւ, որ հարկաւոր է ցրտի տարածին աստիճան առ աստիճան տաք սենեակի մէջ տանել, և կամաց կամաց մերսել մարմինը։

13) Ածուխի հոտ դիպածին խորհուրդ է տալիս տանել մաքուր օդի մէջ (ի հարկէ շատ լաւ է)․․․ վրէն սառը ջուր ածել մի արշին բարձրութիւնից (եթէ կէս կամ արշինուկէս լինի ինչ վնասակար բան կարող է պատահել) հոտ քաշել տալ քացախ, (անօգուտ է) յետոյ տալ քացախ կամ լիմոնով ջուր (անօգուտ է)։

Ի հարկէ, ածուխի հոտ դիպածին (угаръ) իսկոյն հեռացնելով սենեակից, ազատ և մաքուր օդի մէջ պէտք է բոլոր կապած տեղերն թոյլացնել, (բօղազի աղլուխն, կոմլակները, գոտիկն և այլ հուպ տուող բաներն) և յետոյ գլխին սառը ջուր ածել․ քթի տակն բռնել նաշատիրի սպիրտ, սորանից հինգ եօթը կաթիլ ջրի հետ ածել բերանը։ Եթէ մրսելուց երկիւղ չը կայ հիւանդի երեսը մոտկացնել բացարած պատուհանին։ Մարմինը մերսել սառը ջրով, սպիրտներով և վերջապէս եթէ ուրիշ բան չի կայ աղաջրով։ Այս մի և նոյն խորհուրդներն կարելի է կատարել և 14) արբեծածների օգնելու համար։

Այս 15) վերջի խորհուրդն է, որ տալիս է մեր 1873 թուի նորամանուկ օրացոյցը։ Դորա խորհուրդները խօլերայի համար բաւականին օգտակար են, բայց մի պակասութիւն կայ, այն է խօլերայի ժամանակ ամէն մի փոքր և չընչին ստամոքի անզգուշութեանը (լուծել կամ փոխել) պէտք է ուշք դարձնել։ Ամենայն ընտանիք պէտք է ունենայ տանը մի քանի խօլերայի դէմ դեղեր և զգոյշ ըլին իրանց ստամոքսի կողմից։

Թէև իմ դատօղութիւնս այս օրացոյցի յաւելուածի վերայ առաւել երկար եղաւ, քանց ինքը յաւելուածը, բայց ես ունենալով իմ նկատողութեանս մէջ մի կողմից բարի նպատակը այդ յավելուածի գրողի, մի կողմից նորա նորութիւնը և սխալական կարծիքներն, իսկ միւս կողմից իմ ցանկութիւնը առաւել նոր խորհուրդ տալ վերոյիշեալ հարցմունքների մասին, երկարացրի իմ գրածը։ Ինձ մնում է միայն ասել որ կը ցանկանամ ի բոլոր սրտէ այսպէս նորածին գրքոյկներին որ մտքերը նոյնպես լինեին նոր և առոյգ, թափտան իրանցից հնութեան փոշին և պառաւական խորհրդածութիւններն։ Այնպէս որ մեր Հայերի մտաւոր զարգացման մէջ կարելի լինի զանազանել նոր տարին հնից։

Բժշկապետ Գ․ Քուչարեանց

ՆԱՄԱԿ ՄՕՍԿՎԱՅԻՑ

Դեկտեմբերի 9-ին (1872 թ․) Մօսկվայումս հայ ուսանողները տուին հայերէն ներկայացումն յօգուտ իւրեանց խեղճ ընկերներին։ Այս բարի միտքը ահա այս երկու տարի գտաւ համակրութիւն Մօսկվայի, մեր հայ ժողովրդեան կողմից։ Ինչպէս անցեալ տարի, նոյնպէս այս տարի հաւաքվեցաւ բաւականին գումար․ ամեն ծախսերը հանելով 360 րուբլի արծաթ մնաց։

Ներկայացրին „Շուշանիկ“ ողբերգութիւնը, հանգուցեալ Յակոբ Կարինեանի գործը, որի արժանաւորութիւնը և պակասութիւնները կարծեմ որ ամենին յայտնի է, միայն ես իմ կողմից այն կարող եմ ասել, որ այդ գործը մի դրամատիկական գործ չէ, այլ հեղինակի անձնական (եթէ չեմ սխալվում) զգացմունքներն են, որ հատ ու կտոր այս կամ այն գործող անձի բերնից դուրս են գալի, մինչև անգամ Վազգէնն ևս իւրեան պարտք է համարում մի քանի գովասանքներ տալ հայերի մասին։ Միայն պէտք է խօստովանել, որ այդ ողբերգութիւնը շատ դուր է գալի մեր ժողովրդեանը, և մեծին թէ փոքրին արդէն յայտնի է „Շուշանիկը“։

Մոսկվայումս „Շուշանիկը“ խաղացին, ինչքան կարելի է պահանջել տարին մի անգամ հանդէս դուրս եկողներից։ Ուսանողները աշխատել էին իւրեանց դերերը խղճմտանքով սովորել։ Բայց զարմանալին այն է, որ ոչ մէկի չերևաց ճշմարիտ արհեստագիտական ընդունակութիւն։ Օրիորդ Սողոմէ Ստեփանեանի մասին Շուշանիկի դերումը, կասեմ միայն որ չը նայելով իւր դէրի դժուարութեանը, նա յաղթէլ էր շատ արգելքներ։ Խօսում էր և ասում էր իւր դերը շատ գեղեցիկ և ժողովուրդը մնաց շատ բաւական։ Առ հասարակ այս տարւայ հայերէն ներկայացումը լաւ անցկացաւ, այնպէս որ ժողովրդից շատերը յայտնեցին իւրեանց ցանկութիւնը այս տարի գոնէ մի անգամ ևս տեսնել մայրենի լեզւով թատրոն։ Այսպէս ուրեմն, ուսանողները հասան իւրանց նպատակին—միացնելով օգտակարը հաճոյականի հետ, ժողովրդեանը բաւականութիւն, իւրեանց ընկերներին օգնութիւն տալով։—Պարտականութիւն եմ համարում ինձ այս ևս աւելացնել, որ պ․ Ստեփանեանի ընտանիքը ուսանողական այս ձեռնարկութեան ոչ միայն նիւթապէս մասնակից եղան, այլ ևս անձնապէս, չը խնայելով ոչ ժամանակ և ոչ աշխատութիւն՝ մասնակցելով ներկայացման մէջ, օրիորդ Ստէփանեանը յայտնի ստուգում է իմ ասած խօսքերը։

Դեկտեմբ․ 25-ին․ 1872․
Յ․ Տ․ Յ․

Հետևեալ նամակը ստանում ենք Թիֆլիսի հայ-դերասանական խմբից
պ․ Խմբագիր

Մենք ստորագրվածներս ուղարկած էինք, հետևեալ նամակը „Մեղու Հայաստանի“ խմբագրութեանը, բայց նա չը տպագրեց նամակը իր լրագրի մէջ, այլ հանեց միայն նրանից բովանդակութիւնը․․․ Մենք չենք իմանում, ինչ հասկացողութիւն ունի „Մեղուի“ խմբագրութիւնը քաղաքավարութեան գաղափարի վերա, բայց ամեն տեղ ընդունված է, որ երբ մի լրագիր անգիտակցաբար մէկին զրպարտել է, նա իր ազնիւ պարտաւորութիւն պիտի համարէ զրպարտած անձի կողմից պատասխանը տպագրելով, կամ հերքել, կամ աշխատել բացատրել իր զրպատրանքը։ Բայց „Մեղուն“ ուրիշ կերպով է հասկանում քաղաքավարութիւնը, ուստի մեզ մնում է ձեզի դիմել, խնդրելով տպել մեր նամակը ձեր թերթի էջերի մէջ։

Մեծապատիւ խմբագիր („Մեղու Հայաստանի լրագրի“)

Խնդրում ենք ձեզ տեղ տալ այս ծանուցումին և յոյսով ենք, որ առաջիկայ համարում նա կը տպուի, որովհետև պատուապահութեան կանոնները պահանջում են ձեզանից պահանջել անորոշ յայտնուած իրողութիւնը որ տպած է ձեր շաբաթաթերթի ներկայ տարվայ առաջին համարում, և որպիսի իրողութիւնը կարող է վիրաւորել ամէն մէկիս մեր ընկերութիւնից, բոլորովին անարդար ձևով։

Մեղուի 1 համարում յունվար ամսի 6-ին 1873 ամի՝ տպած են հետևեալ տողերը, քաղաքացի ստորագրութիւնը պատմելով թէ ինչպէս Անգլիացւոց դերասանուհու մէկը, կորցնելով իր գեղեցկութիւնը ընկնելով երկաթուղու ընկերութիւնից 2000 պէնսով, աւելացնում է ֆէլէտօնիստը։

„Այս հանգամանքը շատ ուրախալի պիտի լինի և մեր դերասաններից մէկի համար, որ ինչպէս լսում ենք մօտերումս նմանապէս վնաս է կրել ապտակներ ստանալով։ Խորհուրդ ենք տալիս այդ պարոնին դիմել Անգղիացւոց դատարանը, որ անկասկած կորոշի յօգուտ նօրան, վնասողից գոնէ 200 պէնս։ Այս ևս վտանգաւոր է, վայ թէ այն ժամանակ շուտ շուտ ցանկանայ նա այդպիսի մեծ վարձատրութիւն ստանալ“։ Մէկ կողմը թողնելով պ․ Քաղաքացու վարժողութիւնը պատմութեան մէջ, մենք դարձնում ենք ձեր ուշադրութիւնը վերոյիշեալ ձեր լրագրում տպած խօսքերի վրայ, գործի իսկական էութիւնը բացատրելու համար, խնդրում ենք ձեզ պահանջել ձեր աշխատակցից, յայտնել մեզ թէ ինչպէս է հասկանում նա մեր դերասաններից մէկը ասելով, այսինքն այդ մերը որ դերասանական խմբին է վերաբերում և եթէ դա վերաբերում մեր խմբին՝ ուրեմն ո՞վ է այդ դերասանը։

Յոյսով ենք որ խմբագրութիւնը առանց յետ ձգելու կաշխատէ բացատրել այդ հարցը, որովհետև հակառակ դէպքում մեզ կը մնայ ասել, որ մեր հայրենական թերթերից մէկի էջերում տարածում են զրպարտութիւն և խմբագրութիւնը չէ աշխատում բացատրել այդ զրպարտութիւնը։

Մենք կարծում ենք որ դուք չէք հասցնի բանը մինչի այդ տեսակ վիրաւորանքի որը վերաբերում է թէ ձեր ընկերներին, թէ ձեզ իսկապէս, պարոն։

Սաթինիկ
Քեթեւան Արամեանց
Գէորգ Չմշկեան
Յովհաննէս Ամերիկեան


ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

1 ներքին 5 տոկոս փոխառութեան արած տիրաժի դուրս եկած դոմսակները, որոց տարած գումարը հազար ռուբլի է։

8․299 4
15․030 41
4․830 30
18․123 41
5․739 42
18․355 37
16․347 33
12․502 37
10․207 15
13․072 8
15․419 26
8․772 21
556 14
4․938 9
12․434 20
14․212 38
16․808 1
852 19
14․786 12
5․302 6

Մեզ գրում են Զաքաթալից, որ դեկտեմբ․ 30-ին այդտեղ ներկայացրին բարեգործական նպատակով „Դալալ Ղաղօ“ կատակերգութիւնը։ Զուտ արդիւնքը ծախսերը հանած մնաց 53 ռ․ 50 կոպ․, որ և բաժանեցին աղքատներին։ Այդ բարի գործի յորդորողը տիկին Եկատէրին Ղորղանեանն էր։

Մեզ հաղորդում են որ Ալէքսանդրապօլում դիտաւորութիւն ունեն հայոց նարկայացում տալ։

Դէրբենտում նորերումս տրվեցաւ հայոց ներկայացումն։


ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՍՊԱՆԻԱ

Եւրօպայի երկիրներից ոչ մինը այնքան անընդհատ վրդօվմունքների և խռովութեանց չիենթարկւեցավ անցեալ տարուայ ընթացքում, որքան որ Սպանիան։ Ուրիշ երկիրներում, այդ միևնոյն պատահող ներքին տատամունքները առաջացան առ հասարակ երկրի սահմանադրական հարցերի այս կամ այն տեսակ փոփոխութիւններից։ Բայց այդ բոլոր խռովութիւնները չէին գործ դրվում այնպիսի յեղափոխական շարժումներով՝ ինչպիսին որ տեսնում ենք Սպանիայի մէջ։ Այդ կողմից, վերջինս (Սպանիան) բացառութիւն է կազմում մնացած Եւրօպայի տէրութիւններից։

Արդէն անցեալ տարուայ գարունքից սկսած՝ Կարլոսեան կուսակցութիւնը, բարձրացնելով իր սպիտակ-դրօշակը Նավարրայի մէջ, դեռ մինչի ներկայ օրերս շարունակում է ապստամբական ասպատակութիւնները, թէև մին քանի անգամ իրանց գլխաւորը թագաւոր Դօն-կօրլօս VII-դ անուանուածը նշանաւոր հարուածներ կրեց այժմեան Ամէդէյ թագաւորի զօրքերից, և ամօթալի կերպիւ փախաւ կռուի դաշտից։ Այժմեան Կարլոսեան փոքրիկ գնդերը որոնց գլխաւորն է Դօն-կարլոսի եղբայր Դօն-Ալֆօնսօ դէ-Բուրբօնը, աւելի աւազակների խմբին է նմանում, քան թէ մի որ և իցէ կուսակցութեան կառավարութեան դէմ մաքառող ապստամբական զօրքի։ Բացի դորանից, վերջին ժամանակում, սկսվաւ մի նոր յեղափոխական շարժում, այսպէս անուանուած-կարմիր հանրապետականների կողմից։ Այդ շարժումը ևս յաջողութիւն չունեցաւ, որը եթէ գլուխ գար ինչպէս երևում է ապստամբների յայտարարութիւնից, Սպանիայումն էլ պիտի կրկնվէին միևնոյն զարհուրելի անցքերը, ինչ որ Փարիզի կօմունան էր անում․․․․․․

Շատ կարելի է հեշտ լինէր այժմեան Ամէդէի թագաւորին, այդ արիւնհեղութեանց մի զօրեղ հարուածով վերջ դնել․ եթէ երկրի սահմանադրական կեանքը ևս զանազան տատանմունքներով չը տարուբերվէր։ Մին քանի ամսի մէջ հինգ անգամ նախարարութեան կրիզիս առաջացաւ։ Այժմեան նախարարութիւնը կազմվեցաւ արմատական կուսակցութեան ներկայացուցիչ Ցօրիլայի նախագահութեամբ՝ որը աշխատում է զանազան նոր վերանորոգութիւններով՝ բարեկարգել երկրի անմխիթար դրութիւնը։

Վերջին ժամանակում, Ցօրիլան առաջարկեց Կօրտեսի ժողում, երկու նշանաւոր հարց-մինը, ընդհանուր զինուորագրութեան, իսկ միւսը, Պօրտօ-Րիկօ կղզու մէջ ստրուկների ազատութիւնը։ Այս վերջին պրօէկտը, ինչպէս և կարելի էր սպասել, Կօրտէսի բազմաթիւ կուսակցութիւններից միակամ հաւանութեամբ ընդունվեցաւ։

Սորանով նախարարութեան նախագահ Ցօրիլան, մի կողմից ամրացրեց իւր խախուտ դրութիւնը, իսկ միւս կողմից պակաս օգուտ չը բերեց Ամէդէի թագաւորի գահին․ իսկ ինչ որ վերաբերում է Կուբայի-կղզու մասին, Ցօրիլաի կարծիքով, այնտեղ ստրկուեթիւնը կը ջնջվի այն օրից, երբ այլ ևս մի ապստամբ չի լինիլ կղզու մէջ, որը արդէն քանի տարի է շարունակում է իւր զօրեղ ընդիմադրութիւնը Սպանիայի կառավարութեան դէմ։ ՊՑօրիլաի ստրուկների ազատութեան առաջարկած հարցը Սպանիայի նախարարութեան մէջն էլ ճգնաժամը առաջացրեց, որովհետև Ցօրիլաի նախարար ընկերները, համաձայն չէին, իրանց գլխաւորի կարծիքի հետ, այդպիսի անժամանակ ազատութեան համար։ Բայց թագաւորը համակրում էր Ցօրիլաի մտքերին, այդ պատճառաւ էլ, մին քանի անհամաձայն նախարարները արձակուրդ տուին, որոց մէջն էր և դրամական մասի նախարար, Րուիս-Գօժէսը, որը համարվում է իբրև ճարտար և ամենաընդունակը այդ պաշտօնի մէջ։ Ի հարկէ, այդ անձի հեռանալը պաշտօնից կունենայ իւր նշանակութիւնը, և կը հարուածի բաւականին Սպանիաի կրէդիտին։

Այն վերանորոգութիւնը ինչ որ արեց Ցօրիլաի նախարարութիւնը Պօրտօ-Րիկու կղզու վերաբերութեամբ, կարելի է ասել որ Եւրօպայի մէջ ամենամեծ տէրութիւնների կողմից թէև Կուբայի մասին միիևնոյն ստրկութեան ջնջման հետաձգութիւնը բաւականին անախորժ յարաբերութիւնների հետևանք առաջացրեց Սպանիայի, և Միացեալ նահանգների մէջ։

Միացեալ նահանգները արդէն վաղուց է, որ փափագում են, այդ հարուստ և մարգարտեա կղզին, ինչպէս որ անուանում են այժմ, իրանց ձեռքը գցեն։ Այս մին քանի տարուայ ընթացքում շարունակվող ապստամբութիւնը ստրուկների ազատութեան պատճառով, բաւականին յարմար առիթ էր իրանց նպատակը իրագործելու։ Այս տարուայ սկզբում՝ արդէն Միացեալ-նահանգների արտաքին գործոց նախարար պ․ Ֆիշը, ուղղեց մի ծանուցագիր Սպանիայի կառավարութեան, բացարձակապէս յայտնելով՝ որ այդ տեսակ խիստ և ապօրինի վարմունքը