Այս էջը սրբագրված է
№ 8. Մարտի 1.
Մարտի 1․ № 8.
1873
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ

Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․

Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ծանուցումն։ — Էլի ջրանցք։ — Ներքին տեսութիւն։ Մեր գիւղացու վիճակը։ Նամակ Օդէսսայից։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Իսպանիա։ Նամակ Վանից։ Արտաքին լուրեր։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։ — Ֆիլիէտօն։


Պարտաւորութիւն ենք համարում յայտնել, որ այս տարվայ „Մշակի“ 4-որդ համարը սպառվեցաւ։


ԷԼԻ ՋՐԱՆՑՔԸ[1]


Քաղաքական տնտեսութիւնը ճանաչում է երկու տեսակ ձեռնարկութիւններ՝ մի քանիսի իրագործումը աւելի յարմար է յանձնել մի վարչութեան (տէրութեան քաղաքին, համայնքին), միւսները աւելի ձեռնատու է յանձնել մասնաւոր անձին, կամ ընկերութեան (կապիտալիստին կամ ընկերակցութեանը)։ Առհասարակ այն հասարակական ձեռնարկութիւնները, որք ներկայացնում են ընդհանրութեան համար առաջին հարկաւորութեան պիտոյք, գիտութիւնը յարմար է համարում որ յանձնվին մի վարչութեան, որովհետև առաջին հարկաւորութեան պիտոյք լրացնող մի հիմնարկութիւն ներկայացնում է ընդհանուր օգուտ և նրանից պէտք չէ և կարելի չէ սպասել նիւթական շահը։ Իսկ երբ մի մասնաւոր անձին կամ ընկերութեան յանձնվում է մի որ և է ձեռնարկութիւն,— հասկանալի է, որ նրանք աշխատում են ձեռնարկութիւնից որքան կարելի է աւելի շահ ստանալ...։

Մի՞թէ, օրինակ, փօստի հիմնարկութիւնը մի մասնաւոր ընկերութեան չէր կարելի յանձնել։ Բայց ընկերութիւնը մի յայտնի դրամագլուխ ծախսելուց յետոյ կը ցանկանայ վարձատրել իրան արած ծախսերի համար, յետ դարձնել տոկոսով ծախսած գումարը։ Իսկ ամեն կրթված հասարակութեան համար, փօստը առաջին պահանջներից մինն է, հեշտացնելով մեծ հեռաւորութեան վրա քաղաքացիների միմեանց մէջ յարաբերութիւնները։ Այդպիսի հիմնարկութենից պահանջելով միայն օգուտը, անարդար կը լինէր, եթէ նրան մի ընկերութեան յանձնէինք, որ երբէք բաւականանալու չէ իր արած ծախսերը ծածկելով, այլ կաշխատէր և շահ ստանալ։

Մի ուրիշ ձեռնարկութիւն կայ՝ այն է մի քաղաքի բնակիչներին ջուր բաժանելը։ Եւրօպայի բոլոր նշանաւոր քաղաքները վայելում են, ջրանցքի միջոցով, ջրի կանօնաւոր բաժանման բոլոր յարմարութիւնները։ Բայց այդ ձեռնարկութեան գլուխ բերելու ձևը տարբեր է զանազան երկիրներում և քաղաքներում։

Որովհետև այս րօպէիս խօսք կայ Թիֆլիսի ջրանցքի վրա, հետաքրքիր է քննել եւրօպական գլխաւոր քաղաքներում եղած այդ տեսակ ձեռնարկութիւնների սիստեմաները։

Ջուրը, ինչպէս յայտնի է, մարդի առաջին պիտոյքներից մինն է՝ նրա գործադրութիւնը ծագում է մարդի անթիւ պահանջներից և շատ բազմակողմանի է։ Նա անհրաժեշտ է՝ տնային տնտեսութեան, առողջապահութեան, տնային և հրապարակական մաքրութեան և կրակի դէմ ապահովութեան համար։

Այժմ հարցնում ենք՝ ու՞մ պիտի յանձնվի մի բազմամարդ քաղաքի մէջ ջուր բերելը և բնակիչներին բաժանելը,— մասնաւոր մի ընկերութեան, կամ վարչութեանը։

Այդ երկու սիստեմաները այժմեան ժամանակին գործ դրվելով, երկուսն էլ իրանց կուսակիցներ ունեն, ուստի նրանցից իւրաքանչիւրն էլ ներկայացնում է թէ արժանաւոր, թէ վնասակար կողմերը։

Քննենք այդ սիստեմաների թէ լաւ թէ վատ կողմերը։

Երբ մի քաղաքային վարչութիւն իր վրա է առնում բնակիչներին ջրի մատակարարելը,— ջուրը միշտ աւելի մեծ քանակութեամբ, աւելի առատ է բաժանվում բնակիչների մէջ։ Քաղաքային վարչութիւնը (մունիցիպալիտէտ) ձեռնարկութենից ստանալու շահերի յետևից չէ ընկնում, այլ գլուխ է բերում ջրանցքը աչքի առաջն ունենալով մարդասիրական և հասարակական օգուտը։ Բացի սրանից, վերցնելով քաղաքացիներից այնքան, որ գլխաւոր ծախսը ծածկվի, քաղաքային վարչութիւնը առատութեամբ առաջարկում է ջուրը բնակիչների ոչ թէ միայն տնային պիտոյքների համար, այլ աւելորդ վարձատրութիւն չէ պահանջում փողոցներ և կլօակներ (անմաքրութեան խողովակներ) իստակելու համար։ Ընդհակառակն, մասնաւոր ընկերութիւնը յանձն առնելով ջուր բաժանելու, չէ կարող բաւականանալ գլխաւոր ծախսը ծածկելով, չէ կարող քաղաքային վարչութեան պէս վնասվել,— բայց կամենալով արած ծախսերին համեմատ վարձատրվել, անպատճառ կաշխատէ շահվել։

Փարիզ և Լօնդօն քաղաքները, ասում է ֆրանսիացի ճարտարապետ Ժ. Դիւպիւի (J. Dupuit), ներկայացնում են այդ երկու սիստեմաների ծայրերը։ Փարիզում ջրի մասին քաղաքն է հոգում, Լօնդօնում մասնաւոր ընկերութիւնը։ Փարիզում 75 ֆրանկ (20 ռուբլի) տարեկան բաժանորդութեան գին վճարողը, բացի իրան հարկաւոր ջրի բաժինը վայելելուց, գտնում է անվարձ ջուր հրապարակական ջրբուղխներում,[2] նրա փողոցները և կլօակները անվարձ են մաքրվում։ Լօնդօնում, ընդհակառակն, նա միայն որ վճարում է, վայելում է ջուրը,— և հասկանալի է, որ մասնաւոր ընկերութիւնը չի կամենայ ոչ անվարձ ջրբուղխներ շինել[3], ոչ էլ անմաքրութեան խողովակներ իստակել։[4]

Սակայն արդարութիւն է պահանջում խոստովանել, որ Լօնդօնում ջրին բաժանորդ չը գրված տուն գտնելու չէք։

„Եթէ քաղաքային վարչութիւնը, ասում է պ. Դիւպիւի, ծախսում է դիցուք տարեկան 200 հազար ֆրանկ ջրանցի վրա, իսկ յետ է դարձնում իրան միայն 100 հազար ֆրանկ,— այն ժամանակ նա ստիպված է լինում լրացնել պակասորդ գումարը ուրիշ աղբիւրներից՝ բարձրացնելով ուտելիքների և խմիչքների հարկը։ Ինչ օգուտ որ բնակիչքը աւելի արժան կը վճարէ ջրին, բայց նրա տեղ աւելի թանգ կը գնէ գինին, միսը և այլն“...[5]


ՖԷԼԻԷՏՕՆ


Մեր յառաջադիմութիւնը կադրիլ է խաղում։— Բնութիւնն էլ՝ դրա օրինակին է հետևում։— Ես երկաթուղու փառքը չեմ նսեմացնում։— Համլէտի դերի կատարումը երկաթուղու վերա։— Ինչ ենք մտածում։— Հաւլաբարն էլ որ գազով լուսաւորենք, ու ջրանցքներ շինենք, լաւ կը լինի՞, թէ չէ՛։— Ինչ է ասում էդ մասին Հումբոլդը. ինչ եմ ասում ես. և ինչ ընթացք տուին էդ գործին մեր princes de la bourse հերոսները։— Մեր հասարակութեան non possumus-ը։— Վրաց գրականութիւնը։— Տեղական ռուս պարբերական թերթերի ճոխութիւնը։— Ինչով են պարապում Պօլսու մեր Էֆէնդիքը։— Ինչ ժամանակ պէտք է կարդացած Ալեքսանդր Դիւման։— Ինչ խորհուրդ եմ տալի ես պարոնայք Էֆէնդիներին...։


Չը գիտեմ, ուրիշից լսեցի, թէ իմ գլխից եմ հնարում, որ,— մեր հասարակութեան յառաջադիմութիւնը՝ իր համար մի որոշուած սահման ունի, որին հասնելու պէս՝ այլևս առաջ գնալը՝ անկարելի է։

Հասարակութիւնը ալիքների նման՝ առաջ կը վազի, կը ստեղծի նոր մտքեր, նոր գիւտեր. կը յայտնի հանճարեղ գաղափարներ, կը բացադրի իր պահանջողութիւնների դժուարին հարցերը, կիրագործի շատ բաներ, կը վերացնի շատ արգելքներ, որ հասնի, իր յառաջադիմութեան որոշուած կէտին, սահմանին, որպէս զի, հասնելուց յետոյ, իսկոյն, ժայռերի վերա փշրուող ալիքների նման՝ սկսի,— մի և նոյն արագութեամբ յետ մղվիլ, յետ դիմել, և իր սկզբնական անկրթութեան դիրքը բռնել, որ նորից սկսի առաջ գնալ— նորից յետ դառնալու, էլի առաջ գնալու,— էլի մի և նոյնը կրկնելու...։ Մի խօսքով՝ փաստաբանի մետօդի պէս՝— երբ կամենայ կը սևանայ, երբ կամենայ կը սպիտակի, կամ գիժ կովի պէս՝ առաջ կաթ կտայ— որ յետոյ թափի, էլի կաթ տալու, էլի թափելու համար, կամ աւելի պարզն ասենք, կսկսի— կադրիլ խաղալ...։

Առաջին կադրիլ խաղացողը՝ մեր ամէնիս մայր բնութիւնն է, որ առաջ պայծառ, յետոյ ամպոտ, յետոյ ջերմ, յետոյ խոնաւ, էլի ջերմ, էլի քամօտ և անձրևային օրերը կրկնեց։ Մի բանի մէջ միայն բնութիւնը անփոփոխ մնաց, որ ձմեռը անցաւ, իսկ մենք համարեա թէ՝ օրինաւոր ձուն ասած բանը աչքով չը տեսանք։ Չը լինի թէ՝ բնութեանը՝ մեր կոյր բաղտի չար ոգին իմաց է արել, որ մեր աչքերը սպիտակ լոյսի սովոր չեն, այդ պատճառաւ էլ, բնութիւնը կասկածել է, թէ մի գուցցէ ձան վերա նայելով՝ բոլորովին շլանայինք...։

Եթէ բնութեան նպատակը էդ չէր, ուրեմն իմ կարծիքով, նրա համար մենք ձուն տարի չունեցանք, որ մեր երկաթուղին, դրա պատճառաւ, (այսինքն,— ձան մահանով....) իր գնացքը օրերով չը դադարեցնի ասելով՝ թէ՝— ճանապարհները պէտք է իստակած...։ Բայց ի սէր Աստուծոյ, չը կարծէք թէ՝ սրանով ես կամենում եմ մեր երկաթուղու փառքը նսեմացնել. ընդհակառակը, ես ի բոլոր սրտէ ցանկանում եմ, որ ոչ թէ միայն ճանապարհները, այլ երկաթուղու ամբողջ պաշտօնատեղերն էլ որ իստակեն, վատ չի լինի...։ Բայց կացէ՛ք, a propos (ի դէպ) էդ մասին. ես ձեզ մի բան պատմեմ։

Սրանից մին քանի շաբաթ առաջ էդ մի և նոյն բնութիւնը, որը մեր աչքերի վերա այդքան խնամք է տանում, չը կամենալով նրանց սպիտակ երևոյթների արժանացնել, բարեհաճեց վճռել, որ,— Սուրամից փոքր ինչ այս կողմը, փոքր ինչ էլ այն կողմը, ճանապարհները յորդ ձնով ծածկի։ Թիֆլիզից Փօթի ուղղևորուող երկաթուղին։ Էդ բանը մատին փաթաթան շինեց, մի քանի օր գնացքը դադարեցրեց, ու «աղօթած էշ կտրվեց» ինչպէս որ ասում է ժողովրդական առածը...։ Էշ կտրվելու վերա ես չեմ զարմանում, բայց արի տե՛ս որ աղօթքի զօրութեանը գլխաւոր մեքենապետը (մաշինիստը) որը անգլիացի է, չը կամեցաւ ենթարկվիլ։ Նա հաւատարիմ մնալով իր ազգի յատկանիշ բնաւորութեանը, չը կարողացաւ պարապութիւնը սիրել. այդ պատճառաւ էլ՝ նշանակեց, որ էդ օրը, մի վճռական կրկնութիւն (րէպէտիցիա) անեն, որ կարողանան փորձել մի նոր մաշինիստի ընդունակութիւնը էդ խորհրդաւոր պաշտօնի մէջ, որից պէտք է պարզապէս երևար, թէ էդ տեղացի անփորձ անձը, կարո՞ղ է արդեօք գլխաւոր րէժիսօրի (անգլիացի մեքենապետի) օգնական «լինե՞լ, թէ չը լինել»։ Համլէտի դրութիւնը ինձ ծիծաղելի թուաց, երբ նոր դէբիւտանտը, իր նշանաւոր դերի գերազանց անգիտութեամբը՝ շատ շուտով վճռեց էդ հարցը։ Երբ անգլիացի րէժիսօրը մօտ գնաց մեքենայի մի անյարմարութիւնը տեսնել, իսկոյն, նոր դեպիւտանտի գովանի անզգուշութեամբ՝ մեքենան անցաւ րէժիսօրի վերայով...։

Մէկ րօպէի մէջ,— անգլիացին միջաճեղք եղաւ, երկու օրուայ ընթացքում— Սուրամի ձնով ծածկած ճանապարհները իստակվեցան, բայց երեք շաբաթ աւելի է, որ— հանգուցեալ մեքենապետի անփորձ օգնականը՝ իր տեղը աւելի փորձուածի համար չիստակեց...

Հարկաւոր էլ չի որ իստակվի, քանի որ մեզանում, կեանքը առաջ է գնում քօռ քօռնայ, կամ ինչպէս տաճիկն ասում է «ալլահ եօնայ»...

Փառք Աստուծոյ, գործ շինել— չենք կամենում, քաղաքականութիւնով— չենք պարապում, հասարակական կեանք— չկայ մեզանում. հասարակական հարցերն էլ— նմանապէս։ Փառասէր էլ չենք, որ գոնեա, էդ մեղքի առիթով ուրիշների յառաջադիմութիւնը նախանձ գռգռէր...։ Անճարացած, խելքներիս զօռ տուող բաների վերա են մտածում...

Մտածում ենք,— որ մեր քաղաքը, գազով լուսաւորենք, ու ջրանցքներ շինենք, մաքուր ջուր խմելու և փողոցները իստակելու համար։ Ի հարկէ էս մտածմունքը հաւլաբարին չէր վերաբերում... որոնց նահապետական պարզ և խաղաղ կեանքին էդպիսի հեշտասիրութիւնը խիստ անյարմար գըգար...։ «Մարդու սովորական դրութիւնը, յանկարծակի, նոր դրութեան փոխելով, դուք կը վնասէք ուղեղին» ասում է երեւելի գիտնական Հումբօլդ գերմանացին։ Հաւլաբարի

  1. Ուշադրութիւն ենք դարձնում այս համարի Ներքին տեսութեան մէջ տպած Օդէսսայի նամակի վրա։
  2. Ֆօնտան,— որոց թիւը 25-ից աւելի է Փարիզում։
  3. Լօնդօնում երկուսը կան։
  4. Իսկ եթէ Լօնդօնում խողովակները լաւ են մաքրվում, այդ այն պատճառով է, որ անմաքրութիւններ հաւաքելուց և ծախելուց մեծ շահ է ստացվում։
  5. „Dictionnaire de l’ Economie politique“— Coquelin et Guillaumin, 1864.