Բայց եթէ ջրանցքի գործը մասնաւոր ընկերութեան ձեռքը ընկնէր, որ և կը պարտաւորէր բնակիչներին աւելի թանգ վճարել ջրի համար, եթէ տարեկան 75 ֆրանկ վճարելու տեղը, Փարիզի բնակիչը, ստանալով իր ջուրը մասնաւոր ընկերութենից, ստիպված լինէր վճարել 80, 90, 100 ֆրանկ,— մի՞թէ այդ աւելորդ արած ծախսերը նա չէր պակասեցնի իր ուրիշ պիտոյքներից, չէր զրկի իրան այսքան մսից, այսքան գինուց և այլն...
Ջրի գործը այնպիսի մի ձեռնարկութիւն է, որ ջրանցքը շինելու և ջուրը քաղաքի մէջ բաժանելու վրա ահագին ծախսեր անելուց յետոյ դարձեալ չէ կարելի առաջին հարկաւորութեան մի պիտոյքը շռայլութեան առարկայի պէս թանգ ծախել...
Մենք կարծում ենք, որ պ. Դիւպիւից յայտնած արգելքը քաղաքային վարչութեանը ջրի գործը յանձնելու,— ինքն իրան կը վերցնվի, եթէ քաղաքային վարչութիւնը մի ներքին քաղաքային փոխառութիւն անէ։
Այս առարկայի մասին դարձեալ կը խօսենք։
ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
ՄԵՐ ԳԻՒՂԱՑՈՒ ՎԻՃԱԿԸ
Գիւղական ազգաբնակութիւնը կազմում է անտարակոյս մեր ժողովրդի մեծ մասը, և մի և նոյն ժամանակ նա ամենից աւելի կարօտ է օգնութեան։ Թէ երկրագործութեան և թէ միւս արհեստների մէջ նա գործ է դնում մի և նոյն գործիքները և նախնական սովորութիւնները, որոնք քանի մի դար շարունակ որդւոց որդի աւանդուելով հասել են նորան[1]։ Այն բաները, որոնց կատարելու համար Եւրօպացին օգուտ է քաղում բնութեան ուժերից, հայ-մշակը անում է միայն իւր դառն աշխատանքով իւր երեսի արիւն-քրտինքով։ Բայց այդ դեռ բաւական չէ. մի բան արդիւնաբերելուց յետոյ հարկաւոր է նորան վաճառել՝ գիւղացին չունի այնքան կարողութիւն, որ իւր բերքը տանի ուղղակի նորա գործադրութեան կենդրոնը և եթէ ունենայ էլ, մի՞թէ ձեռնտու կը լինի այդ բանը ամէն մի անհատին առանձնապէս, եթէ աչքի առաջ ունենանք ժամանակը և ճանապարհի ծախսը, որ նա պէտք է դորա համար գործ դնի։ Ուրեմն, նորան մնում է կամայ-ակամայ ընդունել միջնորդող վաճառականի պայմանները, որ ունենալով փոքր ’ի շատէ դրամագլուխ, հաւաքում է մի ամբողջ կամ մի քանի գիւղերի բերքերը, և որի համար այդպիսով անզգալի է դառնում ճանապարհի ծախսը։ Երևակայեցէք այժմ մի գիւղացու դրութիւնը, որ աշխատանք, փող, ժամանակ գործ դնելուց յետոյ շատ անգամ ստիպուած է լինում իւր բերքի համար այնքան ստանալ, որ հազիւ թէ բաւական է լինում նորան իւր ծախսը ծածկելու, այն միջոցին երբ նա յոյս ունէր դորանով ամբողջ ձմեռը իւր ընտանիքը կերակրել։
Բայց դորան էլ երանի է տալիս գիւղացին իւր այնպէս անուանեալ անյաջող տարիքում, երբ կամ կարկուտը, կամ հեղեղը, կամ եղեամն (иней) և կամ այլ պատահարներ անակնկալ հարուած են տալիս նորա տնտեսական դրութեանը, այնպիսի հարուած, որից ուղղուելու համար շարունակ քանի մի յաջող տարիք են հարկաւոր նորա համար։ Ի՞նչ է լինում նորա վիճակը այդպիսի դէպքերում։ Նա կամ ստիպուած է լինում իւր երեխէքի ձեռքը բռնած մուրացկանութիւն անել և կամ դիմել մի որ և իցէ փողատիրոջ, յուսալով վերականգնել սորա օգնութեամբ իւր կորած բաղդը։ Բայց հազիւ թէ վերջինս աւելի լավ է լինում, քան թէ առաջինը. գիւղացին բոլոր ընտանիքով դառնում է փողատիրոջ ստրուկը, ստրկութիւնը թէպէտ վերացած է օրէնքով, բայց նորան յառաջ է բերում կարիքը։ Անճարացած ստիպուած է լինում նա ընդունել փողը մեծ տոկոսներով, առաջուց (յատնի բան է կէս գնով) վաճառել յաջորդ տարուա բերքը, ամէն անգամ վիզը ծռել վաշխարուի առջև և ամէն բանում, որ նորան է վերաբերում, կատարեալ հպատակութիւն ցոյց տալ նորան։ Այդ տեղից ծնվում է նորա մէջ այն հակումը, որ համարեա ընդհանուր սեփականութիւն է այդ ամբողջ դասի համար, այն է միշտ վիզը թեքել և ստորանալ հարուստի առջև[2]։ Այլապէս վարուելու հնար չ’ունի նա։ Հազիւ են պատահում այնպիսի երջանիկ բացառութիւններ, որոնք կարողանային այդպիսի ծանր տոկոսների ու պայմանների մէջ դարձեալ ոտքի կանգնել. սովորաբար նոքա աւելի և աւելի խրվում են պարտքի մէջ և վերջապէս հասնում են այն հետևանքին, որ մի օր խլում են նորա մի կտոր հողն էլ, տունն էլ, գոյքն էլ, հողագործական գործիքներն էլ և նա դարձեալ ստիպուած է լինում դռնէ դուռն ընկնել ողորմութիւն խնդրելու։
Այսքան ժամանակ մենք նայեցինք գիւղացու վերայ իբրև արդիւնաբերողի վերայ։ Պակաս վատթար չէ նորա դրութիւնը, եթէ առնենք նորան իբրև գործադրող կամ սպառող։ Ճշմարիտ է, նորա կեանքը այնքան խեղճ և սահմանափակ է, որ առաջին հայեցուածքից կարելի է զարմանալ, թէ ի՛նչ առանձին հաշիւ կարող է լինել այդտեղ։ Աղքատիկ, խոնաւ, շատ անգամ գետնափոր խրճիթ, հին պատառոտած շորեր և ըստ մեծի մասին բանջարեղէնից կամ ցամաք հացից բաղկացած կերակուր,— ահա՛ նորա բոլոր ապրուստը, էլ ի՛նչ հաշիւ կարող է լինել այդտեղ։ Բայց թող ներուի մեզ ասել, որ այդ աղքատիկ ապրուստն էլ գիւղացուն համեմատաբար աւելի թանկ է նստում, քան թէ հարուստին իւր ճոխ ու շռայլ կեանքը։ Գիւղացին չունի դրամագլուխ, որ իւր անհրաժեշտ պիտոյքը մեծ քանակութեամբ, կամ ինչպէս ասում են „լոմայ“ առնի իւր տեղում. նա չի կարող առնել առաջին կամ երկրորդ ձեռքերից, որովհետև այդ էլ կարելի է միայն մեծ քաղաքներում, և դորա համար հարկաւոր է նորան ճանապարհորդութիւն անել, մանաւանդ որ քաղաքի վաճառականները, որոնք, եթէ կարելի է ասել, հոտով ճանաչում են օտարականներին, իւրյանց, բոլոր ջանքը գործ են դնում նորան խաբելու, այսինքն վատ ապրանք տալու և թանկ վաճառելու, համարելով այդ թէ ճարտարութիւն և թէ օգուտ իւրեանց գրպանի համար։ Ուրեմն գիւղացին ստիպուած է դիմել թափառող մարանրավաճառներին (չարչի), որոնք իրանք էլ կտոր կտոր առնելով կամենում են թէ ապրանքի գինն ու ճանապարհի ծախսը հանել և թէ շահ ստանալ, ուստի և երբեմն հանգամանքներին նայելով, մինին տասն զին են պահանջում։
Այս պատկերը, որ ինքն ըստ ինքեան շատ անմխիթար է, հետզհետէ աւելի վատթարանալու է, որովհետև մի յատնի, նկատուած իրողութիւն է, որ առաջին հարկաւորութեան իրերը օր ըստ օրէ աւելի թանկանում են։
Ի՞նչ է սորա հետևանքը։ Ժողովրդի աւելի մեծ և աշխատող մասը ապրում է շատ նեղ ու ճնշուած դրութեան մէջ և հազիւ է կարմիր օր տեսնում իւր կեանքի մէջ. նա ապրում է միայն ֆիզիկապէս, զուրկ մնալով բոլորովին մտաւոր կեանքից. շատերը, թողնելով ընտանիք, տուն ու տեղ, հեռանում են դէպ’ի հեռաւոր մեծ քաղաքներ և օրա-մշակութեամբ կամ բեռնակրութեամբ պարապելով վերջացնում են այնտեղ իւրեանց կյանքը. վերջապէս, որ աւելի ցաւալին է, գիւղացին աշխատում է ամէն միջոց գործ դնել, որ մի քանի շահի փող հաւաքի և իսկոյն վաճառականութիւն սկսի դորանով։ Վերջինս մենք անուանում ենք աւելի ցաւալի, որովհետև մի ազգ, որը ամբողջապէս բաղկացած է վաճառականներից, չ’ունի հարազատ կենդանական ոյժ, իւր մէջ. նա կազմում է միայն մի միջնորդ դաս, որի գոյութիւնը անհասկանալի է առանց արդիւնաբերող և գործադրող դասերի գոյութեան. սոցա փոխադարձ յարաբերութիւնը կազմում է նորա միակ կենսական միջոցը, որ իսկոյն կը կտրուի, երբ դոցանից մինը չը լինի։
Այս անգամ բաւականանում ենք միայն նկարագրելով գիւղացու անմխիթար դրութիւնը, օգուտ քաղելով գլխաւորապէս „Մշակի“ գաւառական թղթակցութիւններից և ներքին տեսութեան քանի մի յօդուածներից։ Յաջորդ համարներում կ’աշխատենք ցոյց տալ, թէ ինչ հնարներով կարելի է օգնել նորան։
ՆԱՄԱԿ ՕԴԷՍԱՅԻՑ[3]
Շվաբէնի և Մօրի ընկերութեան մէջ, վերջինը արդէն չը կայ, իսկ առաջինը մասնակցում է ընկերութեան մէջ լոկ անունով միայն։ Բայց առ հասարակ ասում են, որ նրանք ոչինչ դրամագլուխ չունեն։ Ոչ մի կապալառու չէ համաձայնում նրանցից աշխատանք վերցնել, երկիւղ քաշելով վարձատրութեան անճշտութիւնից։
Նրանք պարտավորվեցան 2 տարվայ ընթացքում մեր քաղաքում ջրանցք գլուխ բերելու, բայց ահա երկրորդ տարին վերջանալու վրա է արդէն, և հազիւ աշխատանքի մի տասերորդ մասը շինված է։ Կօնտրակտի զօրութեամբ պայմանաժամի յետաձգումն 6 ամսով տրվում է, բայց 49 տարվայ կօնցէսսիայից 6 տարին հանվում է։ Իսկ այնուհետև ջրանցքը, թէև չը վերջացած, քաղաքիս սեփականութիւն է դառնում և կօնցէսսիան ոչնչանում է (սակայն 4 ամիս ժամանակ տրվում է շինած ջրանցքի մասերը կրկին հաւաքելու)։
խաւար քուչէքը լուսաւորելով՝ նրա բնակիչներին մաքուր ջուր խմեցնելով, և առողջապահական կանոնները պահպանել տալով՝— ամենասարսափելի հետևանքներ կառաջանայ, ասում եմ— ես անգէտ հայ ֆիլիէտօնիստս...։ Առաջին՝ լուսաւորուած փողոցներում, գողութիւն քիչ կը լինի, երկրորդ՝ առողջ պայմաններով ապրելը, մեռելների թիւը կը պակասացնի, (յայնժամ ողբամ զձեզ՝ հայոց հոգևորականնե՛ր և մղդսիք...) և երրորդ՝ խելքահիւանդների թիւը կաւելանայ, ինչպէս որ ասում է Հումբօլդը...։ Էս վերջինը (հաւլաբարի գժերի աճելը և բազմանալը...) ամենատխուր մտածողութիւններ է զարթեցնում իմ խելապատակի մէջ։ Ես կասկածում եմ, որ էդպիսի պատահարից՝ Նաֆթգլուխի Դեղին-ճեմրանի (!!!) ուսանողաց թիւը այնքան շատանայ, որ էդ տարօրինակ ճեմարանի մարդասէր վերակացուաց (պարոնայք ֆէլդշերաց և ծառայից) ողորմած բազուկները դադրեն, ամբողջ օրը հէնց մի գլուխ շատ մտրակելուց...։ Իհարկէ, թէև էդ գթասիրտ ֆէլդշէրների (!!) առողջ բազուկների յօգնելը, ամենամեծ քամբաղտութիւնն է մեր հասարակութեան համար, (!) բայց հաստատ համոզուած եմ, որ դրանց ծանր պաշտօնի էդ դառնութիւնը՝ միշտ և ամենայն ժամանակ, հիւանդի տէրերը կարող են քաղցրացնել մի գլուխ շաքարով...։ Ես միայն մի բանից եմ վախենում, թէ տէրը մի արասցէ, եթէ գազի և ջրանցքների հարցով զբաղուած «Անանուն ընկերութեան» անդամներից մէկն ու մէկը փափագի էդ ճեմարանի մէջը մտնելու... այն ժամանակ, ի սուգ և ի տխրութիւն մեր հասարակութեան (¡)— այլ ևս տեղ չը լինի դրանց համար....
Անպատճառ չի լինի, քանի որ մեզանում, մեր այսպէս անուանուած princes de la bourse հերոսների տուած համակրութիւնը՝ այդպիսի հասարակական դէպքերում, հազիւ թէ համեմատուի ատօմի ⅒ մասի հետ։ Չը գիտեմ, դուք ինչ կարծիք ունէք դրանց մասին, միայն շատ լաւ իմանում եմ, որ եթէ ձեզ պատմեմ թէ ինչ ընթացք տուինք բուն քաղաքի (հաւլաբարը քաղաքի մասը չէ՞, նա Թիֆլիզի խորդ որդին է...) զանազան մասերը գազով լուսաւորելու և ջրանցքներ շինելու հարցին, իսկոյն կը հարցնէք ինձ,— յետո՞յ։ Բանն էլ էդ յետոն է պարոննե՛ր....
Ամէնից առաջ ասինք «արի՛ կրակի պէս ոգևորուինք»— ու ի հարկէ, ոգևորուեցանք։ Յետոյ էլ ասինք «մի մասնաժողով կազմենք»— որը իսկոյն կազմեցինք։ Դատեցինք, հաշուեցինք, չափեցինք, ձևեցինք, վիճեցինք, համաձայնեցինք, հաշտուեցինք, էլի հակառակեցինք. մինչի որ, հազիւ թէ՝ էդքան կռկռալուց յետոյ — մի մուկ անգամ չը ծնեցինք... թէև, (պէտք է խօստովանած...) որ մկի փոխարէն «Անանուն ընկերութիւնից» հետևեալ renomee-ն ժառանգեցինք։ «Իստակութիւնը, լուսաւորութիւնը, մաքուր ջուր խմելը, թէև շատ լաւ բաներ է, բայց որովհետև փողը ևս առաւել պատուականագոյն է քան զամենայն առողջապահական միջոցները, և որովհետև առանց փողի, առանց զոհաբերութեան (ընդ ամենայն ծագս աշխարհի որ հարցնէք...) էդպիսի բաները իրագործելի չեն, վասնորոյ, լաւն էն կը լինի, եթէ էդ բոլոր մտքերը՝ ծալե՞նք — ղրաղ դնենք, ձէններս կտրե՞նք,— տազ անենք, մինչի որ, էդպիսի երևոյթները հասած խուրմի պէս՝ ինքը մեր բերանը ընկնի։ Իսկ առ ժամ
Էս չը սատկես
գարունը գըգայ
եօնջա կուտես
ասելով՝ մէկ մէկու non possumus պատասխանենք...
Մեր հասարակութեան non possumus՚ը։ Բայց գիտէ՞ք արդեօք, թէ՝ ի՞նչ բան է։ Շոր չէ՛ — որ հագնէք։ Գօտիկ չէ՛,— որ հեդ անէ՛ք։ Շապիկ չէ՛ — որ փոխէ՛ք։ Կօշիկ չէ՛ — որ մաշէ՛ք։
Մեր non possumus-ը նմանում է հիւանդ չարաճճիկ երեխի կապրիզին։ Խնձոր գուզե՞ս,— չէ՞։ Տանձ գուզե՞ս,— չէ՛։ Մեղր գուզե՞ս,— չէ՛։ Շաքար գուզե՞ս,— չէ՛։
—Բաս ի՞նչ գուզես։ —Ես ուզում եմ տնքայ...
Այո՛ պարոննե՛ր մենք շատ վատ ենք տնքում........
Դիցուէ թէ՝ ինձ նման մին քանի անխելք մարդիք մնացած խելքն էլ հաց ու պանրի հետ ուտէին, ու մեր հասարակութեանը՝ ինչպէս մի հիւանդ երեխի, խնձորի տեղ — ուսում, տանձի տեղ — թատրոն, մեղրի տեղ — գիւղական տնտեսութիւն, շաքարի տեղ — ընթերցարան, անհատի իրաւունք, ապահովական ընկերութիւն, օրինաւոր վաճառականութիւն, ճիշդ հաշուատեսութիւն, ժողովրդական գրեանք, և այլ էսպիսի հիւանդի դրութեանը յարմար բաներ առաջարկէին։ Խելքս չի՛ կտրում՝ թէ հասարակութիւնը դրա համար մեր ճակատը համբուրէր...
Երդվում եմ ձեզ պարոննե՛ր էս գիշերուայ իմ ֆէլիէտօնական դազգահովս, կարգով սարգովս, գրչով ու թանաքովս, երկու հատ սաղ, բայց մի հատ կոտրած աթոռովս, չորս օր շարունակ փայտից խռոված վառարանովս, ճեղքած հալիլովս, իմ սաղ օրը ոչինչ չը կերած կատուովս, մին քանի գրքերովս, իմ չարքաշ դրութիւնովս, վերջապէս երեք ամսուայ վարձը դեռ չը վճարած սենեակովս. պ. Ծատուրեանցի մագազինից առած պատուական լամպօվս, և նրա մէջը գտնուած պ. Միրզոյեանցի ծախած անպիտան նաֆթովը, որ հասարակութիւնը — այս կը պատասխանի, ամէն մի ցաւակցութեամբ յայտնած առաջարկութիւններին «ի՞նչ էք կամենում մեզանից։ Կացէ՛ք ձեր գրականական շրջանում, և միք խառնվի մեր գործերում։ Դուք միտք էք փնդռում — մենք փող։ Ձեզ համար երկար գովասանական յօդուածներ, կրիտիկական հայացքներ, գիտնականների յարգանքը, իսկ մեզ,— եղ ու փլաւ։ Դուք հարբէցէք ազնիւ ձգտողութիւններով և նպատակներով, իսկ մենք, ձեր էդ բոլոր առաջարկութիւնների վերա,— կը գնենք մեր veto-ն, կը մնանք մեր statu quo-ի մէջ, և կարդարացնենք մեզ non possumus պատասխանով։ Ի սէր Աստուծոյ, չը նախանձինք մէկ մէկու։ Մենք կուտենք, կը խմենք, կը կռվենք. իսկ վերջ ի վերջոյ կուշտ և տաք կը մնանք, իսկ դուք — գրեցէ՛ք, հիացէ՛ք,
- ↑ Մեր արօրը շատ փոքր զանազանութիւն ունի այն արօրից, որ նկարագրում է Հռօմայեցի պատմաբան Պլինոսը։ Իսկ նա ապրում էր Քրիստոսի ծննդից առաջ։
- ↑ Ես տեսել եմ շատ գիւղացիք, որոնք քաղաք գալով, սովորութիւն ունեն գլխարկը վեր առնել և գլուխ տալ ամէն մի փառաւոր հագնուած մարդու, ծանօթ թէ անծանօթ։ Երբ ես մինին հարցրեցի պատճառը, նա պատասխանեց. „Աղա մարդը, ի՞նչ վնաս կայ, խնջալիս քարը հօ չի վեր ընկնի“։
- ↑ Քաղուած մասնաւոր նամակից Թիֆլիզի ջրանցքի և Շվաբէն և Մօրի ընկերութեան առիթով։