Դնէստր գետի մօտ[1] գլխաւոր աշխատութիւնները դանդաղ են գնում, բայց քաղաքում սկսել են խողովակներ դարսել, և այն էլ փոքրացնելով խողովակների դիամէտրը ի վնաս ջրի հոսանքին, ուստի և ջրանցքի երկարատևութեանը,— բայց նրա համար միայն, որ սկզբնական ծախսերը փոքր լինեն,— այդպէս են անում բոլոր կօնցէսսիա վերցնողները։ Իսկ երկու բուրջերը՝ մինը քաղաքում, միւսը՝ Դնէստրի մօտ և մեքենաների համար շինութիւնը սկսած չեն դեռ ևս։ Երևում է որ շինում են ոչ թէ ամենահարկաւորը, այլ այն, որ աւելի հասարակութեան աչքերին է ընկնում։
Իսկ առ այժմ մենք վատ ջրի համար աւելի թանգ ենք վճարում, քան թէ շատ տեղերում՝ լաւ գինու համար։
Ինչ որ վերաբերում է Թիֆլիսի ջրանցքին, կարծեմ, որ աւելի ապահով կը լինէր յանձնել նրան մի ուրիշ ընկերութեան, որ աւելի երաշխաւորութիւն կը ներկայացնէ և իրան յայտնած լինէր մի բանով։
Սակայն ես խորհուրդ կը տայի բոլորովին չը յանձնել ձեր ջրանցքը կօնցէսսիայով, այլ թող քաղաքը ինքն վերցնի իր հաշվով և գտնի մի անձին որ ձեռնարկութիւնը յանձն առնէ գլուխ բերել յայտնի գումարով, մշակված պրօէկտի հիման վրա։
Այդ տնտեսական սկիզբը այժմ ճանաչված է ամբողջ Եւրօպայում, այնպէս որ քաղաքներից շատերը յայտնի գումարով կրկին յետ են առնում իրանց ջրանցքի կօնցէսսիան։
ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ
Մենք լսում ենք, որ փետրվարի 22-ին արվեստագործական ուսումնարանին վերաբերեալ կանօնադրութիւնը վերաքննելու համար Քաղաքային Վարչութենից ընտրած մասնաժողովը ունեցել է իր առաջին նիստը։ Վերջապէս...։ Ասում են, թէ տեխնիկային ընկերութեան ծրագիրը միանգամայն փոխվելու է։
Մենք յիշեցնում ենք մեր ընթերցողին «Մշակ» լրագրի 6-որդ համարի առաջնորդող յօդվածը, և ահա հետևեյալ հարցն ենք առաջարկում՝ մի՞թէ յիշեալ մասնաժողովը նոյնպէս գաղտնի կը պահէ տեխնիկային ընկերութեան պրօէկտը և իր նստերին չի հրաւիրի տեղային ռուս, հայոց և վրաց լրագրութեան ներկայացուցիչներին, կամ չի տայ մեզ պրօէկտի պատճէնը, որ մենք ծանօթացնենք նրա հետ հասարակական կարծիքը...
Ալէքսանդրապօլից գրում են մեզ, որ փետրվարի 15-ին տեղոյս Մայր եկեղեցում կատարվեցաւ վարդանանց նահատակութեան տօնը, որին կից իշխան Ղահրաման Արղութեանցի և շուշեցի Պողոս Գասպարեան Ալէքսանեանցի հոգեգանգիստը տօնուեց։ Մի և նոյն օրը երեկոյեան տեղիս երիտասարդների խումբը յաջողութեամբ ներկայացրեց աղնուականաց ժողովարանում «Սանատրուկ և Սանդուխտ» ողբերգութիւն բարեգործական նպատակով, որ լսածիս նայելով՝ մօտ 250 մանէթ է ժողովել։ Տիկին Զարուհի Գուլումեանցն մեծ և խոր տպավորութիւն ունեցաւ հանդիսականների վրա Սանդուխտի դերի մէջ։ Պ. Գաւառապետը ոչ թէ միայն թոյլ տուեց ներկայացումն, այլ և 10 ռուբլի ընծայեց յօգուտ բեմին։
⁂
Մեզ գրում են Ալէքսանդրապօլից, որ պ. Բէդ-Նազարեանցը տեղիս թեմական դպրոցիս կանօնադրութիւնը մշակելուց յետոյ, այժմ ներկայացրել է Հոգաբարձութեանը, որ ուսումնական յանձնաժողովի քննութեան ենթարկվի։ Յոյս կայ, որ շուտով կուղարկուի Վեհափառին ի հաստատութիւն։
⁂
Ընթերցողը յիշում է, որ դօկտօր Գրիգոր Արծրունուց ներկայացվեցաւ գիւղատնտեսական ընկերութեանը մի պրօէկտը հայ-վրաց գիւղական լրագրի։ Այժմ ընկերութեան խորհուրդը, ասում են ցաւելով յայտնել է, որ դրամական միջոցների պակասութեան պատճառով անկարող է իրագործել պ. Գրիգոր Արծրունու առաջարկութիւնը, բայց ըստ սկզբին համակրում է այդ գաղափարին։ Մի և նոյն ժամանակ լսում ենք որ, վրաց գիւղական լրագիրը զրկվեցաւ օժանդակութենից և ընկերութիւնը հիմնում է իր սեփական գիւղատնտեսական լրագիր,— բայց միայն վրաց լեզվով...։ Իսկ հայոց լեզվով, սիրելի ընթերցո՛ղ, մնում է «Մշակի» խմբագրութեանը կարելին չափ լրացնել, մինչև որ մասնաւոր ոյժերով կը հիմնվի մի հայոց գիւղատնտեսական թերթ։
⁂
Վրաց «Դրօէրա» լրագրիրը հաղորդում է, որ անցեալ տարվայ երաշտութեան պատճառով Սղնախում այժմ սաստիկ սով է։ Կամենում են դժբաղդների համար ստորագրութիւն բաց անել։
⁂
Ուրախ ենք, որ առիթ ունենք յայտնելու, թէ պ. Շահվերդեանը, որի մանկավարժական յօդուածը ծանօթ է «Մշակի» ընթերցողներին, նշանակվեցաւ վարժապետ Ներսիսեան դպրոցի պատրաստական դասատան մէջ։
⁂
Փետրվարի 25-ին, կիրակի օրը գումարվեցաւ Թիֆլիսի Փոխադարձ կրէդիտի ընկերութեան տարեկան ընդհանուր ժողովը։— Մանրամասերը ուրիշ անգամ։
⁂
Մեզ գրում են Շամախուց՝ փետրվարի 10-ին Շամախու շրջակայքում սաստիկ ձիւնախառն հողմից մի մարդ և երկու կին իրանց երեք կովերով և երեք եզներով սառել են։
⁂
Փետրվարի 14 և 16 Շամախու ռուս ծառայողները ներկայացրին Գօգօլի «Ամուսնութիւն» (Женитъба), «Փափկասուն սրտի ձախորդութիւն» (Бѣда отъ нѣжнаго сердца) կօմէդիաներ և քանի մի վօդէվիլներ։— Ցանկալի կը լինէր որ և հայերը հետևէին այդ գովելի օրինակին և իրանց լեզվով ներկայացնէին։
⁂
Մեր լրագրին գրում է Բագուից պ. Աւագ Գկիգորեանցը՝
Մարդասիրական ընկերութեան խորհրդի նախագահի և անդամոց յունվարի 25-ին եղած ընտրութիւնը հաստատապէս չելաւ։ Այս առթիւ խորհուրդ կազմվեցաւ, որ լինի փետրվար ամսի 11-ին։ Այդ օրը հաւաքվել էին Մարդասիրական ընկերութեան ուսումնարանի դահլիճը թէ հիմնաւոր, թէ անփոփոխ և թէ տարեկան անդամներից ընդամենը 45 հոգի, հաշուատեսութիւն արին և շնորհակալութիւն յայտնեցին նախագահին և անդամներին, որոնք 3 տարվայ ընթացքում աշխատել են այդ գործի մէջ՝ կառուցանելով ուսումնարանները տղաների և օրիորների, տպարանը և մատենադարանը և հոգացին անդամների թիւը շատացնելու մասին։ Հաշուատեսութենից յետոյ ճառախօսութիւն արին նոյն ընկերութեան ատենադպիր և անդամ Սէրգէյ Վարշամեանցը և Յովհաննէս Միրզաբէդեանցը։ Ընտրվեցաւ նախագահ խորհրդոյ՝ Պավել Շամիլիչ Մէլիք-Բէգլարեանց (որ և է նախագահ բէդական կօմիսիի), անդամք՝ Ն. Կրասիլնիկեանց, Գրիգոր Թումայեանց, Յակովբ Ապրէսեանց, Խաչատուր Քանանեանց, Սէրգէյ Վարշամեանց, Գրիգոր Դիլտարեանց, Գրիգոր Այվազեանց և Առաքել Ծատրեանց։ Ցանկանում ենք և սոցա յառաջ տանել աջողութեամբ ընկերութեան գործերը։
ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
ԻՍՊԱՆԻԱ
Կրկին հին պատմութիւնն է սկսվում, կրկին քաղաքական բեմի վերա առաջին դեր խաղացող հանդիսանում է Իսպանիան, կրկին զրկվում է գահից և աքսորվում է թագաւորը ու հրատարակվում է հանրապետութիւնը,— բայց արդեօք երկա՞ր ժամանակով։ Միշտ ամենքից մոռացած, Իսպանիան այս րօպէիս ներկայացնում է ամենահետաքրքիր օրվայ խնդիրը, ամենքը նրանով են պարապած,— բայց գուցէ անցաւոր հետաքրքրութեան վերջը այն կը լինի, որ քանի մի ժամանակից յետոյ, դարձեալ կը մոռանան անգամ նրա գոյութեան մասին։
Այդպէս է այդ երկրի վիճակը, կարծես նա երբէք չը պիտի ազատվի այդ կախարդական շրջանակից, որի մէջ նա ինքն իրան գերի է բռնել՝ յեղափոխութիւնը յարուցանում է մի հակա—յեղափոխութիւն, փոխվում են մինիստրութիւնները, տէրութիւնները բռնում են նախընթաց տէրութիւնների տեղը, որ երբ իրանց հերթը անցնէ, դարձեալ իջնեն ասպարիզից ու հետևեալին տեղ տան...
1868 թուին աքսորվեցաւ Իզաբելլա թագուհին։ Կազմվեցաւ մի ժամանակաւոր տէրութիւն, գումարվեցաւ Ազգային ժողովը (կորտէսներ), սկսվեցան անվերջանալի վիճաբանութիւններ թէ ինչ քաղաքական ձև պիտի ընդունի պետութիւնը՝ հանրապետական կամ միապետական, և եթէ միապետական լինի, ո՞ւմ հրաւիրել, թագաւորութիւն անել։ Ցանկացողներ շատ կային և իւրաքանչիւրը իր կուսակիցներ ունէր։ Ֆրանսիան և Պրուսիան մինչև անգամ նրանցից մէկի համար կռւեցան, կամ գոնէ սկզբում ձևացնում էին, որ նա էր պատերազմի առիթ տուողը։
Երկու տարվայ ընթացքում Կօրտէսները մտածում էին այդ հարցի վերա և վերջապէս վճռեցին՝ հրաւիրել Իսպանիայի գահը Իտալիայի Վիկտօր- Էմանուէլ թագաւորի որդուն Ամէդէյին։ Դեկտեմբերի 30-ին 1870 թ. Ամէդէյ ոտքը կոխեց Իսպանիայի հողի վրա,— և դարձաւ Իսպանիայի թագաւոր։ Բայց նրա առաջին քայլերը այդ նոր ասպարիզում, հանդիպեցան անյաղթէլի արգելքներին։ Նրա դէմ էր կաթօլիկ-մոլիռանդ հոգևորականութիւնը, չը կարողանալով նրան ներել, որ նա Իտալիայի թագաւորի որդին է, այն մարդու, որ զրկեց պապին աշխարհական իշխանութիւնից, բոլոր երկիրներից և վերջը սեփականացրեց իրան Հռօմ քաղաքը և սուրբ հօրը գերի բռնեց Վատիկան պալատի մէջ։ Նրա դէմ էին այն ամենքը, որք իրանց վիրաւորուած էին համարում, տեսնելով գահի վրա ոչ թէ մի իսպանացուն այլ մի օտարազգիին, մի իտալացուն,— կարծես թէ Իսպանիան մի և նոյն դրութեան մէջ չէր լինի, եթէ գահի վրա մի իսպանացի լինէր, կարծես թէ ֆրանսիացիք շատ բաղդաւոր էին, որ Նապօլէօնը ֆրանսիացի էր։ Նորա դէմ էին հանրապետականները, որք նրան չէին կամենում ոչ իտալացի լինելու, կամ իսպանացի չը լինելու պատճառով, այլ նրա համար միայն, որ նա թագաւոր էր,— „մեզ ոչ մի թագաւոր հարկաւոր չէ,“ ասում էին նոքա։ Նրա դէմ էին այն ամենքը, որք իրանց կանդիդատներ ունէին։ Մինչև որ աստիճան զարգացած էին զանազան կուսակցութիւնները, նրանից է երևում, որ նրանց թիւը հասնում էր 15-ի, իսկ ո՜ր աստիճանի զօրեղ էր նրանց ընդիմադրութիւնը թագաւորի վերաբերութեամբ,— երևում է հետևեալ դէպքից՝ նորերումս թագուհին երեխա է բերել, բայց ահագին դժուարութիւնով կարողացան
ծափահարեցէ՛ք, ու շուացրէք մէկ մէկու, բայց վերջը՝ աղքատ մնացէք...
Աղքատ կը մնայինք, եթէ այժմեան տեղական պարբերական թերթերը չը հարստացնէին մեզ — իրանց ընդհանուր նպատակից շեղված նիւթերովը։
Վրաց Օրագրութեան մասին բան չեմ ասի, որովհետև, ոչ նրանց այբ-ժէ-ճէ-ռան գիտեմ, ոչ բեն-ինի-մեն-սիմը։ Բոլոր իմացածս միայն էն է, որ ամէն մի դէպքում, երբ իմ սիրական ազգի վերաբերութեամբ յօդուածներ են տպում, պէտք է խօստովանած, որ էդ գրուածներից, հայութեան քնթի համար անախորժ հոտ չէ փչում...։ Իսկ ինչ որ վերաբերում է ռուս պարբերական թերթերին, օ՜ օ՜... ես սիրահարուած եմ դրանց բազմակողմանի և հարուստ — յայտարարութիւնների վերայ...։ Քու դուշմանը, ի՞նչ կը լինէր մեր հասարակութեան հալը, եթէ էդ թերթերը, իրանց էջերը չը լքցնէին — ծախուող տների, վարձու տալու հիւրանոցների, մագազինների, հաւանի ցիգարների, դիպլօմաւոր ձիանների (лошадъ получившій хорошій атостать) տանիցը փախած, կամ տիրոջը կորցրած պուդէլների, (արիստօկրատ շների) տուալէտի դմակների, առջերին գետին փռող որսորդական հրացանների, իրանց երկրում սափրիչութիւն, իսկ մեր երկրում մանկավարժութեամբ պարապող ֆրանսիացիների, demi-monde-ի գերդաստանում զարգացած գուվէրնանտկաների, տասը տեղից դուրս արած, բայց էլի նոր տեղ պտտող իմէրէլ ծառայից — յայտարարութիւնների...
Կան և ուրիշ տեսակ յայտարարութիւններ, որք են։ Գիշերօթիկ դպրոցների,— որտեղ ոչ ոք բան չէ՛ սովորում, բժշկատան (լէչէբնիցա ասուածի)— ու շատ քիչն են առողջանում, ռուսաց թատրոնի,— որտեղ չեն ման գալի, փոխատու ընկերութեան,— որ ամէնքի համար չէ մերձենալի...
—Էլ ուրիշ բան կա՞յ թէ չէ։ —Կա՛յ, ի՞նչպէս չէ։ Միայն մէկ հարցի վերաբերութեամբ «քառասուն հատ առաջնորդող յօդուած գրվեցաւ» երևի այն նպատակաւ, որ հասարակութիւնը, քառասուն հատ եգիպտոսեան բուրջեր կանգնացնի ի փառս և ի պարծանս յիշեալ լրագրի renomee-ին...։ Նորերումս լսեցի, թէ էդ բուրջերի համար, ստորագրութիւն է բաց եղել „Голосъ“ լրագրի խմբագրատնում իսկ շինուածքի պարագայքն էլ (մասալէքը) մեր քաղաքի մէջը յարմար և վայելուչ տեղ չը լինելու պատճառաւ, պէտք է հաւաքուի — Բուխարիայի անապատում....
—Իսկ հայ օրադրութի՞ւնը... —Հայ օրադրութեան մասին բան չեմ ասի։ Նա „դեռ չէ մտել՝ աւազան, որ ձեռին բռնել տանք գաւազան“ թէև, ճշմարիտը ասած, գաւազանի կարօտութիւն ունի։ Բան է, եթէ ռուսահայոց գրականութիւնը, չափազանց հարստանայ կենդանի հարցերի չափազանց աղքատութեամբ, էդպիսի հարկաւոր դէպքերում, աղքատի պէս թող գաւազանը ձեռին դռնէ դուռը ման գայ, ու մուրացկանութիւն անէ....
Թող հետևի Պօլսու, մեր հայ եղբայրց օրինակին։ Նրանք ի սկզբանէ անտի հէնց մի գլուխ մուրացկանութիւն են անում։ Բայց ո՞ւմնից։ Ի հարկէ, մեզնից ոչինչ չէին խնդրի, որովհետև մենք ոչինչ չունենք տալու։ Կարծիք չը կայ, որ — Եւրօպացիներից։ Էֆէնդի Այրին՝ դուր եկաւ Դիւման,— իսկոյն թարգմանեց. Էֆենդի Բենին Էլ Հիւդօն — իսկոյն հրատարակեց։ Մի ուրիշ Էֆենդու Էլ Թիերի ճառերը — ամբողջապէս տպեց... Մի բան միայն դուր չեկաւ այրից սկսած, մինչի այբ-ծա-աստուած, ինի-մեն-իմ — էֆէնդիներին, որ հայութեան պահանջմունքին յարմար, ինքնուրոյն, մտաւոր արդիւնաբերութեանը ձեռնամուխ չեղան։ Երևի այն պատճառաւ, որ ձեռները չը հասաւ...։ Շատ բարի։ Գոնեա թարգմանութիւնների մէջ թող ընտրութիւն անեն։ Փառք աստծու՝ մէկ մէկու յետևից հրատարակուող բազմաթիւ հատորներով գրեանքը հաստատում են, թէ՝ Պօլսու մեր հայ եղբարց ընթերցասիրութեան տոպրակը, շատ մեծ է, կարող է շատ բան մուրալ, շատ բան տանել։ Որքան էլ որ կամենային մեզ յուսահատեցնել խաւարասերները, այնուամենայնիւ, հոգով, սրտով, գլխով և ուղեղով համոզուած եմ, որ ընդհանուր քաղաքակրթեալ ազգերի զարգացման կայծերը արդէն երևում են մեր կեանքի մէջ։ Դա միայն ժամանակի հարց է դառել, որ գիտութեան այդ կայծերից բոց առաջանայ...։ Մենք յուսով ենք, որ առաջին հրդեհը Պօլսոյ հայերը կը գցեն...։ (Նրանք հրդէհների սովոր են...)
Մի բանից միայն վախենում են, որ Ալէքսանդր Դիւմանի, և դրա նման հեղինակների քամիքը հանգցնեն գիտութեան այդ կայծերը...։ Էդպիսի գրեանքը որքան տպվում են, դրանք ունեն միայն ճաշակի արժանաւորութիւն, իսկ հայութեան պահանջմունքները յագեցնել չեն կարող...։ Աֆիօնը խմելուց յետոյ, երբ մարդու ջղերը բոլորովին թուլանում է...։ Էդ հեղինակների գրեանքը պէտք գգայ,— խօսկ չը կայ (!!!) Pour passer le temps ահա դերապատիւ Դիւմայի հարւրաւոր հեղինակութիւնների ամբողջ կրիտիկան, թէև պէտք է խոստոուանած, որ էդ գրքերում, ինչ ասես մէջը կայ. հրեշտակ, սատանայ դժոխք, կայծակ, արիւն և այլ էդպիսի բաներ...։ Երբ որ բանը մուրալուն է ընկել,— թող մուրանք բան չկայ։ Երբ որ պէտք է պասերս կոտրենք, թող թանէ սպաս չուտենք, որ գիտութեան քաղցածութիւնից մեռնող հայերիս սնունդ կարողանայ դառնալ։ Իսկ pour passer le temps (ժամանակ անցկացնելու համար) իմ մեծապատիւ էֆենդի՛ք, կամ ձեր հռչակուած բաղանիքները գնացէ՛ք — հռչակուած մեղքերդ (եթէ ունէք միայն...) իստակելու համար, կամ Բօսֆօրի գեղեցկութեամբը սիրահարվեցէք,— մէկ մէկու ատելու փոխարէն, կամ ձեր հիւանդանոցի մեռելներին թաղեցէք,— բան չունենալու աղաղաւ և կամ եթէ էդքան բաները հերիք չէ, էլի Բ. Դռան, ամէն մի կարգադրութիւնը, ամէն մի վէզիրի ու ոստիկան փաշայի իմաստութիւնը գովեցէք, որից պարզ կերևայ (!!) թէ՝— Տաճկաստանը, աշխարհիս մէջ՝ ամէնից զարգացած և քաղաքակրթեալ տէրութիւնն է...։
- ↑ Այդ տեղից և պէտք է անցկացնեն ջուրը քաղաքի մէջ։