Այս էջը հաստատված է

ձեռքը: Ապա դառնալով քրոջս, խորին հարգանքով ողջունեց նրան համեստությամբ թույլտվություն խնդրելով՝ որ շնորհավորե նրան յուր եղբոր գալուստը։

Քույրս մատույց պատվելիին յուր անկեղծ շնորհակալությունը ընդ նմին և ուրախություն հայտնելով, որ նա բարեհաճել էր յուր այցելությամբ իրենց քաղաքը պատվելու։

Բանից երևաց, որ պատվելին այս փոքրիկ քաղաքի բոլոր հայ ընտանիքներից սիրված մի անձնավորություն էր, բացի նորատի աղջիկներից, որոնք, ինչպես ինձ օրիորդ Մարանջյանը ասաց, շատ չէին ախորժում նրա հոգևորական զգացմունքներով տոգորված կավալերությունից, որը նա ի դեպ և տարադեպ առաջարկում էր նրանց։

Սեղանը արդեն պատրաստ էր և մենք պետք է ճաշի նստեինք։

— Դուք, անշո՛ւշտ, կներեք մեզ, տիկիննե՛ր և պարոննե՛ր,— ասաց պատեր-Սիմոնը հրավիրյալներին,— որ մենք երկու նորեկ հյուրերս միասին նստենք։

Այս ասելով նա բռնեց իմ ձեռքից և տարավ նստեցրեց ինձ յուր համար պատրաստված բազկաթոռի կողքին։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին և ամեն ոք յուր շրջապատով սկսեց զբաղվիլ, պատեր֊Սիմոնը շարունակեց խոսել ինձ հետ, բայց այնպես կամացուկ որ, մեր դրացիներից ոչ ոք նրան լսել չէր կարող։

— Գիտե՞ք, սիրելիս, երբ ես այսօր ձեզ առաջին անգամ մեր օրիորդների հետ տեսա, մի փոքր վախեցա. դուք մի վիրավորվիք այս խոսքից, խնդրեմ, բայց խոստովանեցեք, որ կարող էի վախենալ։

— Ինչո՞ւ համար, պատվելի՛,— զարմացմամբ հարցրի ես։

— Ա՜ , դուք խո չե՞ք մոռացել երեկվա պատմությունը։

Ես որքան էլ որ անբնական դրության մեջ էի, այսուամենայնիվ լավ հիշում եմ, որ ձեզ հետ շատ անվայել վարվեցա։ Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում։

— Թողեք, աղաչում եմ. այդքան փոքրոգի մարդ մի կարծեք ինձ,— պատասխանեցի ես,— դուք ինձ ոչնչով չեք վիրավորել: Ինչո՞ւ համար եք ներողություն խնդրում։