—Օ՛, ինչպե՞ս չէ. մի հարգելի երիտասարդի առաջ նստել արբած դրության մեջ… անտեղի կատակներ անել… սա իհարկե անվայել բան է իմ աստիճանի համար, դուք ինձ պետք է ներեք…
Այս խոսքերից հետ պատվելին խոնարհեց աչքերը և այնպիսի մի արտահայտություն տվավ յուր երեսին, որ ես կամա ակամա մի խորին պատկառանք զգացի դեպի նրա համեստ և իրավամբ հոգևոր անձնավորությունը:
—Ես երեկվա անցքերից ոչինչ չեմ հիշում, պատվելի, և շատ խնդրում եմ, որ չանհանգստանաք իզուր տեղը. դրանով արդարև դուք ինձ վիրավորում եք: Ես ինքս երիտասարդ մարդ եմ և սիրում եմ ուրախ բնավորությունները: Մի՞թե դուք այդքան ծանր աչքով կնայեիք ինձ վերա՝ եթե ուրախության ժամանակ ինձ արբած տեսնիք:
Երբե՛ք, երբե՛ք, սիրելիս: Ես բծախնդրությունը չեմ սիրում:
—Ուրեմն միևնույնը կարծեք և ինձ. մանավանդ որ ես հին սերունդին չեմ պատկանում:
—Այո՛, այդ վերջին հանգամանքը չպետք էր մոռանալ, — հարեց պատվելին և յուր անձեռոցի ծայրը սկսավ ամրացել օձիքի մեջ: Ապա դառնալով դեպի ինձ շշնջաց ավելի ցած ձայնով.
—Բայց դուք գիտե՞ք, թե ես ինչու համար էի ասում, թե` «վախեցա երբ ձեզ մեր օրիորդների հետ տեսա»:
—Ո՛չ, ես այդ կամենում էի հարցնել ձեզանից:
—Այ թե ինչո՞ւ համար: Դուք չեք ճանաչում այստեղի աղջկերանց: Համեստությունը նրանց համար անծանոթ բան է: Ինձ տեսնելով նրանք կարող էին կատակաբանել իմ մասին, իբրև թե ձեզ զվարճացնելու համար, և դուք կարող էիք երեկվան իմ դրությունը անգիտությամբ նկարագրել նրանց առաջ: Այդ ի՛հարկե լավ չէր լինիլ: Նրանք կսկսեին հազար ու մի բաներ ավելացնելով ձեր խոսածների վրա տարածել քաղաքում:
—Բնա՛վ, բան՛վ. և ո՛չ իսկ մի բառ հիշված է ձեր մասին,—ասացի ես, — անհոգ եղեք. և թե նրանք խոսեին անգամ,