Այս էջը հաստատված է

ես դարձյալ չէի ինձ թեթևացնիլ այնքան, որ ընկերանայի նրանց։

—Կեցջի՚ք, խելոք երիտասարդ եք. դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը,— գովեց ինձ պատվելին և գոհ սրտով ձեռք առավ ստամոքսի բարերար գործիքները։

Ես նկատեցի, որ մեր բոլոր խոսակցության ժամանակ Մարգարիտան դիտում էր մեզ և յուր հետաքրքիր հայացքով կարծես ուզում էր թափանցել մեր սրտի խոսքերը, իմանալու համար, թե ինչ ընդհանուր միտք կարող էր զբաղեցնել ինձ և պատեր-Սիմոնին։

Այս հանգամանքը ինձ չափից դուրս հետաքրքրեց. մանավանդ որ սկզբումն էլ նա կասկածոտ հարցեր էր անում ինձ պատերի վերաբերությամբ, ուստի վճռեցի այդ մասին անպատճառ մի բացատրություն խնդրել օրիորդից, երբ մենք միայնակ կլինեինք։

Բայց պ. Լուսինյանը նկատում էր, որ յուր հյուրերը վանական միաբանության վայել լռությություն են պահպանում սեղանի վերա, ուստի սկսավ մեղադրել պատեր-Սիմոնին, որ նա չէ մտածում ժամ առաջ այդ մեծ չարիքի առաջը առնելու։

— Մեր շիշերը բողոքում են ձեր դեմ, պատվելի,— ասաց նա,— կամ դուք հանձն առեք սեղանապետությունը և կամ հանձնեցեք այն այս երիտասարդներից մեկին։

— Ներեցե՛ք, ես չգիտեի, թե ինձ է վերապահված կարգադրելոս իրավունքը,— պատասխանեց պատվելին,—բայց որովհետև դուք ինձ եք տալիս այդ պատիվը, ուստի ես էլ իմ կողմից սեղանապետության պաշտոնը հանձնում եմ մեր ամենասիրելի բարեկամ Բյուրատյանին։

Բոլոր հրավիրյալները նայեցին ինձ վերա։ Նրանցից շատերը սկսան ծափահարել, շնորհավորելով իմ ընտրությունը։ Բայց և մի քանի ինձ անծանոթ երիտասարդներ խոժոռեցին իրենց դեմքերը, որոնք այսուամենայնիվ կրկին զվարթացան, երբ ես բացե ի բաց մերժեցի ընդունել այդ պատիվը՝ իբրև կառավարելու անընդունակ և անսովոր, այնուհետև խոսելու ասպարեզը բացված լինելով սկսան մի քանի ընտրելիներ առաջարկել և վերջնական ընտրությունը մնաց կոկիկ հագնված մի երիտասարդ վաճառականի վերա, որը նստած էր օրիորդների