Շուտով ամեն բան վերջացավ, և հյուրերը խումբ խումբ ցրվեցան տան պատշգամը, բակը և այգին:
Իմ բարեկամ պատեր-Սիմոնը ինքն իրեն մի փոքր երեկվա դրության մեջ զգալով խույս տվավ իմ ընկերությունից և գնաց պ. Լուսինյանի և նրան շրջապատող մի երկու կաթոլիկ հայերի մոտ:
Իսկ ինձ ընկերացան օր. Մարգարիտան և մի քանի վայրկյան՝ նրա մայր: Նրանք երկուսն էլ մեծ շնորհակալություններ էին անում ինձանից, որ այսօրվա իրենց հյուրասիրությունը իմ ներկայությամբ և սեղանապետական հմուտ պաշտոնավարությամբ ուրախ և զվարճալի անցուցի:
Հասնելով հովանավոր ծառի մոտ, տիկին Լուսինյանը նստեց ծառի տակ շինած նստարանին վերա, ուր մեր գալուց առաջ հանգստանում էին նրա մի քանի սիրելի բարեկամուհիները, և հրավիրեց մեզ էլ յուր մոտ նստելու:
— Ես կամենում եմ դեռ մի փոքր զբոսնել, — ասացի ես:
— Եթե այդպես է Մարգարիտան ձեզ կընկերկացի, — պատասխանեց նա, և մենք երիկուսս կամաց կամաց առաջ գնացինք:
Մի քանի վայրկյան մենք լուռ էինք և սպասում էինք: Թե ով առաջինը կսկսեր խոսակցությունը: Հանկարծ միտքս եկավ պատեր-Սիմոնը, որի մասին ուզում էի հարցեր անել օրիորդից: Բայց դեռ ես չսկսած, նա հարցրեց:
— Ասացեք խնդրեմ, դուք բարեկա՞մ եք պատվելիի հետ, և համակրու՞մ եք նրան:
Ամենից առաջ դուք ասացեք, օրիո՛րդ, ինչո՞ւ հարմար եք այդ հարցնում: Պատեր-Սիմոնի վերաբերությամբ արած ձեր այսօրվա բոլոր հարցերի մեջ մի ինչ որ խորհրդավոր գաղտնիք եմ նշմարում. արդյոք դուք չէիք վստահանալ այդ մասին ինձ մի բան հայտնելու:
— Ոչինչ գաղտնիք չկա,— անկեղծաբար պատասխանեց օրիորդը, — ես կամենում եմ, որ դուք նրա հետ բարեկամ լինիք, որպեսզի ազատ մեր տուն գալ—գնալ կարողանաք: Նա իմ հոր սրտի և զգացմունքների վերա իշխում է. և որին որ նա բարեկամ չէ իմ հայրը նույնպես կարող է բարեկամ