Այս էջը հաստատված է

Բայց այս երեկո ես տրամադիր չէի նրանց ընկերանալու: Լուսինյանների խնջույքից ուրիշ ոչինչ ես չէի հիշում բացի Մարգարիտայի այն հայացքը, որ նա ուղղեց իմ աչքերին առաջին յուր կենացի ժամանակ:

Ես զգում էի, որ այդ հայացքը ինձ հալածում էր. ես կամենում էին նրա վերա մտածել... Ուստի հոգնածությունս պատճառ բերելով խույս տվի դեպի իմ ննջարանը: Այդտեղ ես միայն էի, բայց դրանից ավելի միայնության էի որոնում: Կանթեղի պայծառ լույսը կարծես խանգարում էր ինձ, ես նրան հանգեցրի և պատուհանի վարագույրը քաշելով՝ փեղկերը բացի:

Զովարար հովի հետ միասին թափանցեց սենյակիս մեջ լույսնի աղոտ լույսն. և վառ երևակայությանս առաջ նկարվեցան գողտրիկ պատկերներ... Ես տեսնում էի գեղեցիկ Մարգարիտային յուր կրակոտ աչքերով, նա զբոսնում էր հովանավոր ուռենիների տակ. տեսնում էի նրա ժպիտը. որ ծաղկում էր գեղեցիկ շրթունքների վերա և լսում այն քաղցրահնչյուն ծիծաղը, որ պատճառում էին նրան օր. Վարդուհու կատակները: Բայց հազիվ թե ես հիանում էի, և ահա այդ պատկերները տեղի տվին դրական մտածմունքներին: Ես հիշեցի գեղեցիկ օրիորդի խորհրդավոր խոսքերը. «Բարեկամ եղեք պատեր—Սիմոնի հետ, որ ազատ մեզ մոտ գալ—գնալ կարողանաք... Ես կամենում եմ, որ դուք հաճախեք մեր տունը... Ես սիրում եմ ձեր քրոջը...»:

Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը, մտածեցի ինքս ինձ. մի՞թե այդ աղջիկը մի պարզ համակրությունից շատ ուրիշ զգացմունքն էլ կարող էր տածել դեպի ինձ...նա սիրում է իմ քրոջր. բայց մի՞թե այդ սերը մի կապ ունի իմ անձնավորության հետ... Ո՛չ, ես սիրում եմ երազել, կշտամբեցի ինքս ինձ. գողտրիկ զգացմունքները այդքան շուտ չեն տարբերվում: Ես թեպետ այդ չեմ փորձել, բայց այդպես ասում են փորձառու գլուխները:

Այս պատճառաբանությամբ ես հեռացրի իմ գլխից սիրված լինելու ցնորքը. բայց մի միտք իմ զգացման անբռնաբարելի սեփականությունն էր, և ես նրա ճշմարտության