Այս էջը հաստատված է

Ը

ԵՍ ՍԽԱԼՎԱԾ ԷԻ

Հետևյալ առավոտը էլ ինձ ուրիշ բան չէր զբաղեցնում: Ես սպասում էի իմ թանկագին այցելուին: Ո՞ր ժամին կգար նա, ես չգիտեի: Այդպիսի դիպվածում սպասելը անտանելի է. ժամերը օրերի պես են անցնում, և ձանձրույթը վայրկյաններով աճում է: Ժամանակս սպանելու համար ձեռքս արի մի լրագիր, որը դեռ նոր էր ստացվել:

Բայց ավա՜ղ, մի հոդվածի խորագիրը միայն կարդալ կարողացի: Մտքերս իսկույն ցրվում էին, և ես մի բան հասկանալու համար նրանց չէին կարողանում ամփոփել: Լրագիրը ձգեցի սեղանի վերա և ինքս ինձ մտածում էի.—— Դեռ երրորդ օրը չէր անցել, ինչ որ ես իմ քրոջ տանն եմ: Որպիսի տանջանոք, որչա՜փ անձկությամբ շտապում էի հասնել այստեղ, ինչպե՞ս ծանր էին անցնում ինձ համար քրոջս ինձանից բաժանող ժամերը: Ես եկա. և այս երրորդ օրն է, ինչ որ գտնվում եմ նրա մոտ, բայց ես դադարում եմ նրա մասին մտածելուց…

Ինձ ուրիշ մտքեր են զբաղեցնում. մի օտար աղջկա հայացքը, նրա արտասանաց մի քանի բառերը տիրում են այժմ իմ բոլոր գոյությանը, իմ ուղեղի և սրտի վերա...

Ինչով բացատրել այս գղտնիքը, եթե ոչ խոստովանելով բնական օրինաց զորությունը, որի առաջ մարդկային հանճարը խոնարհեցնում է յուր երբեմն ապստամբ դրոշակը...

Ժամը տասը և մեկը զարկավ. ո՛չ ոք չէր երևում: Իմ ահանգստությունը սկսավ կրկնապատկվիլ: ես մերթ դուրս էի գալիս պատշգամբ, մերթ իջնում էի փողոց, և ամեն անգամ էլ երկար աչքս տնկում դեպի այն կողմը, որտեղից պետք է երևա Մարգարիտան:

— Մի՞թե նա կարող էր այսքան ուշանալ, գուցե նրան մի դժբախտություն է պատահել,—դառնալով քրոջս մոտ հարցրի նրանից:

— Նա ուղիղ ժամը տասներկուսին կգա, անհոգ եղիր.