Այս էջը հաստատված է

այստեղ այդ ժամերումն են այցելություն գնում, — միամտրացրեց ինձ քույրս և ապա դառնալով նայեց իմ աչքերին և ուրախ-ուրախ ծիծաղեց:

—Ինչո՞ւ համար ես ծիծաղում, — հարցրի ես:

— Նրա համար՝ որ տեսնում եմ, թե Մարգարիտան քեզ շատ է գրավել, և դու նրա մասին շատ ես հոգում: Տեսնո՞ւմ ես, — ավելացրեց նա, — մեր քաղաքը այդպես է հափշտակում երիտասարդ տղաների խելքն ու միտքը, մանավանդ, երբ նրանք քեզ նման անփորձ են:

—Բնավ. մի՞թե դու կարծում ես, թե ես նրանով շատ եմ հետաքրքրվում, ես միայն մեքենայաբար խոսեցի նրա մասին:

Այս խոսքերով ես կամեցա խույս տալ իմ քրոջ սրատեսությունից, բայց իմ շառագունելս մատնում էր նրան իմ սրտի գաղտնիքը...

Վերջապես օր. Մարգարիտան եկավ յուր մոր հետ միասին. ես մինչև փողոց գնացի նրանց դիմավորելու: Օրիորդը նույնաչափ ուրախ էր երևում յուր այցելությամբ, որչափ և ես նրան տեսնելով: Հասնելով տուն սկսանք մեր սիրալիր բարեկամության փոխադարձ խոստովաննությունները: Մի օրվա տեսակցությունը այնչափ էր մեզ մոտեցրել միմյանց, որ տիկին Լուսինյանը ինչպես յուր ամենամոտ հարազատի հետ էր խոսում ինձ հետ, ծիծաղում և կատակներ անում: Այս հանգամանքը ինձ ներքին ուրախություն էր պատճառում և ես տեսնում էի, որ Մարգարիտան նույնպես բաժանում էր միևնույն զգացմունքը: Նա առհասարակ շատ քիչ էր խառնվում ընդհանուր խոսակցության մեջ, բայց յուր գեղեցիկ աչքերը անընդհատ սևեռում էր ինձ վերա, և ես նրանց մեջ այս անգամ պարզ կարդում էի յուր գողտրիկ զգացմունքը արտահայտող շատ մի խոսքեր:

Սուրճ անելուց հետ մենք բոլորս միասին պիտի գնայինք քազաքային այգին, որը թեպետ շատ մոտ էր իմ քրոջ տանից, բայց ես դեռ չէի տեսել:

Օրը կյուրակե լինելով ամբողջ քաղաքը գրեթե հավաքված էր այդտեղ: Երիտասարդ տիկնանց և օրիորդների բազմությունը մանավանդ աչքի ընկնելու չափ էր: Քույրս, որ արդեն խելամուտ էր իմ զգացմունքներին. չնայելով, որ