ես նրան այդ մասին ոչինչ չէի խոսացել, դիտմամբ կամեցավ Մարգարիտայի հետ ինձ միայնակ թողնել, ուստի տիկին Լուսինյանին վերցնելով առաջ անցավ: Շուտով նրանք խառնվեցան իրենց ծանոթ մի խմբակի հետ և շրջեցան մի ուրիշ կողմ: Մենք մնացինք միայն, և կամաց-կամաց առաջ էինք գալիս: Երբ մտանք մի նեղ ճեմելիք, ուր մեզանից զատ ոչ ոք չէր զբոսնում, Մարգարիտան սկսավ խոսիլ:
—Ես չեմ սիրում զբոսնել այստեղ տոն օրերը, — ասաց նա, — մարդիկների խառնիճաղանճ անցուդարձը ինձ նեղացնում է:
—Երևի դուք միայնություն շատ եք սիրում, — հարցրի ես:
—Օ՜,ամեն բան կզոհեի՝ եթե թույլ տային ինձ միշտ միայնակ մնալու: Ես սիրում եմ միայնությունը, սիրում եմ երբ ոչ ոք չէ խանգարում իմ մենավոր մտածմունքները:
—Մի՞թե այդպիսի ժամանակ ամեն ընկերություն անտանելի է ձեզ համար:
—Գրեթե ամեն ընկերություն:
—Եթե մինչև անգամ գտնվեր մեկը, որ կարողանար բաժանել ձեր գաղափարները, ձեր համոզմունքները և վերջապես ձեր զգացմունքները...
Այս խոսքի վերա Մարգարիտան շրջեց երեսը, խորհրդավոր կերպով նայեց ինձ և եռանդով պատասխանեց.
—Ես մինչև այսօր այդպիսի ընկեր չեմ ունեցել. ես ծարավ եմ այդ տեսակի հոգիների ընկերակցության: Բոլոր շրջաններում, ուր որ մի անգամ ես ոտք եմ դրել, դատարկություն և ամայություն է տիրում: Այստեղ ես աղջիկներից ընտրեի իմ գաղափարակիցը և մտերիմը. բայց ավա՜ղ, դատարկությունը ավելի նրանց մեջ է զգալի. նրանք կամ ինձ չեն հասկանում և կամ ծաղրում են...
—Եթե դուք գտնեք այդ ընկերությունը մի երիտասարդի մեջ, որ ընդունակ լիներ ձեզ հասկանալու, դուք կմերժեի՞ք նրան ձեր ընկերակցությունը, — հարցրի ես ժպտալով:
—Ինձ համար միևնույն է. ես չեմ խորշում մարդիկներից — պատասխանեց նա սառնությամբ: — Դուք անշուշտ հիշում եք, որ ես երեկ առաջարկեցի ձեզ հաճախել մեզ մոտ: