Այս էջը հաստատված է

Ես երբեք չեմ շտապում. մի՛ պահանջեք ինձանից այն, ինչ որ ես չեմ կարող ձեզ տալ առանց կատարյալ վստահության: Իմ բոլոր ձեռնարկությանց մեջ ինձ առաջնուրդում են՝ իմ գիտակցությունը և համոզմունքը: Ապացույցներն անգամ արժեք չունին իմ առաջ, որովհետև նրանց ամեն գնով և ամեն տեղ կարելի է ձեռք բերել:

— Դուք շատ խիստ եք, օրիո՛րդ, — բացականչեցի ես — հավատացե՛ք, որ երբեք չէի հանդգնիլ մոտենալ ձեզ, եթե չզգայի իմ մեջ բավական ուժ ձեր բոլորանվեր ջերմեռանդությամբ պաշտելու համար… բայց և այնպես ես չեմ կամենում ձեր սերը մուրանալ, որովհետև երբեք չէի հոժարիլ, որ մի մուրացողին պատկաներ ձեր սիրտը, որին ես այնքան մեծագին եմ դավանում:

— Դուք կարող եք իշխել այդ սրտի վերա, եթե կամենաք, — հակիրճ պատասխանեց Մարգարիտան և իմ ձեռքս ամուր սեղմելով հեռացավ: Ես ուրախությունից մի վայրկյան անզգայացա: Երբ դիմեցի պարահանդեսի դահլիճը, նա արդեն խառնվել էր օրիորդների խմբի մեջ:

{{Կենտրոն|

Ժ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽՆԱՄԱԿԱԼ

Հետևյալ առավոտը Մարգարիտայի աղախինը եկավ մեր տուն: Սա մի երիտասարդ աղջիկ էր, բարի և համակրական դեմքով: Մտնելով սենյակը նա հանձնեց ինձ մի նամակ, ավելացնելով, յուր տիրուհին խնդրել էր ինձ գնալ իրենց մոտ: Ես շտապով ծրարը բացի. նրա մեջ օրիորդը ներփակել էր հետևյալ տողերը.

«Հարգելի բարեկամ.

Ես մոռացա մի քանի տեղեկություններ հաղորդելու ձեզ: Այսօր և եթ անհրաժեշտ է, որ իմ սխալը ուղղեմ: Նամակն ստանալուն պես բարեհաճեցեք շնորհ բերել մեզ մոտ: Ձեր ուշանալը կարող է խանգարել իմ դիտավորությունը:

Ձեր աղախին՝ Մարգարիտա Լուսինյան»: